Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը պատրաստվում է փորձարկել իր միջուկային զենքը։ Ռուսաստանը ետ չի մնա։ Պուտինի ուղերձի առանցքային կետերը

Փետրվար 21,2023 21:45

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այս տարվա ուղերձը Դաշնային ժողովին տևեց մեկ ժամ 45 րոպե։ Հաշվի առնելով այն փաստը, որ այդ արարողակարգը կրում է պարբերական բնույթ (միայն Վլադիմիր Պուտինը իր կառավարման ընթացքում հնչեցրել է 18 նման ուղերձ)  և կրկնվում է համարյա ամեն տարի, ապա այս տարվա պուտինյան ուղերձի տևողությունը ամենաերկարն էր։ Ռուսաստանյան լրատվամիջոցները հաշվարկել են նաև ելույթն ուղեկցած ծափահարությունների քանակը՝ 53 անգամ, որից 4-ը՝ հոտընկայս։

Այսպիսով, Պուտինի այս տարվա ելույթը նաև ամենասպասվածն ու ամենաուշագրավն էր, քանի որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ բոլորը սպասում էին Ռուսաստանի նախագահի ամփոփիչ խոսքին։

Կրեմլի մամուլի ծառայությունը նախապես հայտարարել էր, որ այս տարի միջոցառումը անմիջապես տեղից լուսաբանելու հնարավորություն կունենան միայն բարեկամ համարվող երկրների լրատվամիջոցները և լրագրողները։ Ոչ բարեկամները ստիպված կլինեն բավարարվել առցանց հեռարձակմանը հետևելով։

Երկրորդ կարևորագույն նախապայմանը՝ միջոցառմանը ներկա լինելու, քովիդի մեկ օրյա թարմության բացասական արդյունքով թեստի առկայությունն էր։ Մոսկվայի ամբուլատոր բաժանմունքներում մեկ օր առաջ հանձնել տեստ ու ստանալ պատասխան համարյա անհնար է։ Պետք է նախօրոք հերթագրվել։ Այնպես որ լրագրողական համայնքի ներկայացուցիչներից շատերը ստիպված վճարովի լաբորատորիաներում էին ձեռք բերել այդ թեստ-անցաթուղթը։

Միջոցառումը կազմակերպվել էր մոսկովյան Հյուրապալատում (Гостинный двор), որը հին Մոսկվայի ամենակենտրոնական՝ Կիտայ Գոռոդ թաղամասում է գտնվում։ Միջոցառմանը հրավիրված հյուրերի և մամուլի համար նախատեսված էին տարբեր մուտքեր։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները միջոցառման սկզբից մեկ ժամ առաջ հրավիրվեցին դահլիճ և դահլիճը լքեցին Պուտինի ելույթից տասնհինգ րոպե անց՝ հատուկ նախատեսված մամուլի կենտրոնում աշխատելու համար, որտեղ, ի դեպ ստեղծված էր հարմարավետ պայմաններ՝ աշխատանքի ու հանգստի համար։

Դահլիճում, միջոցառումից առաջ, անասելի եռուզեռ էր տիրում, սակայն, չնայած դրան, կազմակերպվածությունը հասցրված էր ժամացույցի աշխատանքի ճշգրտության։ Հսկայական դահլիճում չկար ոչ մի տեսակի խառնաշփոթ կամ մեկը մյուսին խանգարելու-խոչընդոտելու իրավիճակ։ Բոլորը իրենց տեղերում էին՝ անվտանգությունը, կամավորական ջոկատները, Կրեմլի մամուլի ծառայությունը, նվագախումբը, հյուրերը և իհարկե, ութ տասնյակից ավելի լրագրողներն ու տեսալսաձայնագրող անձնակազմը։

Նախագահ Պուտինի ելույթը ունկնդրելու էր ժամանել ռուսաստանյան ամբողջ քաղաքական, ռազմական և մշակութային վերնախավը։ Դահլիճի առաջին շարքի աթոռները անվանական էին։ Դրանք զբաղեցրեցին Դմիտրի Մեդվեդևը, Վալենտինա Մատվիենկոն, Միխաիլ Միշուստինը, Վյաչեսլավ Վոլոդինը, նախարարները և ՌԴ նախագահի գրասենյակի վարչակազմը։

Հայտարարված ժամից տասնհինգ րոպե անց՝ ողջույնի ալիքվող ծափահարությունների ներքո բեմ բարձրացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ներկաներին ողջունելուց հետո նա փաստեց, որ իր այս անգամվա ելույթը տեղի է ունենում Ռուսաստանի համար բարդ, սահմանագծային և վճռորոշ պահի և ընդհանրապես, աշխարհում տեղի ունեցող արմատական, անդրադարձ փոփոխությունների նախաշեմին։ Նա հատուկ ընդգծեց նաև, որ այդ ճակատագրական ժամանակահատվածում յուրաքանչյուրի վրա դրված է հսկայական պատասխանատվություն։

«Մեկ տարի առաջ, հանուն մեր պատմական հողերի վրա ապրող մարդկանց պաշտպանության, հանուն մեր երկրի անվտանգության ապահովման, հանուն մարտահրավերների չեզոքացման, որոնք նետվում են Կիևի ազգայնական վարչակազմի կողմից՝ Ուկրաինայում 2014 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, որոշում կայացվեց անցկացնել հատուկ ռազմական օպերացիա»,- նախաբանեց իր ելույթը Ռուսաստանի նախագահը։

Նա հավաստիացրեց, որ Ռուսաստանը  քայլ առ քայլ, հետևողական և հավասարակշռված կերպով իրականացնելու է իր դեմ դրված առաջադրանքները։ Ուշադրությունից չէր կարող վրիպել այն, որ չնայած Պուտինը իր ելույթը կարդում էր թղթից, սակայն, նախագահը այն ունկնդիրներին մատուցում էր իմաստավորված տոնայնությամբ ու ժեստերով։ Եվ թերևս տեղին են նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի այն հավաստիացումները, թե ելույթի տեքստի հեղինակը հենց ինքն է՝ Վլադիմիր Պուտինը։

Ըստ նախագահի խոսքի, 2014 թվականից ի վեր Դոնբասը պայքարում էր իր հողի վրա ապրելու, մայրենի լեզվով խոսելու իրավունքի համար, չէր հանձնվում բլոկադայի և անդադար հրետակոծությունների պայմաններում, կիևյան վարչակազմի անթաքույց ատելության տակ ու սպասում, հավատում էր, որ Ռուսաստանը օգնության է հասնելու։ Եվ ահա Ռուսաստանը հասավ օգնության։

«Ի դեպ, և դուք դա շատ լավ գիտեք, որ մենք անում էինք ամեն հնարավորը՝ այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Համբերատար վարում էինք բանակցություններ, որպեսզի այդ ծանրագույն խնդիրից դուրս գանք խաղաղ, սակայն, մեր մեջքի հետևում պատրաստվում էր այլ սցենար»,- փաստեց Ռուսաստանի նախագահը։

Եվ, նրա խոսքով, ըստ այդ սցենարի, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը իրանց ռազմական կայաններն ու բիոլաբորատորիաներն էր ամրապնդում Ռուսաստանի սահմանների երկայնքով, ինչի մասին Արևմուտքը այսօր խոստովանում է առանց ամաչելու։

«Այդպես անխիղճ ու երկերեսանի նրանք գործում էին նաև այն ժամանակ, երբ ավերում էին Հարասլավիան, Իրաքը, Լիբիան, Սիրիան։ Այդ խայտառակությունից նրանք երբեք չեն մաքրվի։ Նրանք երկար դարեր սովորել են հեգեմոնիայի, նրան, որ իրենց ամեն ինչ թույլատրելի է, որ կարելի է թքել աշխարհի վրա»,- վրդովմունք հայտնեց Պուտինը։

Նախագահը՝ Ռուսաստանի համբերության հատման և ռազմական օպերացիա նախաձեռնելու շրջադարձային կետ մատնանշեց այն փաստը, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն 2021 թվականի դեկտեմբերին մերժել են Ռուսաստանի կողմից ուղարկված անվտանգության երաշխավորության պայմանագրերը։

«Մենք տեղյակ ենք լավ քողարկված մտքերին, մենք տեղյակ ենք, որ ԱՄՆ-ի տիրապետած որոշակի տեսակի միջուկային զենքերի ռազմական կիրառման ժամկետը մոտենում է ավարտին և այդ իսկ պատճառով որոշակի վաշինգտոնյան գործիչներ մտահղացում ունեն իրենց այդ զինատեսակների իրական փորձարկման՝ հաշվի առնելով նաև այն, որ Նահանգները արդեն սկսել է նոր տեսակի նմանատիպ զինամթերքի մշակման գործընթացը։ Այդպիսի հավաստի տեղեկատվություն կա։ Եվ ըստ այդմ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու Ռոսատոմը, պարտավոր են ցուցաբերել պատրաստակամություն՝ ռուսական միջուկային զենքի փորձարկման։ Առաջինը, իհարկե, մենք չենք լինի այդ գործում, բայց եթե ԱՄՆ-ը նման փորձարկում անցկացնի, ապա մենք նույնը կանենք։ Ոչ մեկի մոտ չպետք է լինի խաբկանք, թե գլոբալ ռազմավարական հավասարակշռությունը կարող է խախտվել»,- ամփոփեց իր խոսքը Ռուսաստանի նախագահը։

Նա նաև հայտնեց, որ այս տարվա տեղական ու մարզային, ինչպես նաև 2024 թվականի նախագահական ընտրությունները կկայանան՝ օրենքին, դեմոկրատական և սահմանադրական նորմերին համապատասխան։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանի բոլոր քաղաքական ուժերը, չնայած սոցիալ-տնտեսական հարցերի նկատմամբ ունեցած տարակարծություններին, միակուռ են երկրի անվտանգությանն և ինքնիշխանությանը վերաբերող հարցում։ Պուտինի ասածը կասկածի տեղիք չի տալիս, քանզի նրա ուղերձը մեկ մարդու պես լսելու և ծափահարելու էին ռուսաստանյան եկել բոլոր կենտրոնական քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Պուտինը կոչ ուներ նաև ռուս գործարարներին ուղղված։ Նա ասաց, թե իմաստ չկա անցյալին կառչելու, պարզած ձեռքով այս ու այն կողմ վազվզելու, ստորանալու և  արտասահմանից փողերը ետ խնդրելու։

«Ես դիմում եմ մեր գործարարներին։ Պետք է վերանայեք ձեր կյանքն ու աշխատանքը։ Հատկապես, որ դուք ուժեղ մարդիկ եք ու շատերին ես ինքս ճանաչում եմ ու երկար տարիներ եմ ճանաչում։ Նոր նախագծեր մտածեք, ներդրումներ կատարեք Ռուսաստանում, ստեղծեք աշխատատեղեր, օգնեք դպրոցներին ու համալսարաններին և, ես ձեզ խոսք եմ տալիս, պետությունը կաջակցի ձեզ», – հորդորեց Ռուսաստանի նախագահը։

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728