Փետրվարի 21-ին Արամ Գրիգորյանի նախագահությամբ հրավիրել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցը ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր, որը ներկայացրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը:
Նախարարի հաղորդմամբ՝ նախագծում առաջարկվող առաջին լրացման նպատակը հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց համար կենսաթոշակի տեսակը փոխելու և հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ ստանալու հնարավորության սահմանումն է՝ տարիքային խմբերի համար սահմանված համապատասխան աշխատանքային ստաժի ձեռքբերման պարագայում:
Հաջորդ լրացմամբ կսահմանվի, որ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, հոգեբուժարանում բուժվող և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող քաղաքացիներից բացի, լիազորագրով կարող է վերսկսվել նաև առաջին խմբի հաշմանդամի դադարեցված կենսաթոշակը:
Կարդացեք նաև
Կհստակեցվի բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություններում ապրող՝ 18 տարին լրացած կենսաթոշակառուին վճարվող կենսաթոշակի չափը:
Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի պատերազմական գործողությունների հետ կապված՝ դադարեցված կենսաթոշակների վճարումները վերսկսելու համար դիմելու ժամկետները:
Օրինագծի վերջին լրացումը վերաբերում է Ուկրաինայում գտնվող և այդ երկրում տիրող իրավիճակի պատճառով վերադառնալու հնարավորություն չունեցող մեր հայրենակիցների կենսաթոշակներին: Նման կենսաթոշակների վերսկսումը նույնպես կթույլատրվի լիազորագրերով՝ գրավոր դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գործողության ժամկետը չլրացած: Ընդ որում ՝ չվճարված կենսաթոշակը կվճարվի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:
Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ և ԱԺ փորձագիտական ծառայության եզրակացության հիման վրա նախագծով առաջարկվող վերջին փոփոխությունը լրամշակման կենթարկվի:
Դրական եզրակացությամբ նախագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստի օրակարգում:
Օրակարգի հաջորդ հարցը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարցի քննարկումն էր:
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի ժամանակավոր պաշտոնակատար Ի.Իշխանյանի ներկայացմամբ՝ օրենքի նախագծով կհստակեցվեն հաշվառման և տրամադրման կարգերը, որոնք կհաստատվեն Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:
Միաժամանակ օրենքի նախագծով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն կտրվի ոչ միայն մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին, այլև բոլոր պայմանագրային զինծառայողներին:
Օրենքի նախագծի ընդունմամբ՝ բնակարանային պայմանների բարելավման ծրագրերից կօգտվեն բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բոլոր զինծառայողները:
Օրինագիծը 5 կողմ ձայնով արժանացել է հանձնաժողովի հավանությանը, և այն կներկայացվի ԱԺ հերթական նիստին:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին