Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի համարձակ քայլը․ 33 միլիոն դրամ՝ Գյումրիում կամերային երաժշտական դահլիճ բացելու համար (Ֆոտաշարք)

Փետրվար 21,2023 20:22

Այսօր Գյումրու երաժշտական-մշակութային կյանքում կարևոր, կարելի է ասել պատմական իրադարձություն տեղի ունեցավ․ մեծ հանդիսավորությամբ բացվեց կամերային երաժշտական դահլիճը։

Ինչպես իր ելույթում շեշտեց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, մշակութային մայրաքաղաք համարվող Գյումրին կամերային դահլիճ երբևէ չի ունեցել։ Ըստ քաղաքապետի, շատերն են հրաժարվել ելույթ ունենալ Գյումրիում՝ պատճառաբանելով հարմար միջավայր չլինելը։

Այն բացվեց քաղաքի ամենահին երաժշտական դպրոցներից մեկի՝ թիվ 4 շենքում։

200-250 տեղանոց դահլիճի նորոգման, վերազինման համար համայնքային բյուջեից փուլ առ փուլ հատկացվել է 33 միլիոն դրամ։ Առաջին փուլում դահլիճի վերանորոգման նպատակով Գյումրու ավագանին հատկացրել է 20 միլիոն դրամ, երկրորդ փուլում ջեռուցման համակարգի անցկացումն էր, որն արժեցել է 5 միլիոն դրամ, դահլիճի նախասրահի վերանորոգումն էլ՝ 8 միլիոն դրամ։

Այսօր բանախոսները իրենց ելույթներում հիշեցին Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Բանն այն է, որ նախկին քաղաքապետը գնացել է մեծ ռիսկի՝ համաձայնելով Գյումրու աղքատիկ բյուջեից բաժին հանել մշակութային կարևորագույն, միաժամանակ ծախսատար կառույցի ստեղծման համար։

Վարդգես Սամսոնյանի պատմելով՝ քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը Սամվել Բալասանյանին առաջարկ է ներկայացրել, քաղաքապետն էլ չնայած պատերազմական իրավիճակին՝ չի մերժել, նախաձեռնության կարևորությունը ներկայացրել է ավագանուն։

Լիլիթ Թովմասյանն իր խոսքում նշեց, որ կամերային երաժշտական դահլիճ որոշեցին հիմնել պատերազմական դաժան իրավիճակում, այն պահին, երբ հայրենիքը կտոր-կտոր կորցնում էին, սակայն ապրել ու արարել էր պետք, համոզված էին, որ փոքր ազգերի համար ապրելու խարիսխը մշակույթն է։

Լիլիթ Թովմասյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Սա նշանակալի իրադարձություն է Գյումրիի համար, որովհետև եթե խոսում ենք մշակութային մայրաքաղաքի մասին, ապա համոզված պիտի լինենք, որ անհրաժեշտ միջավայր է պետք, մշակութային մայրաքաղաքին համապատասխան՝ համերգային ծրագրեր, ձեռնարկներ կյանքի կոչելու համար։

Ես վստահ եմ, որ Գյումրու կամերային երաժշտության դահլիճը դառնալու է սպասված հանդիպումների հանգրվան, այստեղ ելույթ են ունենալու հայ և միջազգային ճանաչում ունեցող այնպիսի երաժիշտներ, որոնք մինչ այս պահը հրաժարվում էին նվագել կամ ելույթ ունենալ Գյումրիում համապատասխան դահլիճի, գործիքի կամ միջավայրի բացակայության պատճառով։ Եվ ավելի քան համոզված եմ, որ այսօրվանից դասական երաժշտության պատմության նոր էջ ենք գրելու Գյումրիում՝ շնորհիվ այս դահլիճի և այստեղ կազմակերպվելիք միջոցառումների»։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանն էլ ասաց, որ ստեղծագործ այս քաղաքը վաղուց պիտի ունենար պրոֆեսիոնալ, ակադեմիական երաժշտությանն արժանի հանգրվան։

Նա հորդորեց չասել «կամերային երաժշտական դահլիճ», այլ օգտագործել «կամերային երաժշտության տուն» արտահայտությունը, որովհետև այստեղ ապրելու է երաժշտությունը։

Նա, հանդես գալով քաղաքի երաժիշտների անունից, դիմեց Գյումրու քաղաքապետին՝ ասելով, որ ակնկալում են մեծ դահլիճի բացում Գյումրիում։

«Ինչպես Մերկուրովը կասեր՝ նույնիսկ այս քաղաքում կոշկակարը իր արհեստի մեջ խուդոժնիկի պես բան է։ Ստեղծագործ կամ ինչպես ասում են՝ կրեատիվ քաղաքը պետք է վաղուց ունենար այս հանգրվանը։ Եվ եթե այս հանգրվանի մասին ենք խոսում, եկեք հիշեք Ալեքսանդրապոլի ժողովրդական արվեստի տունը, հին թատրոնի շենքը, հիշենք մանկավարժական ինստիտուտի շենքը, նախկին առևտրի ուսումնարանը Ալեքսանդրապոլի, դահլիճների ակումբ են ասում, այնուհետ Լինինականում ֆիլհարմոնիկ դահլիճ ծառայեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը հատուկենտ համերգների համար էր։ Այս մեծ արհավիրքից հետո փնտրտուքների մեջ էինք, և ահա երազանքը իրականություն է դառնում»,-ասաց Հասմիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ կամերային երաժշտության այս տունը պիտի նպաստի դասական երաժշտության զարգացմանը։

Գյումրու քաղաքապետարանի տարածած մամլո հաղորդագրության մեջ էլ ընթերցում ենք․

«Գյումրու կամերային երաժշտության դահլիճը դասական երաժշտության համերգների կազմակերպման հարթակ է, ունի ժամանակակից միջավայր, պրոֆեսիոնալ չափանիշներին համապատասխան լուծումներ, նվագախմբերի ու երգչախմբերի պահանջներին համապատասխան ընդարձակ բեմահարթակ:

Դահլիճում հանդիսականի աթոռների քանակը՝ 200-250:

Գյումրու կամերային երաժշտության դահլիճը կսպասարկի քաղաքի բոլոր՝ դպրոցական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության օղակների կարեւորագույն համերգները, կընդունի հայ եւ արտասահմանյան հայտնի երաժիշտների եւ երաժշտական նվագախմբերի, պատշաճ միջավայրում կանցկացնի երաժշտական մասշտաբային փառատոներ, որակական նոր նշաձող կսահմանի քաղաքում դասական երաժշտության համերգների կազմակերպման ոլորտում, կդառնա կարեւոր համագործակցությունների ու փորձի փոխանակման փնտրված հարթակ՝ նոր շունչ բերելով քաղաքի երաժշտական- մշակութային կյանքին»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728