Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարված կրկնակի եւ պատվիրված փորձաքննության արդյունքները խեղաթյուրված են

Փետրվար 22,2023 14:00

Իրավապաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազին

«Հոգեբանների եւ իրավաբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությանն է դիմել Երեւանի Ներքին Շենգավիթ վարչական շրջանի բնակչուհի Ժուլետա Օրդոյանը: Ըստ դիմումատուի տեղեկությունների, պատահարի հետ կապված փորձագետները տվել են ոչ ճիշտ եզրակացություններ, մեղավորը անմեղ է ճանաչվել, իսկ անմեղը՝ մեղավոր: Կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն, մեկ օրինակը տրամադրել «Առավոտին», որից մի հատված ներկայացնում ենք ստորեւ:

2023 թվականի հունվարի 23-ին, առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում, Կենդանաբանական այգի տանող ճանապարհի սկզբնամասում՝ դեպի Նորք բարձրացող ճանապարհի հատման հատվածում դիմումատու Ժուլետա Օրդոյանին սեփականության իրավունքով պատկանող NISSAN FUGA 25 մակնիշի 37DL187 պետհամարանիշի եւ OPEL VECTRA 1. 81 մակնիշի 37NU603 պետհամարանիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Պատահարի արդյունքում, ըստ վնասների գնահատման առաջնային (լրացուցիչ) փորձաքննություն իրականացնող փորձագետի եզրակացության, դիմումատու Ժ. Օրդոյանին պատկանող ավտոմեքենային պատճառված վնասի չափը կազմում է 515 000 ՀՀ դրամ: Ըստ դիմումատուի դիմումի, կից ներկայացված են ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառների թվով երեք փորձաքննական եզրակացություններ, որոնք խիստ հակասական են, անորոշ, անհասկանալի: Դրանք չեն արտահայտում դեպքի իրական նկարագրությունը:

Ըստ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննության թիվ FS 99008155 եզրակացության՝ «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի գործողությունների տեխնիկական վերլուծության, ընդհարման արդյունքում «ՕՊԵԼ» մակնիշի եւ «ՆԻՍՍԱՆ» մակնիշի ավտոմեքենաների վրա առաջացած վնասվածքների տեղակայությունից, բնույթից եւ ձեւից կարելի է նշել, որ «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը աջ շրջադարձ կատարելիս չի երթեւեկել երթեւեկելի մասի աջ եզրին հնարավորինս մոտ: Այստեղ նշենք, որ քննարկվող պայմաններում «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն աջ շրջադարձ կատարելիս երթեւեկելու անվտանգությունն ապահովելու եւ տվյալ ընդհարման առաջացումը բացառելու նպատակով, տեխնիկական տեսանկյունից պետք է ղեկավարվեր «ՀՀ ճանապարհային երթեւեկության կանոնները եւ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 28 հունիսի 2007 թվականի N- 955- Ն որոշման 36 եւ 41 կետերի պահանջներով՝ ՃԵԿ-ի 36 կետ, «… կամ մանեւր կատարելուց առաջ երթեւեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով… Ազդանշանը պետք է տրվի նախoրոք, մինչեւ երթեւեկության կամ մանեւրը սկսելը … Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթեւեկության մասնակիցներին, իսկ մանեւրը՝ խոչընդոտ չստեղծի նրանց համար: Ազդանշան տալը երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս»: ՃԵԿ-ի 41 կետի համաձայն. «…Աջ շրջադարձի ժամանակ տրանսպորտային միջոցը պետք է երթեւեկի երթեւեկելի մասի աջ եզրին հնարավորին չափ մոտ»: Այսինքն, քննարկվող պայմաններում «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմոբիլի վարորդը, երթեւեկության անվտանգությունն եւ տվյալ ընդհարման առաջացումը բացառելու նպատակով, աջ մանեւրը կատարելուց առաջ տեխնիկական տեսակետից պետք է ոչ միայն նախօրոք միացներ դեպի աջ շրջադարձի լուսային ցուցիչները, այլեւ հետեւելով ողջ ճանապարհատրանսպորտային իրադրության զարգացման՝ ճանապարհը զիջեր համընթաց ուղղության աջ կողմից ընթացող տրանսպորտային միջոցներին, մասնավորապես, «ՆԻՍՍԱՆ» մակնիշի ավտոմեքենային, այն հաշվով, որ վերջինիս վարորդին չստիպեր անսպասելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը: Մինչդեռ, քննարկվող պայմաններում «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, աջ շրջադարձի ժամանակ, չերթեւեկելով երթեւեկելի մասի աջ եզրին հնարավորին չափ մոտ եւ ճանապարհը չզիջելով համընթաց ուղղությամբ աջ կողմից ընթացող «ՆԻՍՍԱՆ» մակնիշի ավտոմեքենային, շեղել է ավտոմեքենայի ընթացքի ուղղությունը դեպի աջ՝ դեպի «ՆԻՍՍԱՆ» մակնիշի ավտոմեքենայի ընթացագոտի, որի արդյունքում իր վարած ավտոմեքենայով ընդհարվել է այդ մեքենային, տեխնիկական տեսակետից թույլ է տվել ՃԵԿ-ի 36 եւ 41 կետերի վերոհիշյալ պահանջներին հակասող գործողություններ… :

Բացի վերը նշված փորձագիտական եզրակացությամբ ներկայացված տվյալներից, սույն գործում առկա են նաեւ այլ, իրար հակասող եւ իրարամերժ ելակետային տվյալներ: Հիմք ընդունելով 30.01.2023 թ. CT 21086017 գրանցման համարով որոշման 2.2 եւ 2.3 կետերի էլեկտրոնային տարբերակը ծանուցվող անձանց գործունեությունների եւ իրավունքների վերաբերյալ, ի պատասխան դիմումատու Ժ. Օրդոյանի դիմումի, որպես «ՆԻՍՍԱՆ» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր, վերջինս ստացել է տուժողի կարգավիճակ՝ վթարի հետեւանքով ստացած վնասվածքները վերականգնելու համար փոխհատուցում էլեկտրոնային տարբերակով: Պատահարի առաջացման պատճառների վերաբերյալ՝ 30.01.2023 թ. կատարված փորձաքննության թիվ FP 21047999 եզրակացությամբ արձանագրվել է, որ «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենան ընթացել է համընթաց «ՆԻՍՍԱՆ» ավտոմեքենայի առջեւից եւ «ՆԻՍՍԱՆ» ավտոմեքենայի վարորդը, խախտելով ՃԵԿ-ի 62 եւ 67 կետերը, չի ունեցել մեքենան արգելակելու կամ արագությունը փոքրացնելու հնարավորություն վթարը կանխելու համար, այդ իսկ պատճառով «ՆԻՍՍԱՆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեղավոր է (կատարող փորձագետ՝ Մաիլյան)»:

… Նշանակված կրկնակի պատվիրված փորձաքննության թիվ CT 2205858 «ՌԵԳՈ» ԱՓԲԸ եւ թիվ FS 99008155 «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» – ի 03.02.2023 թ. որոշման- ծանուցման համաձայն՝ «ՆԻՍՍԱՆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեղավոր է համարվել: Նկարագրությունը արտահայտված է պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնողի 09.02.2023 թ. թիվ FS 99008155 եզրակացության մեջ, որում ներկայացված են հակադիր եւ հակասական ելակետային տվյալներ (կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետներ Ալբերտ Միլիտոնյան, Էմին Կարապետյան, կրկնակի փորձաքննություն իրականացնող կազմակերպության ղեկավար՝ Էմին Կարապետյան, տնօրեն): Այսպիսով, կատարված կրկնակի եւ պատվիրված փորձաքննության արդյունքները խեղաթյուրված են: Ըստ առկա նյութերի, շահադիտական նկատառումներով կեղծվել են, սխալ են ներկայացվել պատահարի առաջացման ելակետային տվյալները:

Գործում առկա նյութերի եւ լուսանկարների համաձայն, ընդհարման արդյունքում «ՕՊԵԼ»-ի եւ «ՆԻՍՍԱՆ»-ի վրա առաջացած վնասվածքների տեղակայությունների եւ ձեւի, իրականում եղել է լրիվ այլ պատկեր: Ուսումնասիրելով առկա նյութերը, հստակ կարելի է արձանագրել, որ «ՆԻՍՍԱՆ» մակնիշի եւ «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենաները համընթաց ուղղությամբ ընթացել են կողք կողքի, ճանապարհային գծանշումներ չկան, առկա չեն: «ՆԻՍՍԱՆ»-ը ընթացել է առաջին գծով ճանապարհի եզրագծին մոտ, իսկ «ՕՊԵԼ»-ը ընթացել է «ՆԻՍՍԱՆ»-ի ոչ թե առջեւից, այլ՝ ձախ կողքից՝ երկրորդ երթուղային գծով: «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չթույլատրված տեղում կատարել է աջ մանեւր, առաջացնելով վթարային իրավիճակ, զրկելով «ՆԻՍՍԱՆ»-ի վարորդին վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից… Այսպիսով, կատարված կրկնակի պատվիրված փորձաքննության ելակետային տվյալները եւ, բնականաբար, նաեւ արդյունքները կեղծված են եւ ճիշտ չեն:

Ուստի, առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով, խնդրում եմ հարուցել քրեական գործ, կատարել օբյեկտիվ նախաքննություն, բացահայտել դեպքի շարժառիթները, պատժել մեղավորներին (մեղավորին), իրականացնել պատժի նպատակները, վերականգնել սոցիալական արդարությունը: Հայտնում եմ նաեւ, որ ԱՊՊԱ ոլորտում կամայականությունները, մարդկանց իրավագիտակցության պակասի հաշվին չարաշահումներն ու կեղծիքները կրում են համատարած բնույթ, ուստի կարծում եմ, որ հանցագործության մասին սույն հաղորդումը պետք է ուսումնասիրել ավելի հանգամանորեն, պարզել կատարված չարաշահման խրոնոլոգիան ու շարժառիթները, գործի նյութերը խորը ուսումնասիրության ենթարկել, կանխել այս ոլորտում տարածված չարաշահումներն ու հանցագործությունները:

Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ

Կազմակերպության նախագահ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728