Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանսուրյանի անվան մրցույթը հայկական պոեզիայի հիման վրա գրված հիանալի ստեղծագործությունների արարման խթան կլինի

Փետրվար 21,2023 20:44

Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի կազմկոմիտեն այս պահին աշխարհի տարբեր ծայրերից ընդունում է հայտեր՝ ստեղծագործություններ՝ գրված հայկական պոեզիայի մոտիվներով։

Հիշեցնենք, որ ստեղծագործությունը պետք է գրված լինի վերջին մեկ տարվա ընթացքում: Այն երբևէ չպետք է լինի կատարված, ձայնագրված, հրատարակված կամ հրապարակված: Ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար գրված ստեղծագործության տևողությունը պետք է լինի նվազագույնը 8 րոպե, առավելագույնը` 12 րոպե: «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթին հայտերը կընդունվեն մինչև ապրիլի 1-ը։

Մանսուրյանական մրցույթի ժյուրիի կազմում ինքնատիպ ու հեղինակավոր երաժիշտներ են։ Նրանց թվում է նաև Գյուրջիև անսամբլի հիմնադիր Լևոն Էսկենյանը։ «Շատ ուրախալի է տեսնել կոմպոզիտորների մրցույթ, որը կրում է մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտոր, սիրելի Տիգրան Մանսուրյանի անունը, որի գեղագիտության հիմքն անձամբ ինքն է դնում լեզվի և երաժշտության սինթեզի վրա, մի բան, որ նա մանրակրկիտ ուսումնասիրել և որի շուրջ աշխատում է իր ստեղծագործական կյանքի ընթացքում»,- ասում է Լևոն Էսկենյանը՝ ընդգծելով, որ Մանսուրյանի վոկալ և երգչախմբային ստեղծագործությունները կրում են հայ հոգևոր և աշխարհիկ ժողովրդական երաժշտության հիմունքները։ Ըստ նրա՝ մրցույթը հայկական պոեզիայի հիման վրա գրված նոր հիանալի ստեղծագործությունների ստեղծման խթան կլինի:

Ժյուրիի անդամը նկատում է, որ պոեզիայի և երաժշտության համադրումն ունի իր առանձնահատկությունները։ Հայերենի հետ աշխատելիս դժվարություններ կարող են առաջանալ այն մասնակիցների համար, որոնք հայոց լեզվին չեն տիրապետում, նաև շատ դեպքերում պատշաճ թարգմանությունների պակասի պատճառով։ Բայց, ըստ պարոն Էսկենյանի, լուծումներ հնարավոր է գտնել, ինչը և անում է մրցույթի կազմկոմիտեն:

Ի՞նչ ստեղծագործությունների է ակնկալում հանդիպել ժյուրիի անդամը գնահատման ընթացքում։ Գյուրջիև անսամբլի հիմնադիրն ընդգծում է, որ ներկայացվելիք ստեղծագործությունները պետք է հիմնված լինեն լեզվամտածողության, տեքստից բխած կերպարայնության, ձայնի և գործիքային տեմբրերի համադրության, յուրահատուկ մտածողության վրա։ «Ստեղծագործությունը պետք է արտահայտի կոմպոզիտորի գեղարվեստական միտքը և փոխանցի հստակ ուղերձ։ Այն պետք է ունենա կատարման հարմարություն՝ հաշվի առնելով ձայնային և գործիքային հնարավորությունները»,- նշում է Լևոն Էսկենյանը:

 

Արփի Գաբրիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728