Արցախյան ազատագրական շարժման 35-ամյակի առիթով Թեքեյան Կենտրոնում այսօր կայացավ «Արցախ, Իմ Հավերժ» խորագրով միջոցառումը։ Կենտրոնի մեծ դահլիճում ցուցադրվել էին Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախյան մշակութային կենտրոնների եւ անհատների աշխատանքները, որոնք փրկվել են 44-օրյա եւ սեպտեմբերյան պատերազմներում ոչնչացվելուց կամ թշնամու ձեռքն ընկնելուց։ Կազմակերպիչը IYOUWE ՀԿ-ն է՝ Թեքեյան կենտրոնի, ԳԱԱ-ի եւ ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի եւ այլ կազմակերպությունների աջակցությամբ:
Միջոցառման բանախոսներն ու հյուրերը՝ Հայաստանի եւ Արցախի պետական այրեր, գիտնականներ, մշակույթի եւ հասարակական գործիչներ, արժևորեցին Արցախյան շարժման 35-ամյա ճանապարհը, ներկայացրին մերօրյա մարտահրավերները եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհները։
Սերգեյ Ղազարյան, Արցախի արտաքին գործերի նախարար․ «Ես ուզում եմ այսօր շնորհավորել բոլորիս Արցախի ազատագրական շարժման 35-ամյակի կապակցությամբ։ Հաշվի առնելով, որ այստեղ են մարդիկ, որոնք նախաձեռնել, առաջնորդել, մասնակցել են շարժմանը, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց բոլորին։ Արցախյան շարժման շնորհիվ հնարավոր եղավ, որ վերականգնենք պատմական արդարությունը, պահպանենք մեր ազգային ինքնությունը։ Պայքարը շարունակվում է։ Մեր 120 հազար հայրենակիցները այսօր շրջափակման պայմաններում ամեն օր պայքարը տանում են։ Եվ մենք բոլորս պետք է կարողանանք 88-ի մթնոլորտը, էներգիան, համախմբվածությունը, միասնականությունը վերականգնել։ Եվ վստահ եմ, որ այդ պարագայում մենք նոր հաղթանակներ անպայման կունենանք»։
Կարդացեք նաև
Լարիսա Ալավերդյան, Հայաստանի առաջին ՄԻՊ․ «Արցախյան ազատամարտը պայքար է արժանապատվության, հայոց ոգու արթնացման։ Շարժումը չի մարում այնքան ժամանակ, ինչքան ես այսօր այստեղ տեսնում եմ ինձ ծանոթ պայծառ դեմքերը։ Այնպես չի եղել, որ 88-ի շարժման սկզբից բոլոր մարդիկ միանգամից միավորվել են։ Եվ դա բնական վիճակ է։
Բոլոր նրանք, ովքեր զոհվել են այս սուրբ պայքարում, մարմնապես մեր հետ չեն։ Բայց նրանք հիմա երկնքից ավելին են անում, քան շատ ողջեր երկրի վրա։ Մենք պարտքեր ունենք տալու ոչ միայն մեր երեխաներին, սերունդներին, ապագային։ Մենք պետք է արժանի լինենք մեր մարտիրոսացած հերոսներին։ Շատ են հարցեր տալիս Արցախի հիմնահարցի մասին։ Դա ցույց է տալիս, որ մարդկանց չի տրվել պատշաճ գիտելիք, թե իրականում ինչ է Արցախյան ազգային ազատագրական շարժումը։ Նա այլ անուն չի կարող ունենալ։ Եվ այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայի ձեռքին գործիք դարձած հանցագործ Ադրբեջանի կողմից, մեզ չպետք է մոլորության մեջ մտցնի։ Արցախը երբեք չի եղել, չէ եւ չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ադրբեջան չի եղել, իսկ հազարամյակներ ծաղկող Արցախ կա եւ պիտի լինի։ Թուրքիան չի եղել, երբ որ Արցախն արդեն դարերի պատմություն ուներ։
Պետք է իմանանք, որ վտանգն այն է, երբ բարբարոսները գալիս եւ քաղաքակիրթ աշխարհը, երկիրը, ժողովուրդներին փորձում են ենթարկել իրենց։ Դա երբեք չպետք է մոռանանք։ Մենք ունենք շատ բարեկամ պետություններ, այնպիսի քաղաքական ուժեր, որոնց հետ կարող ենք աշխատել եւ հասնել այն նպատակին, որն այսօր էլ մնում է։ Դա Արցախի ճանաչումն է որպես անկախ միավոր, որը կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում։ Մենք սա պետք է կարողանանք ուսանել դպրոցներում եւ բուհերում։ Մեզ փորձում են զավթել ներսից։ Դուրսը չէ, որ մեր ամենամեծ վտանգն է։ Այն, ինչ այսօր Արցախում անում են արցախցիները հայի պատվի ազգային արժանապատվության համար, մենք պետք է դրան արժանի լինենք։
Արցախցին է ցույց տալիս, թե որն է հայի ոգին, հայի կամքը։ Եվ կեցցե Արցախը»։
Արսեն Գրիգորյան, ՀՀ վաստակավոր արտիստ․ «Շատ է ասվում․ «Արցախը մենք ենք»։ Ես ասում եմ․ «Ես ուզում եմ Արցախը լինել», որովհետեւ դա միայն խոսքով չէ։ 35 տարի առաջ ես էլ եմ մասնակցել Շարժմանը։ Ես դաստիարակվել եմ Արցախյան շարժումով։ Արցախյան շարժումը մեր ազգային արժանապատվության խնդիրը բերեց։ Եվ այսօր ես, իմ ընտանիքը, իմ հարազատները, ինչքան մարդ, որոնց ճանաչում եմ, այսօր բոլորս շնորհակալ ենք Արցախի մեր հայրենակիցներին, որ ցույց են տալիս, թե ինչպես պետք է ապրել որպես հայ, ինչպես չենթարկվել օտարին, թշնամուն»։
Արսեն Գրիգորյանը նախ տարիներ առաջ Արցախին նվիրված իր երգից մի հատված նվիրեց ներկաներին եւ Արցախում մեր հայրենակիցներին, որից հետո կատարեց նաեւ «Մարտիկի երգը»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ