Գեներալ Գրիգորի Խաչատուրովին երեկ ձերբակալելու եւ տարիներ առաջ փողեր լվալու մեղադրանքով կալանավորելու միջնորդության մասին մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը «Հայելի» ակումբում ասաց. «Կարդացվող քայլ էր, թե ինչ պետք է անեն այս իշխանությունները: Անընդհատ շեղում է գնում նրանից, թե այս անգամ Մյունխենում ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Փաշինյանը: Դրա համար դաշտ են նետվում հնչեղ անուններ, որպեսզի դրանց շուրջ աղմուկ լինի, եւ այդ ընթացքում իրենք իրենց սեւ գործերն անեն:
Խաչատուրովն ընտրվել է այն պատճառով, որ այս ազգանունը 2018 թվականից հնչեղ է: Այն ժամանակ փորձեցին նրա հոր՝ Յուրի Խաչատուրովի պահով աղմուկ հանել, բայց հետո այն աստիճանի խայտառակ եղան, որ որոշ մարդիկ ստիպված դատարանի որոշմամբ ներողություն խնդրեցին ասածների համար: Հիմա էլ փորձում են նույնը շարունակել որդու պահով: Կարճ ասած. ընտանիքի հետեւից են ընկել: Գրիշա Խաչատուրովը այն կերպարներից է, որը Փաշինյանի հրաժարական պահանջելուց հետո նրա դեմ չի թռչկոտել, պատվի չի առել, որից հետո, չնայած, ինքը փայլուն հրամանատար է, եւ իր ղեկավարած կորպուսը լավագույններից է հայոց բանակում, ՊՆ-ն որոշեց նրա հետ պայմանագիրը չշարունակել: Եվ փաստորեն Գրիշա Խաչատուրովը բանակի համար իր ամենալավ տարիքում մնաց բանակից դուրս:
Սա սպասելի էր: Ասեմ, որ սա ավելի շատ աղմուկ է եւ ոչ թե կոնկրետ հակակոռուպցիոն գործ, որովհետեւ այն գործը, որով անցնում է նա, եւ որը Ամերիկայում նստած մի յութուբ բլոգերի մասով է նետված դաշտ, վաղեմության ժամկետ ունի: Դրանով երեկվանից իրավաբաններն արդեն զբաղվում են: Այնպես որ, եթե նույնիսկ մի որեւէ բան կա, վաղեմության ժամկետով դատվածություն չի հասնում: Այսինքն, իրեն բերում են մի գործով, որով չեն դատելու: Հետեւաբար, նշանակում է, որ սա հերթական աղմուկ-աղաղակ շոուն է: Եթե չստացվեց հորը խայտառակ անել, փորձել Խաչատուրով Գրիշային նսեմացնել: Մի մարդու, որը պոտենցիալ վտանգ է ներկայացնում այս իշխանությունների համար, որը կրկնում եմ, չի նսեմացել, չի կեղտոտվել, որպես հրամանատար գործել է փայլուն:
Կրկնում եմ. սա արվում է, որպեսզի մյունխենյանի համաձայնությունը, համոզված եմ, ի վնաս Հայաստանի է, քողարկվի, փորձել պիտակավորել Գրիշա Խաչատուրովին ապագայի համար, որպեսզի հնարավորության դեպքում եթե որոշի լինել ընդդիմության առաջին շարքերում, փորձեն նվազեցնել նրա դերակատարությունը: Բայց եթե այսպես շարունակվի, մի քանի քայլ հետո՝ որոշակի ապագայում, բոլոր գեներալները, որոնք Ադրբեջանի նկատմամբ հաղթանակներ են տարել, ոչ միայն կալանավորվելու են Հայաստանի տարածքում, այլեւ հանձնվելու են միջազգային քրեական դատարան, որի անդամ Հայաստանը հիմա, չգիտես ինչու, շատ մեծ ցանկությամբ ուզում է դառնալ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ