Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Հովվապետը բարձրորեն է գնահատել Էդուարդ Ֆիլիպի և իր գլխավորած պատվիրակության անդամների ներդրած ջանքերն ի խնդիր արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության

Փետրվար 21,2023 21:01

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպին

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության նախկին վարչապետ և Հավրի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոն:

Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին 2020 թ․ արցախյան պատերազմի ու հետպատերազմյան ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ Ամենայն Հայոց Հայրապետն իր մտահոգությունները հայտնեց Ադրբեջանի կողմից տարվող ծավալապաշտական քաղաքականության, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծած հումանիտար աղետի, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ բռնազավթումների, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և գերիների վերադարձման խնդիրների առնչությամբ։ Նորին Սրբությունը կարևորեց միջազգային հանրության և կառույցների հստակ դիրքորոշումն ու գործուն ջանքերը, որպեսզի կանխվի Ադրբեջանի որդեգրած դատապարտելի քաղաքականությունը։

Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ արցախյան հիմնախնդիրն արդար հանգուցալուծում կգտնի ու տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի Ֆրանսիայի և բարեկամ երկրների աջակցությամբ, մեր ժողովրդի ամուր կամքով ու հավատքով։

Նորին Սրբությունը բարձրորեն գնահատեց պրն․ Էդուարդ Ֆիլիպի և իր գլխավորած պատվիրակության անդամների ներդրած ջանքերն ի խնդիր արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության։

Իր հերթին նախկին վարչապետն ընդգծեց, որ պատվիրակության այցը Հայաստան վերահաստատում է Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Պրն․ Էդուարդ Ֆիլիպն անդրադարձավ նաև Եվրոպայի և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդներում Ֆրանսիայի կողմից ձեռնարկվող քայլերին՝ ուղղված Հայաստանի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը և ադրբեջանական ագրեսիայի դատապարտմանը։  Էդուարդ Ֆիլիպը հավաստիացրեց, որ Ֆրանսիան պիտի շարունակի ջանքեր գործադրել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728