«Այս նախագիծը պետք է, որովհետեւ կան պետություններ, որոնց ձեռնտու չէ ՀՀ ինքիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Մեր պետության ներսում կան գործակալական կառույցներ, դա ակնհայտ է, դրա համար ստիպված ենք պաշտպանվել»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ կառավարության հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն՝ ՀՀ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում․ մասնավորապես, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով։
«Այս օրենքից բացի, մեր անվտանգության ծառայություններն ավելի կոնկրետ պետք է աշխատեն, որովհետեւ գործակալական կառույցները չեն աշխատում համոզմունքներով։ Նրանք գնվում են։ Եթե անվտանգային կառույցները լավ աշխատեն, կարող են հայտնաբերել։ Այս կամ այն գործչի կենսաձեւը հիմք է տալիս համոզվելու, որ այդ մարդը գործակալ է։ Կարող եմ օրինակ բերել կոնկրետ մարդու(չեմ բերի), որը կանգնել է 3 փսևդո-փրկիչների կողքին եւ կոչ արել, Հայաստանի փրկությունը դրանով է տեսել․․․երեք հայկական ազգանունով իբր փրկիչներ հայտնվել են ՀՀ-ում, եւ այդ մարդը կանգնել է նրանց կողքին։ Ակնհայտ գործակալ է»,-հավելեց Վիգեն Խաչատրյանը։
Հավելենք, որ ընդդիմությունը վերապահումներ ունի նախագծի վերաբերյալ եւ պնդում է, որ այն որոշակիություն չունի, ինչի պատճառով հետագայում ոմանք Նիկոլ Փաշինյանի պես կանեն ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություններ ու կասեն՝ «ես չգիտեի, որ դա քրեորեն պատժելի է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ