Սկիզբը՝ այստեղ:
Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելը` պաշտոնական Անկարայի դիրքորոշումն ու որոշումն է եղել, եւ մինչեւ այսօր այդ որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ
«Մենք առանձին՝ մեկ կաթիլ ենք, միասին՝ օվկիանոս: Սա օր է, երբ մենք մի կողմ ենք դնում էթնիկական, ազգային եւ կրոնական պատկանելությունն ու մարդասիրության եւ մարդկային համերաշխության բարձրագույն մակարդակի ենք հասնում, որպես նույն Աստծո զավակներ: Աստված օրհնի բոլորիդ»: Սա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի թվիթերի գրառումն է, որով նա շնորհակալություն էր հայտնել Թուրքիայում ավերիչ երկրաշարժի կապակցությամբ մարդասիրական օգնություն տրամադրելու եւ աղետի գոտի փրկարարներ գործուղելու Հայաստանի որոշման համար: Նա արձագանքել էր կարգավորման գործընթացի հայկական կողմի ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գրառմանը, որով վերջինս հայտնում էր, որ հայ փրկարարները կարողացել են եւս երկու ողջ մարդու դուրս հանել փլատակներից: «Մարդասիրական օգնությունը ճիշտ քայլ է, նորմալ քայլ է, լայնածավալ արհավիրքների օրերին բոլոր պետությունները պետք է միմյանց օգնեն»,- նշել էր Ռուբինյանը:
Այս գրառումից մեկ օր անց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Թուրքիա, այդ երկրի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպեց, ինչպես նաեւ այցելեց երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող Հայաստանից մեկնած փրկարարական խմբին:
Կարդացեք նաև
Եթե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցում պաշտոնական Երեւանը, երբեմն, ինչ-որ դիրքորոշում արտահայտում է, օրինակ, որ Հայաստանը դեմ է «միջանցքային» պահանջներին, ապա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատելի է, որ պաշտոնական Երեւանն առհասարակ ամեն ինչ դրել է մի կողմ, եւ անհամբերությամբ սպասում է, թե երբ Թուրքիան կբարեհաճի բացել Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ու դիվանագիտական հարաբերություններ կհաստատի մեր երկրի հետ:
Բանը հասավ նրան, որ անցյալ շաբաթ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանը` «ցանկացած պահի պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը եւ հարաբերությունների կարգավորմանը»։ Ապա հավելեց. «Պայմանավորվածություն է եղել, որից մեկը՝ Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացումն է։ Հայկական եւ թուրքական կողմը քննարկումներ են անցկացնում, եւ կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ` հույս ունենալով, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա»։
Մինչեւ 2020թ. Հայաստանում քիչ թվով մարդիկ, կամ սակավ խմբեր կարելի էր գտնել, որոնք դեմ լինեին Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Այսօր պատկերն այլ է. մի կողմից այսօրվա Թուրքիան դա 15-20 տարի առաջվա Թուրքիան չէ, եւ ամենակարեւորը, ակնհայտ է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականությանը պաշտոնական Անկարան ամբողջությամբ սատարում է:
Թուրքիան ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ իր կամքով փակեց Հայաստանի սահմանը` դրսեւորելով Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք: Հայաստանի ներկայիս իշխանություններին թվում է, եթե նրանք հայտարարեն, որ պաշտոնական Երեւանը «ցանկացած պահի պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը», դա բավարա՞ր է, որպեսզի Թուրքիան բացի սահմանը:
Նախ` իրենք փակել են, թող իրենք էլ բացեն: Եվ հետո, պաշտոնական Երեւանի համար դեռ հստակ չէ՞, թե ինչու է փակվել այդ սահմանը եւ ինչո՞ւ է այն մինչեւ հիմա փակ: Չէ՞ որ պաշտոնական Անկարան այդ հարցում մշտապես մաքսիմալ անկեղծ է եղել:
Հետեւաբար, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելը` պաշտոնական Անկարայի դիրքորոշումն ու որոշումն է եղել, եւ մինչեւ այսօր այդ որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ: Ալիեւը քանի՞ անգամ է հայտարարել, թե` «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվել է», Ադրբեջանը վերադարձրել է «կորցրածը», ինչո՞ւ է Թուրքիան շարունակում փակ պահել Հայաստանի հետ սահմանը…
Ինչեւէ, փետրվարի 15-ին Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հանդիպեցին, որից հետո Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով: Միրզոյանը, մասնավորապես, նշեց, թե ինչու է ՀՀ կառավարությունը որոշել աղետալի երկրաշարժից անմիջապես հետո Թուրքիա ուղարկել փրկարարներ եւ հումանիտար օգնություն, ապա հավելեց. «Խորհրդանշական եմ համարում նաեւ, որ շաբաթ օրը շուրջ երեսուն տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանը բացվեց՝ Ադիյաման ուղեւորվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար: Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան, եւ ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադիյաման… Մեր այսօրվա հանդիպումը, իհարկե, պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում, եւս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու եւ, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը եւ ձգտումը»։ ՀՀ ԱԳ նախարարը նաեւ հայտնեց, որ թուրք գործընկերոջ հետ քննարկել են այս գործընթացին վերաբերող որոշ դետալներ. «Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաեւ հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»:
Չավուշօղլուն Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայկական կողմին շնորհակալություն հայտնեց ցուցաբերված զորակցության համար։ «Հայաստանը մեր այս դժվար օրերին մեր մարդկանց բարեկամական ձեռք մեկնեց, համերաշխություն եւ համագործակցություն ցուցաբերեց։ Հայաստանը 1999թ. Գյոլջյուքի երկրաշարժի ժամանակ էլ էր մեր երկիր հումանիտար օգնության պարագաներ ուղարկել։ Հայաստանն էլ է, ցավոք, գտնվում սեյսմիկ գոտում։ 1988թ. Սպիտակի երկրաշարժը դեռեւս հիշում ենք, քանի որ բազմաթիվ մարդիկ զոհ գնացին այդ աղետին։ Այդ երկրաշարժից հետո Թուրքիայի ուղարկած օգնությունն Ալիջանի սահմանադռնով հասցվել էր Հայաստան։ Տարիներ անց կրկին նույն սահմանադռնով այս անգամ Հայաստանի հումանիտար օգնությունը մեր երկիր եկավ։ Եվ պետք է շարունակենք մեր այս համերաշխությունը»։
Չավուշօղլուի խոսքով՝ Հարավային Կովկասում կարգավորման գործընթացը շարունակվում է։ Հայաստանի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացներում տեղի ունենալիք առաջընթացը նպաստելու է տարածաշրջանի խաղաղությանն ու բարօրությանը։ «Իմ գործընկեր Միրզոյանի հետ քննարկել ենք այն քայլերը, որոնք արվելու են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Բացի այդ, նրանից տեղեկություն ստացանք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շարունակվող հանդիպումների, համապարփակ խաղաղության պայմանագրի բանակցությունների վերաբերյալ։ Ես այստեղ հատկապես սա եմ ուզում ասել՝ եթե այս երեք երկրներն անկեղծ քայլեր կատարեն, Հարավային Կովկասում կարող ենք հաստատել երկարատեւ խաղաղություն եւ հանգստություն։ Հատկապես քովիդից եւ ուկրաինական պատերազմից հետո Արեւելք-Արեւմուտք Միջին միջանցքը մեծ կարեւորություն է ստացել»։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերից մեկը, ըստ Չավուշօղլուի` պատմական Մետաքսի ճանապարհի, Մետաքսի ճանապարհի կամրջի վերակառուցումն է։ «9-րդ դարում, ոմանց կարծիքով 10-րդ դարում կառուցված կամուրջը միայն 2 ոտք ունի՝ մեկը հայկական կողմում, մյուսը՝ թուրքական կողմում։ Այդ իսկ պատճառով այս Մետաքսի ճանապարհի կամրջի վերակառուցումը, վերանորոգումը ծայրաստիճան իմաստալից է լինելու։ Այս հարցում էլ միասին աշխատելու ենք։ Մեր ընկերները, հատուկ ներկայացուցիչները եւս առաջիկայում կատարվելիք քայլերի համատեքստում կշարունակեն իրենց աշխատանքները»,- ըստ Ermenihaber-ի՝ եզրափակել է իր խոսքը Չավուշօղլուն:
Անցյալ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի համաժողովում Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը նույնպես անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման թեմային: Նրան հարց ուղղվեց` կա՞ն, արդյոք, հարաբերությունների բարելավման հեռանկարներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, հնարավո՞ր է, որ սարսափելի երկրաշարժն առիթ հանդիսանա հարաբերություններում փոփոխության համար։
«Թուրքիա հումանիտար օգնություն ու փրկարարներ ուղարկելու որոշման հիմքում մենք ունեինք միայն մարդասիրական շարժառիթներ, քանի որ մեր հարեւանությամբ միլիոնավոր մարդիկ էին տառապում, բայց այս ընթացքում մենք թուրքական կառավարությունից բավականին դրական ռեակցիայի ականատես եղանք, եւ եթե այս քայլն ունենա նաեւ քաղաքական հետեւանքներ, դա կլինի էլ ավելի լավ։ Բայց մեր սկզբնական շարժառիթը զուտ մարդասիրական էր, եւ ինչպես մենք հայտարարել էինք, պատրաստ ենք ցուցաբերել այնքան մարդասիրական օգնություն, որքան մեր հնարավորությունները ներում են, եւ մենք պատրաստ ենք դա անել»,-նշեց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է քաղաքական երկխոսությանը, ապա նա հիշեցրեց, որ մինչեւ երկրաշարժը պաշտոնական Երեւանն արդեն հաստատել է քաղաքական երկխոսություն հատուկ ներկայացուցիչների միջոցով. «Ես կարծում եմ, այդ երկխոսությունը շատ կարեւոր է։ Ես նկատի ունեմ համապատասխան մթնոլորտ ստեղծելու առումով, որտեղ այս որոշումները կայացվեցին։ Եվ մենք կարծում ենք, որ այս մարդասիրական երկխոսության կոնտեքստում քաղաքական որոշումներ կայացնելու հնարավորություններն էլ ավելի բարձր կլինեն։ Մենք պատրաստ ենք առաջ շարժվել եւ կարծում ենք, որ դիվանագիտական կապերի հաստատումը Թուրքիայի հետ եւ մեր սահմանի բացումը շատ դրական ազդեցություն կունենան ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի հետ կապված, այլ նաեւ միջազգային իրավիճակի առումով»։
Այսպիսով, ըստ Փաշինյանի` Թուրքիայի իշխանությունների կողմից «բավականին դրական ռեակցիա» է դրսեւորվել, թեեւ ինքն էլ նկատեց` «եթե այս քայլն ունենա նաեւ քաղաքական հետեւանքներ», ապա` «դա կլինի էլ ավելի լավ»։
Սպասենք թուրքական իշխանությունների «քաղաքական հետեւանքների» արտահայտմանը գործողության մեջ:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 22.02.2023