Լրահոս
Օրվա լրահոսը

Եռաբլուրն այլևս նաև վիրտուալ է

Փետրվար 21,2023 19:15

1988 թվականից մինչ օրս, Հայրենիքի համար նահատակված բոլոր հերոսների անունները, նրանց կատարած սխրանքները, ամբողջական տեղեկատվությունն այսուհետ մեկ միասնական կայքում են: Խորհրդանշական անունը կրող վիրտուալ թանգարան-կայքը իրենից մեծ շտեմարան է ներկայացնում, որտեղ հավաքված, ամփոփված և ներկայացված են տվյալներ Հայրենիքի համար կյանքը նվիրաբերած մեր բոլոր հերոսների մասին:

«Գաղափարին եկել եմ 2016 թվականին քառօրյա պատերազմից հետո, երբ ինտերնետի այս դարում հանրության հետաքրքրությունը մեծացավ այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են Հայրենիքին: Ես հասկացա, որ արցախյան ազատամարտի մասնակիցների վերաբերյալ հսկայական բաց կա, որոշեցինք շտեմարան ստեղծել, որտեղ ներառված կլինեն բոլորը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց կայքի նախաձեռնության հեղինակ, քաղաքական վերլուծաբան Արմեն Մինասյանը

Նա պատմեց, որ երբ սկսել են աշխատել անհատական տվյալների վրա, հասկացել են, որ հատկապես 90-ական թվականներին մամուլում տպագրված հսկայական բովանդակություն ներկայացված չէ, քանի որ թվայնացված չէ: «Մինչդեռ հաղթանակած պատերազմի հերոսներին թողնել անտեսված՝ ճիշտ չէր լինի: Անկեղծ լինենք, վերջին 30-35 տարվա ընթացքում շատ սահմանափակ թվով մարդկանց մասին է խոսվել, մինչդեռ նրանք բազմահազար են»,-ընդգծեց Մինասյանը և հավելեց,-«Հետևաբար եկանք այն գաղափարին, որ պետք է ստեղծել շտեմարան, որը պետք է ունենա որոշակի համակարգված բնույթ, որտեղ մարդիկ կգտնեն իրենց հետաքրքրող հերոսներին»

Այս պահին, 8300 հերոսի տվյալ է զետեղված շտեմարանում, ևս 2000 հերոսի մասին տվյալներ կզետեղվեն առաջիկայում, ժամանակի ընթացքում կզետեղվեն նրանց մասին պատմող հրապարակումները, տեսանյութերը: «Այստեղ զետեղված են 1988 թվականից սկսած ողջ տեղեկատվությունը. մարդիկ, ովքեր զոհվել են արցախյան 3 պատերազմներում, մարտական գործողությունների հետևանքով կամ դրան հավասարեցված պայմաններում, այսինքն խաղաղ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնելիս զոհվածները ևս ներառված են, անգամ այն զոհերը, որ եղել են զորավարժությունների, ավտովթարների, ականազերծման աշխատանքների հետևանքով: Առայժմ չենք ներառել անհետ կորածներին, բայց ընտանիքի թույլտվությամբ, քանի որ իրավական խնդիր կա, եթե ընտանիքի համաձայնությունը լինում է, մենք ներառում ենք: Իրավական առումով քանի դեռ մահվան փաստը չի արձանագրվել Էթիկայի տեսակետից ճիշտ չի ներառել զոհվածների ցանկում»,- նշեց նա:

Մինասյանը հուսով է, որ կայքում զետեղված տեղեկատվությունը օգտակար կլինի նաև լրագրողներին, որպեսզի նրանք չանդրադառնան միայն փառաբանված մեր հերոսներին: Ըստ համայնքների, դպրոցների դասակարգված տեղեկատվության մեջ լրագրողները կարող են բացահայտել շատ հետաքրքիր կենսագրություններ ու մարդկային պատմություններ: Կայքը շատ բազմազան է, շատ մեծ հնարավորություններ է տալիս նաև հետազոտողների, որոնք կբացահայտեն, թե որտեղ, ինչ հանգամանքներում ենք զոհեր տվել, որ փուլերում՝ ինչ է ճիշտ կազմակերպված եղել, ինչը՝ սխալ:

«Ես, իհարկե ռազմարվեստի մասնագետը չեմ, բայց վիճակագրորեն տվյալները վերլուծելիս, հասկացա, որ մենք ավելի շատ զոհեր տվել ենք պաշտպանելիս, քան՝ հարձակվելիս, ընդ որում բոլոր պատերազմներում»,-նկատեց Արմեն Մինասյանն ու ավելացրեց,- «Մեր գործը փաստագրելն է՝ առանց որևէ մեկի առավելություն տալով, որովհետև մարդիկ իրենց ամենաթանկը՝ կյանքը նվիրաբերել են Հայրենիքին, մնացածն արդեն մեր հիշողությունն է, մեր դասերն են»:

Հարցին, թե ինչու՞ են բոլոր զոհվածների անունները զետեղվել կայքում «Հերոսներ» կատեգորիայի ներքո՝ Արմեն Մինասյանն ընդգծեց,-«Մենք ընտրել ենք «Հերոսներ» կատեգորիան, քանի որ որդեկորույս մոր համար իր որդին հերոս է՝ անկախ այն հանգամանքից թե ինչ սխրանք է գործել կամ չի գործել: Հիմա, որպեսզի մենք չդասակարգենք ով է հերոս, ով հերոս չէ, բոլորին զետեղել ենք «Հերոսներ» կատեգորիայում, քանի որ իրենք իրենց կյանքը տվել են հայրենիքին: Իսկ իրավական առումով, կայքում կա «Պարգևներ» կատեգորիան, որտեղ զետեղված են Հայաստանի ազգային հերոսների և Արցախի ազգային հերոսների տվյալները»:

Կայքում ներդրված համակարգի միջոցով հնարավոր է նաև օգնություն ցուցաբերել նրանց ընտանիքիներին։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728