Ինչպես նախորդ 71 օրերին, այնպես էլ այսօր հայ ժողովուրդն ավելի կարեւոր հարց չունի իր օրակարգում, քան Լաչինի միջանցքի փակված մնալու խնդիրը, հետեւապես նաեւ մամուլն ավելի առաջնային ասելիք չունի, քան վերը նշված խնդրի հետ կապված իրավիճակի ներկայացումը: Ցավոք, այս պահի դրությամբ եւս Լաչինի միջանցքի փակման հետ կապված դեռեւս ոչ մի փոփոխություն չկա, իրավիճակը գնալով օր օրի ավելի է լարվում, այն ցուգցվանգային է եւ սպասելուց բացի, կարծես այլ քայլ չի մնում, որն իհարկե՝ միմիայն ի վնաս Արցախի ու նրա ժողովրդի է խոսում: Օրակարգը նույնն է ու միակը. ի՞նչ եւ ինչպե՞ս անել ստեղծված իրավիճակից դուրս գալու՝ փրկվելու համար: Ինչպես բազմիցս նշվել է, դիմել են բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների, որոնք մինչ այս պահը զուտ ցանկություններ ու խրատներ են հնչեցնում Էրդողանի եւ Ալիեւի ականջներին, սակայն փաստացի սայլը տեղից ոչ միայն դույզն-ինչ չի շարժվում, այլեւ դրա հույսը եւս չի ուրվագծվում ու իրավիճակը դարձյալ մնում է լրիվ անորոշ:
Ասվածից հստակ բխում է, որ աշխարհն, ասենք, ցանկության պարագայում անգամ, փաստացի չի կարողանում մեզ օգնել՝ թեկուզ իրավիճակի մեջ չնչին բեկում մտցնելու առումով: Փաստացի, չի երեւում որեւէ ռեալ երաշխիք, որ այս իրավիճակն անգամ հետագա ամիսների ընթացքում կարող է ենթարկվել որոշակի փոփոխությունների, այնպես որ, այս մարտավարությունը որեւէ կոնկրետ արդյունք չի ենթադրում, հետեւապես այն սպառել է իրեն եւ պարտադիր է այլ լուծում փնտրել: Ստեղծված իրավիճակը բերում է այն եզրակացության, որ առաջացած խնդիրը կամ լուծում չունի, կամ չի գտնվում պահանջվող լուծումը: Վերը ասվածը վկայում է լոկ մի բանի մասին, որ փաստացի նման մարտավարությամբ խնդիրը չի լուծվում, հետեւաբար, պետք է փորձել այլ լուծումներ գտնել, քանզի ժամանակը մոտենում է մահվան օղակի սեղմման ավարտին կամ Արցախի հայաթափմանը:
Այս պահի դրությամբ նշված երկու լուծումների անխուսափելիության պարագայում, ժողովուրդը ամուր կանգնած է եւ կարծես ավելի հակված է առաջին տարբերակին, այն է՝ դիմադրել մինչեւ վերջ, թեկուզ մեռնելու գնով ու փորձել ոչ մի կերպ ոչ մի թիզ հող չհանձնել թշնամուն: Այլ խոսքով, սա ոչ այլ ինչ է, քան Հայոց հերթական եղեռնի իրագործում, որի բարոյական պատասխանատվությունը լրիվ ընկնում է առաջին հերթին Ռուսաստանի, զուգահեռաբար նաեւ՝ աշխարհի մնացած երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների ուսերին:
Կրկնում եմ, այս հարցն իր բովանդակությամբ այնքան պարզունակ է, որ չարժե չերեւացող ինտրիգներ փնտրել: Կամ պետք է բացվի միջանցքը եւ Արցախի հայությունը փրկվի, կամ չբացվելու դեպքում՝ Արցախի բնակչությունը պարտադրված կմնա իր հողում, կդիմադրի ու կմեռնի, կամ դարձյալ պարտադրված կլքի այն ու Արցախը լիովին կհայաթափվի:
Կարդացեք նաև
Փաստացի, Արցախը կանգնած է դժվարագույն երկընտրանքի առջեւ եւ պետք է Տիրոջ օրհնությամբ ու իր մտքի թռիչքով փորձի փրկվել:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.02.2023