Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնառու ենք շարունակել սերտ հարաբերությունները և աշխատել Հայաստանի ու Հարավային Կովկասի երկրների հետ՝ Հայաստանում խաղաղություն, կայունություն հաստատելու նպատակով. ԱՄՆ նորանշանակ դեսպան

Փետրվար 21,2023 17:50

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել և շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ: «Ուրախ ենք, որ Դուք արդեն Հայաստանում եք: Իմ դեպքում մի փոքր առանձնահատուկ է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին խոսելը. 1992 թվականից ես անընդհատ այդ գործընթացի մեջ եմ եղել: Հիշում եմ, երբ Հայաստանում առաջին անգամ ԱՄՆ դեսպանատունը բացվեց: Շատ մտերիմ անձնական հարաբերություններ եմ ունեցել նաև առաջին դեսպան պարոն Գիլմորի, ինչպես նաև USAID-իի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) այն ժամանակվա ղեկավարի հետ: Այդ ժամանակ ես Երևանի քաղաքապետն էի: Դժվարին ժամանակներ էին, պատերազմական վիճակ էր, նոր էինք անկախացել, գործընկերներ էինք փնտրում և առաջին այդպիսի գործընկերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր: Մենք երբևէ չենք մոռանա, որ անկախության առաջին իսկ օրվանից դուք մեր կողքին եք եղել, և գնահատել եք այն մոտեցումները կամ քաղաքական ուղղությունը, որ մենք որդեգրել ենք առաջին իսկ օրվանից: Դրանք էին՝ ազատությունը, ժողովրդավարությունը և ինքնիշխանություն ունենալը: Դուք այս 30 տարիների ընթացքում միշտ աջակցել եք մեզ այդ գործում: 1990-ականներին նույնիսկ ամենափոքր օգնությունը մեզ համար կարևոր էր: Դուք միաժամանակ մեզ սովորեցնում էիք նաև, որ պետք է նայել դեպի առաջ:

Հիմա անդրադառնամ այսօրվա իրավիճակին: Ըստ էության, դուք նույնը շարունակում եք անել հիմա: Մենք վերջին երկու տարիներին շատ դժվար ժամանակներ ենք անցկացրել, և դուք միշտ մեր կողքին եք եղել:

Համոզված եմ, որ Ձեզ հետ ևս կշարունակենք բոլոր նախատեսված ծրագրերի իրականացումը: Ձեզ հաջողություններ եմ մաղթում»:

Դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշել է. «Շնորհակալություն, պարոն նախագահ: Ես մեծապես ոգևորված եմ այստեղ՝ Հայաստանում գտնվելու համար: Նախքան գալս հնարավորություն ունեցա Սպիտակ տանը հանդիպել պետքարտուղար Բլինքենին, և կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ ամբողջությամբ հանձնառու ենք շարունակել մեր սերտ հարաբերությունները և աշխատել Հայաստանի և Հարավային Կովկասի երկրների հետ՝ Հայաստանում խաղաղություն, կայունություն, բարգավաճում հաստատելու նպատակով:

Ես լավատես եմ: Չնայած գիտեմ, որ դժվարին, մարտահրավերներով լի ժամանակաշրջան է, ես լավատես եմ, որ միասին աշխատելով մենք կարող ենք Հայաստանը բերել նույնիսկ ավելի լավ մակարդակի, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերություններն ավելի լավ մակարդակի բարձրացնել: Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ առաջիկա օրերին, ամիսներին և տարիներին՝ ընդլայնելու մեր բոլոր համատեղ աշխատանքները՝ լինեն դրանք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, պաշտպանության կամ այլ ոլորտների շրջանակում, որպեսզի անենք այն ամենն, ինչ կարող ենք մեր համագործակցությունն ամրապնդելու համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել վերջին տարիներին պետական կառավարման, դատաիրավական համակարգերում Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումներին և այս գործընթացներում ԱՄՆ աջակցությանը:

Երկուստեք կարևորվել է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատումը: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է հարևանների հետ խաղաղ և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728