«Չնայած հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությանը՝ Հայաստանն օգնություն ուղարկեց Թուրքիա, ինչը մարդկային առումով դրական էր, քանի որ ներկայումս ընթանում են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բանակցությունները, և այդ թեմայի մեջ մարդասիրական օգնություն ուղարկելը իսկապես լարվածությունը կթուլացնի, սակայն դա չի փոխի Թուրքիայի նախապայմանային քաղաքականությունը»,- «Մեդիա կենտրոնում» կազմակերպված հարցազրույցի ժամանակ հայտարարեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։
Նրա փաստմամբ՝ բանակցություններն ընթանում են փակ ձևաչափով․ «Շատ բան չգիտենք՝ սակայն մենք կարող ենք վերջնականապես իմանալ այն ժամանակ, երբ վերջնական խաղաղության համաձայնագիր ստորագրվի։ Իսկ դրա ստորագրման առումով չեմ կարծում, որ Թուրքիան կամ Ադրբեջանն իրենց գլխավոր նպատակից հետ կանգնեն․ այն է՝ հայկական կողմը Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի կազմում»։
Հարցին՝ հայկական կողմի դիրքորոշումն այս առումով այնքան էլ հասկանալի չէ, քանի որ ՀՀ իշխանությունների մակարդակով խոսվում է 29․800 քառակուսի կիլոմետր տարածքով ՀՀ-ի մասին, Մուշեղ Խուդավերդյանն այս առիթով ասաց․ «Միջազգային իրավունքի առումով ՀՀ-ն ունի 29,800 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածք, ըստ միջազգային քաղաքական քարտեզի՝ կազմում է այդքան։ ՀՀ իշխանությունը ներկայումս դրանից ավելի գործելու որևէ ոչ իրավական, ոչ իրական հնարավորություն չունի։ Այո, խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրմանը, և այդպես են հայտարարում նաև իշխանությունները։ Այս առումով՝ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, ապա իսկապես Հայաստանը մնալու է 29800 քառակուսի կիլոմետրի վրա, ինչպես եղել էր նախկինում»։
Կարդացեք նաև
Փաստմանը՝ Թուրքիան չի հրաժարվում իր նախապայմանային քաղաքականությունից, այն է, որ մինչև ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները չկարգավորվեն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսել հնարավոր չէ և հարցին՝ ուստի հնարավո՞ր է ասել, որ ՀՀ-ի վրա ագրեսիայի հավանականությունը մեծ է, Մուշեղ Խուդավերդյանը պատասխանեց․ «Քանի դեռ հարաբերությունները չեն կարգավորվել, ռազմական գործողությունների հավանականություն միշտ էլ կա, և պատահական չէ, որ վերջին երեսուն տարիներին այնպիսի քարոզչություն է վարվել երկու երկրներում, որ ռազմական գործողությունների հավանականությունը մեծ է եղել։ Ամեն ինչ կախված է բանակցությունների վերջնական արդյունքից»։
Ըստ թուրքագետի՝ խաղաղության պայմանագրում պետք է անպայման ներառված լինի գերիների հարցը, որը վերջնական լուծում դեռ չի ստացել, ինչպես նաև գործուն աշխատանքներ չեն սկսվել սահմանազատման և սահմանագծման առումով։ Ըստ նրա՝ երբ այս գործընթացն ավարտվի, արդեն պարզ կլինեն հայ-ադրբեջանական սահմանները, ուստի կողմերը կկարողանան այդ առումով համաձայնության գալ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի