Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կարող է «խաղաղության պայմանագիրը» հանգեցնել պատերազմի

Փետրվար 22,2023 14:30

Զարգացման հնարավոր սցենարը եւ խորքային պատճառները

Անցած շաբաթ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, եւ առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Ադրբեջանից պաշտոնական, ամբողջական արձագանք չկա: Սակայն Ալիեւը Մյունխենում ասել է, որ հայկական կողմի մոտ նկատվում է «դրական դինամիկա», որը, նրա կարծիքով, բավարար չէ: Թեեւ պարզ չէ, թե ինչ է հասկացվում «դրական դինամիկայի» տակ, սակայն այն «դինամիկան», որը ես եմ նկատում, կապված է, մասնավորապես, Հայաստանի ինքնիշխան տարածքն ազատելու նախապայմանի հետ, որը բանակցությունների առաջին փուլում մեր իշխանությունն առաջ էր քաշում, իսկ, հիմա, համենայնդեպս՝ հրապարակավ, դրա մասին չի խոսում: Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը, ինչպես հայտնի է, «չգիտեն», թե որտեղով է անցնում Հայաստանի Հանրապետության սահմանը, եւ այդ պատրվակով իրենց դաշնակցային պարտավորությունները չեն կատարում: Դե, երեւի, մենք էլ ենք այդ սահմանի տեղը կորցրել:

Կառավարության նիստի ժամանակ իր ելույթում վարչապետը նշել է, որ «փաստաթղթի ստորագրումը ոչ թե պիտի վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաեւ այսպիսի սցենար, այլ ընդհակառակը՝ իսկապես նշանակի տեւական խաղաղություն»: Ինչ խոսք, ձեւական տրամաբանության տեսանկյունից անհեթեթ է հնչում, որ խաղաղության պայմանագիրը նպաստելու է պատերազմին, բայց քաղաքականության մեջ դա միանգամայն հնարավոր է: Նման բան տեղի է ունենում այն դեպքում, երբ մի կողմը բոլոր հարցերում զիջում է, իսկ մյուս կողմն ամբողջությամբ ստանում է իր ուզածը: Դրանից հետո այդ հաղթած կողմը առաջ է քաշում նոր պահանջներ, եւ դրանք չկատարելու դեպքում պատերազմ է սկսում:

Օրինակ, հնարավոր է հետեւյալ սցենարը: Պայմանագիրը ստորագրվում է, որից հետո Ադրբեջանն ասում է՝ դե, հիմա տվեք մեր անկլավները, ինչպես նաեւ հնարավորություն տվեք 1990-ականների սկզբին Հայաստանից վտարված ադրբեջանցիներին վերադառնալ իրենց տները: Մեր իշխանությունների հավանական արձագանքն է լինելու, որ նման բան «խաղաղության պայմանագրում» չկա: Դա Ադրբեջանի համար մարտական նոր գործողոթյունների առիթ է դառնալու: ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը, ԵԱՀԿ-ն եւ ԵՄ-ն կոչ կանեն «երկու կողմերին զսպվածություն դրսեւորել», Մակրոնը հանդես կգա դատապարտման խիստ խոսքերով (ֆրանսիական ժանդարմների զեկույցների հիմա վրա), Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը կհայտարարեն, որ նրանք չգիտեն՝ անկլավները հայկական են, թե ադրբեջանական, եւ այդ պատճառով չեն խառնվում: Ի վերջո, Ժոզեպ Բոռելի հովանու տակ, կստորագրվի խաղաղության նոր պայմանագիր, որով անկլավները տրվում են Ադրբեջանին, իսկ ադրբեջանցիները վերադառնում են իրենց տները: Հայաստանի իշխանության արեւմտամետ կողմնակիցները կապացուցեն, որ այդ պայմանագիրը «ռսի սապոգից» ազատվելու լավագույն ձեւն է: Դրանից հետո Ադրբեջանը կհայտարարի, որ ՀՀ տարածքում իր հայրենակիցներին պաշտպանելու համար անհրաժեշտ են ադրբեջանցի զինծառայողներ: Եվ այլն…

Ինչու առայժմ «խաղաղության պայմանագիրը» չի ստորագրվում: Որքան հասկանում եմ, վիճելի միակ կետը հետեւյալն է՝ մտցնել այդ պայմանագրի մեջ որեւէ կետ «Արցախում ապրող հայերի անվտանգության եւ իրավունքների» մասին: Հայկական կողմը, կարծես թե, նման վարանոտ առաջարկություններ է անում, իսկ Ադրբեջանը դա կտրականապես մերժում է՝ ասելով, որ դա իր ներքին գործն է, եւ այդ «իրավունքները կտրվեն Ադրբեջանի սահմանադրությամբ»: Ի վերջո, «ռսի սապոգից ազատվելու» նպատակով այդ զիջումը նույնպես կարվի Ադրբեջանին:

Իսկ ինչու «խաղաղության պայմանագիրը» ոչ մի խաղաղություն չի ապահովի: Խորքային պատճառն այն է, որ ինչ էլ ստորագրեն կողմերը, ոչ մի միջազգային կազմակերպություն եւ ոչ մի պետություն չի կարողանա երաշխավորել այդ պայմանագրի կետերի կատարումը: Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը չի ապահովում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը, եւ Բերձորի միջանցքը մնում է փակ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728