Խնձորի քացախ, թերևս, կարելի է գտնել յուրաքանչյուրիս խոհանոցում․ այն սովորաբար համբերատար ու աննկատ սպասում է, թե երբ կկիրառվի որևէ ուտեստ կամ թխվածք պատրաստելիս, իսկ երբ հասնում է իր հերթը, ուտեստին ու թխվածքին հաղորդում է այն համը, որն առանց քացախի մի փոքր անկատար կլիներ։
Մենք առանձնացրել ենք խնձորի քացախի այն օգտակար հատկությունները, որոնց մասին իմանալուց հետո ձեր տանն այս մթերքն այլևս ստիպված չի լինի երկար սպասել իր հերթին։
Խնձորի քացախն էնզիմներով ու պրոբիոտիկներով հարուստ ֆերմենտացված մթերք է, որը ստացվում է խնձորի խմորման արդյունքում։
Թեև կան աղբյուրներ, որոնք հավաստիացնում են, որ խնձորի քացախը պարունակում է այնպիսի սննդանյութեր, ինչպիսիք են վիտամին С-ն, В խմբի վիտամինները, մագնեզիումը և կալիումը, սակայն այդ տվյալները չեն ապացուցվել։ Քացախի գլխավոր առավելությունը առողջության համար օգտակար հակամիկրոբային միացություններն են՝ քացախաթթուն և կիտրոնաթթուն։
Կարդացեք նաև
Խնձորի քացախը նաև պարունակում է կիտրոնաթթու, մրջնաթթու, կաթնաթթու և սաթաթթու, ինչպես նաև հակաօքսիդանտներ, ինչպիսիք են կոֆեինաթթուն, քլորոգենաթթուն, կատեխիննները, էպիկատեխինը, գալլաթթուն, որոնք պայքարում են բորբոքային գործընթացներ հարուցող օքսիդացման սթրեսի դեմ։
Եվ այսպես, խնձորի քացախը նպաստում է՝
Քաշի կորստին
Bioscience, Biotechnology and Biochemistry ամսագրում հրապարակված հետազոտության տվյալներով խնձորի քացախն օգնում է ազատվել ավելորդ քաշից ու ճարպից։ Հետազոտությունում ճարպակալում ունեցող 144 ճապոնացի 12 շաբաթվա ընթացքում ամեն օր 1-2 ճաշի գդալ քացախ կամ պլացեբո-ըմպելիք է օգտագործել։ Բացի ալկոհոլից, հետազոտության մասնակիցները սահմանափակումներ չեն ունեցել ուտելու և ֆիզիկական ակտիվության հարցում։
Պարզվել է, որ օրական 1-2 ճաշի գդալ քացախի օգտագործումը դրական է անդրադառնում քաշի կորստի և մետաբոլիկ համախտանիշի խանկարգելման վրա։
Բերանի տհաճ հոտից ազատվելուն
Եթե ատամների ճիշտ և կանոնավոր մաքրումը չի օգնում ազատվել բերանի տհաճ հոտից, ապա գուցե մարսողական համակարգի աշխատանքը ստուգելու և սննդակարգը վերանայելու ժամանակն է։
Մարսողության կարգավորման եղանակներից մեկն էլ բջջանյութով հարուստ սննդակարգին անցնելն ու շաքարով և ածխաջրերով հարուստ մթերքներից հրաժարվելն է։
Որպես երկրորդային միջոց կարող եք դիմել նաև խնձորի քացախով ողողումների օգնությանը՝ ատամները մաքրելուց հետո բերանը ողողելով քացախաջրով, որից հետո անպայման ցողեք բերանը մաքուր ջրով՝ ատամներից թթուները մաքրելու համար, քանի որ դրանք կարող են վնասել էմալը։
Խնձորի քացախի ամենօրյա օգտագործումը կօգնի վերացնել բերանի խոռոչի մանրէները, ազատվել բերանի տհաճ համից և հոտից ու լեզվի վրա առաջացող փառից։
Օգնում է քթի փակվածության դեպքում
Հարբուխի, սինուսային ինֆեկցիայի ու սեզոնային ալերգիայի առաջին նախանշանների դեպքում քացախը կարող է օգնել ազատվել քթի փակվածությունից ու նվազեցնել լորձի քանակը։ Քացախի հակամիկրոբային հատկությունները կանխում են մանրէների բազմացումը։ Քիթը մաքրելու համար խնձորի քացախը կարող եք օգտագործել հետևյալ եղանակներով՝ խմելով որպես օրգանիզմը տոնուսավորող միջոց (ավելացնելով 1-2 ճաշի գդալ քացախ 300 մլ ջրին) կամ քթի խոռոչի լվացումներ կատարելով, որի համար 150 մլ գոլ, թորած ջրին ½ -1 թեյի գդալ քացախ ավելացրեք և օրը 1-2 անգամ լվացեք քթի խոռոչներն այդ լուծույթով։
Դադարեցնում է զկռտոցը
Հաճախ զկռտոցն անցնում է խնձորի քացախի թթու համի ազդեցությամբ։ Այդ նպատակով 200 մլ ջրին խառնեք 1 թեյի գդալ քացախ ու արագ խմեք։
Օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը
CNN Health լրատվամիջոցի համաձայն, կան տվյալներ, որոնք վկայում են, որ քացախի, այդ թվում խնձորի քացախի օգտագործումն օգնում է վերահսել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը դիաբետի ու սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգի կարևոր գործոն է համարվում։
Օգնում է ստամոքսի խանգարումների դեպքում
Քացախն օգնում է ինչպես այրոցի, այնպես էլ ստամոքսի խանգարումների դեպքում։ Լավագույն տարբերակը 200 մլ թորած ջրին 1-2 ճաշի գդալ խնձոր քացախ ավելացնելն է։
Խնձորի քացախը թեթևացնում է ստամոքսի խանգարումների ախտանշանները, քանի որ պարունակում է՝
- Էնզիմներ, որոնք ստացվում են խնձորի քացախի խմորման արդյունքում, խթանում են մարսողությունը՝ նպաստելով մթերքների ճեղքմանն ու յուրացմանը։
- Քացախի թթվայնությունն օգնում է պահպանել ստամոքսի թթվահիմնային հավասարակշռությունը, ինչը կարևոր է հանքանյութերի մշակման համար։
- Քացախաթթուն օգնում է ազատվել փքվածությունից ու գազերից, նպաստում հանքանյութերի, սպիտակուցների յուրացմանը։
Հանգստացնում է ոտքերի հոգնածությունը
Եթե պարբերաբար ոտքերի ցավոտ ջղակծկումներ եք ունենում, դա կարող է հուշել օրգանիզմում որոշ հանքանյութերի յուրացման հետ կապված խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ օրգանիզմում pH-ի անհավասարակշռության պատճառով։ Երբեմն հնարավոր է լինում թեթևացնել ջղակծկումները քացախաջուր խմելով։
Թեթևացնում է կոկորդի ցավը
Թեև խնձորի քացախը չի բուժում կոկորդի ինֆեկցիան, բայց օգնում է թեթևացնել ցավը, գրգռվածությունը։ Կոկորդի ցավը սկսվելուն պես կարող եք ողողել կոկորդը գոլ ջրում լուծված խնձորի քացախով, ըստ ցանկության լուծույթին ավելացնելով 1 թ․ գդալ մեղր, կիտրոնի հյութ։
Քացախը կարող եք օգտագործել նաև մրգերն ու բանջարեղենը լվանալու, ինչպես նաև խոհանոցի և սանհանգույցի տհաճ հոտերի չեզոքացման համար։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ սննդաբան Ջոզեֆ ՄԱՐԿՈԼԱ