ՊԵԿ-ի՝ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում խուզարկություններն ու գույքի բռնագրավումն ապօրինի է։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց «Նոր Զովք» ընկերության փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։
Երեկ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց, ըստ որի, «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին: Արդյունքում, ընկերությունը թաքցնում է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկում և պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր։
«ՊԵԿ-ի քննչականի, օպերլիազորների եւ հատուկ ջակատայինների ներխուժումը սուպերմարկետի մեր մասնաճյուղեր ապօրինի է եւ անգրագետ աշխատանք։ ՊԵԿ-ը հայտնել է, որ ընկերությունը շրջանառություն է թաքցնում եւ այլն, սակայն դեռեւս ամբողջական հետաքննությունն ավարտված չէ, մեղադրանք չկա, եւ այս պարագայում նրանց հայտարարություն տարածելը համարում ենք անգրագիտություն եւ ընկերությանը վարկաբեկել, վնաս հասցնել բարի համբավին։ Ընդամենը դատարանի որոշմամբ մտել են խուզարկության»,-ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ սուպերմարկետում խուզարկության ժամանակ առգրավել են ընկերությանը գույքը, ինչի մասին դատարանի որոշման մեջ նշված չէր․«Տպիչը, սքաները ինչո՞ւ են վերցրել, դրա մեջ ինֆորմացիա չկա։ ՀԴՄ սարքերն են տարել, դրա մասին եւս դատարանի որոշում չկար։ Եթե ՀԴՄ սարքերը առգրավում են, ինչպե՞ս ենք շարունակելու մեր աշխատանքը»։
Կարդացեք նաև
«Նոր Զովքի» բոլոր մասնաճյուղերում միաժամանակ են իրականացվել ՊԵԿ-ի գործողությունները։ Իսկ Դավիթաշենի մասնաճյուղն, ընդհանրապես, մի քանի ժամ փակել են, ինչը, ըստ փոխտնօրենի, ապօրինի է։ Նա պատմեց, որ ոստիկանական ուժեր եւ հատուկ ջոկատայիններ, դիմակավորված եւ զինված մտել են Դավիթաշենի մասնաճյուղ, ներսում հաճախորդներ են եղել․«Երբ մենեջերը փորձել է կանխել քննիչների եւ օպերների անօրինական աշխատանքը, քանի որ փակում էին խանութը, ինչի մասին դատարանի որոշում չկա, կանչել են հավելյալ ուժ՝ «սպեցնազն» է եկել՝ դիմակավորված, զինված։ Ինչո՞ւ, հանցագործնե՞ր ենք, մա՞րդ ենք սպանել, ինչո՞ւ պետք է նման կերպ վարվեին»։
Խաչատրյանի պատմելով՝ իրավապահները խուզարկության ժամանակ անջատել են բոլոր մասնաճյուղերի տեսախցիկները, եւ որեւէ հիմնավորում չեն ներկայացրել․ «Վերցրել են DVR- տեսառեգիստրատորները։ Եթե այդտեղից որեւէ նյութ պակասի, ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա է լինելու։ Մասնաճյուղերից մեկի մենեջերի անձնական հեռախոսն են առգրավել։ Մենեջերն ասում էր՝ հիվանդ երեխա ունեմ, ինչպե՞ս եմ հետը կապ հաստատելու, քննիչը ցինիկաբար ասում է՝ կգաս միջնորդություն կներկայացնես, կորոշենք՝ տա՞նք, թե՞ չտանք հեռախոսը։ Մեր բոլոր մասնաճյուղերում աշխատանքային առանձին հեռախոսներ կան, անձանականը գործի համար չի օգտագործվում։ Անձնական հեռախոսը առգրավելու մասին էլ դատարանի որոշման մեջ ոչինչ չկար գրված»։
Փոխտնօրենն ասում է՝ ՊԵԿ-ի այս գործողությունների հետեւանքով տնտեսվարողը մեծ վնասներ է կրում, իրավապահները ընկերության սերվերի ծրագիրն այնպես են անջատել, որ այն վերականգնելը խնդիր է դարձել, ընկերությունը հազիվ կարողացել է մասնակի միացնել այն։
Ընկերությունը մերկապարանոց է համարում ՊԵԿ-ի՝«առնաձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու» մասին հայտարարությունը։ Փոխտնօրենը վստահեցրեց՝ բողոքարկելու են ՊԵԿ-ի եւ իրավապահների ամբողջ գործողությունները։
Խաչատրյանը նաեւ ասաց, որ մեծ տնտեսավարողների մոտ որոշակի շեղումներ կարող են լինել, օրինակ՝ տեխնիկայի խափանման կամ հոսանքի տատանման պատճառով ՀԴՄ սարքի աշխատանքը խաթարվի, ինչը կարող է պատճառ լինել, որ ՀԴՄ-ի ինֆորմացիան չհասնի ՊԵԿ-ին։
Մեր հարցին՝ ընկերության մոտ երեւո՞ւմ է, որ ՀԴՄ-ի տեղեկատվությունը չի հասնում ՊԵԿ-ին, Խաչատրյանը դժվարացավ պատասխանել, նշելով՝ նեղ մասնագիտական հարց է։
Մեր մյուս հարցին էլ՝ «Նոր Զովքը» կապում են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի անվան հետ, եւ քանի որ որոշ տարաձայնություններ կան իշխանության եւ վեհափառի միջեւ, արդյո՞ք այս ստուգումներն ու խուզարկությունը հետեւանքն են այդ տարաձայնությունների, փոխտնօրենը պատասխանեց՝ ընկերությունը Վեհափառի հետ կապելը դեմագոգիա է, «Զովքը» պատկանում է Արամ Արամյանին, Վեհափառի հետ կապի մասին խոսակցություններն ասեկոսեներ են։
Այս պահին «Նոր Զովք» սուպերմարկերտներում աշխատանքներն, ընդհանուր առմամբ, վերականգնված են, կան մի քանի մասնաճյուղեր, որտեղ այս պահին, ըստ փոխտնօրենի, աշխատանքը դեռեւս խաթարված է։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ