Մոտ 50 տարի առաջ կառուցված Գորիսի թիվ 5 նախադրոցական ուսումնական հաստատության շենքն իր գոյության ընթացքում ոչ մի անգամ չէր հիմնանորոգվել։
Ընդամենը 5 ամիս առաջ որոշեցին մանկապարտեզի շենքը հիմնանորոգել եւ ահա՝ փետրվարի 20-ին Գորիսի թիվ 5 նախակրթարանի մասնաշենքի հանդիսավոր բացումն էր։ Հանդիսությունը սկսեցին Գորիսի «Վահե Մելքումյան» պարային դպրոցի սաները։
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին եւ հրավիրված հյուրերին ներկայացնում է կատարված աշխատանքները։ Ծրագիրը կյանքի կոչելու հնարավորություն ունեցավ Գորիսի համայնքապետարանի, ՅՈՒՆԻՍԵՖ Արգենտինայի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի գրասենյակի աջակցությամբ։
«Ֆոքըս օն չիլդրեն նաու» (Focus on Children Now (FCN)) բարեգործական կազմակերպություն էլ տրամադրել է անհրաժեշտ գույքը։
Կարդացեք նաև
Հանդիսավորությամբ կտրում են մուտքը երիզող կարմիր ժապավենը։ Առաջին հերթին ծնողներն են շտապում ներս՝ համոզվելով, որ իրենց երեխաներն այսուհետ է՛լ ավելի գեղեցիկ ու բարեկարգ միջավայրում կանցկացնեն իրենց առօրյան, կստանան նախադպրոցական կրթություն։
Ռոբերտ Ղուկասյանն ու Առուշ Առուշանյանը՝ նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ խմբասենյակից խմբասենյակ են անցնում, հետո խոհանոց, դահլիճ են մտնում՝ ծանոթանում պայմաններին։ Իշխանության ներկայացուցիչները ոգեւորված խաղացին միջին տարիքի խմբի սաների հետ։ Վերջիններս զարմացած նրանց էին նայում՝ այդ ինչպե՞ս կարողացան արագ հավաքել լոգոն։
Գորիսի համայնքապետարանը 18 մլն դրամ է հատկացրել տանիքի վերանորոգման համար։ Չնայած մանկապարտեզի շենքի արդիականացմանը՝ դեռեւս խմբասենյակների կարիք կա։ Առաջիկայում համայնքապետարանը նախատեսում է եւս 2 մլն դրամ հատկացնել այդ խնդիրը լուծելու համար։ Ներկայում մանկապարտեզ 110 երեխա է հաճախում, բայց մեկ-երկու լրացուցիչ խմբասենյակ ունենալու դեպքում՝ հնարավորություն կլինի սաների թիվը համալրել։ Ի դեպ, մանկապարտեզի սաներին ուսուցանում են նաեւ ֆրանսերեն; Փոքրիկներն արդեն հայկական հեքիաթները բեմադրել են ֆրանսերեն լեզվով։
Մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողության որոշ դրվագներ՝ տեսանյութում.
Արմեն ԴԱՎԹՅԱՆ