«Վտանգավոր է իշխանական այն խոսույթը, որ ԵՄ դիտորդները դիտարկում են ռուսական շարժը։ Դա նշանակում է, որ ռուսական եւ արեւմտյան շահերի բախումը կառուցում ենք ՀՀ-ի վրա։ Սա քաղաքական հիմարություն է եւ ազգային անվտանգության սպառնալիք»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, այսօր անդրադառնալով ՀՀ սահմաններին ԵՄ քաղաքացիական առաքելության մշտադիտարկման աշխատանքի մեկնարկին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց․ «Իշխանությունն ամեն ինչ պետք է աներ, որ սա չդիտվեր որպես շահերի հակադրություն, բայց ամեն ինչ արեց, որ ՌԴ-ն ու Եվրոպան փաստեն, որ այստեղ իրար դեմ են կռվում, հսկում մեկը մյուսին։ Սա մեզ լավ տեղ չի տանելու։ Եթե այդ դիտորդները գային լրացնելու անվտանգային բաղադրիչը, դա լավ է, բայց իրար փոխարինելու մոտեցման պատճառով ՀՀ-ն նորից հայտնվելու է հարվածի տակ։ Արդեն մի անգամ առաքելությունը եկել է։ Ո՞ւր է զեկույցը»։
Հիշեցնենք՝ փետրվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանն արեւմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ ես ավելի շատ ռուսական զորքեր եմ բերում-տեղակայում սահմանին»։
Ապա Արծվիկ Մինասյանը չցանկացավ մեկնաբանել Մյունխենի անվտանգության համաժողովում Փաշինյան-Ալիեւ բանավեճը, քանի որ նվաստացուցիչ, վիրավորական է համարում կատարվածը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ