Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զարմանում եմ, որ զարմանում եք»․ Արփի Դավոյանի եւ ընդդիմադիրների իրավական բանավեճը (տեսանյութ)

Փետրվար 21,2023 14:08

Ինչպես հայտնել էինք, կառավարության հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն՝ ՀՀ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում․ մասնավորապես, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր նախագծի քննարկման ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավորները պնդեցին, թե նախագիծը որոշակիություն չունի, հարցի հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին ու ասաց․ «Տպավորություն է, որ օրենքը մինչեւ վերջ չեք կարդացել»։

Արծվիկ Մինասյանն ի պատասխան ժպտաց։

Արփի Դավոյանը շարունակեց․ «Այդպես մի ժպտացեք, օրենքում սահմանված  է ինքնիշխանություն հասկացությունը»։ Օրենքը կարդալուց հետո Արփի Դավոյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցությունից մեկ այլ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցադրմանը, որ երբ մեկը պնդում է, թե պետք է մտնել այս կամ այն միության կազմ, դա դիտարկվո՞ւմ է որպես ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված գործողություն։

«Նախագծում հստակ գրված է՝ «բռնի ուժով», «բռնի կոչերով»։ Շատ լավ հիմնավորված է, որ եթե մարդը հիմնավորում է իր ասածն առանց բռնի կոչի, ապա խնդիր չկա։ Ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների մասին է խոսքը։ Իսկ դուք ասում եք՝ «իշխանության ներկակացուցիչները»․․․իշխանությունը բռնի կոչերով, բռնություն գործադրելով որեւէ բան դեռեւս չի արել։ Դա մենք այլ մարդկանցից ենք լսել՝ 2020թ․-ից այս կողմ»,-պնդեց Արփի Դավոյանը։

Արծվիկ Մինասյանը նախորդիվ ցիտել էր Նիկոլ Փաշինյանի՝ «ո՞րն է մեր տարածքը, մեր տարածքային ամբողջականությունը» արտահայտությունները եւ հարց հնչեցրել՝ սա համարվո՞ւմ է ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ուղղված գործողություն։ Ուշագրավ է, որ «ո՞րն է մեր տարածքը» հարցադրումը Արփի Դավոյանն Արծվիկ Մինասյանին վերագրեց ու զարմացավ․ «Մեր տարածքային ամբողջականության մասին կասկածներ ունե՞ք։ Բոլորս էլ գիտենք մեր տարածքը որն է։ Պետք չի այլ մեկնաբանություններ տալ»։

Արփի Դավոյանը հավելեց, որ նմանօրինակ օրենքներ կան նաեւ եվրոպական մի շարք երկրներում, ու դիմեց Արծվիկ Մինասյանին․ «Զարմանում եմ, որ զարմանում եք»։ Հետո Արփի Դավոյանը հորդորեց պնդումներ չանել, թե իշխանության ներկայացուցիչները կարող են հանդես գալ ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություններով․ «Իշխանությունը դեռեւս եւ ապագայում էլ նման կոչեր չի անելու»։

Գեղամ Նազարյանը չհամաձայնեց՝ «արել են»։ «Չեն արել»,-արձագանքեց Արփի Դավոյանը եւ հավելեց․ «Օրինակներ բերեք։ Ես էլ ավելի վատ օրինակներ կասեմ, թե դուք ինչ կոչեր եք արել»։

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ Արփի Դավոյանը միայն մեկ հոդվածը մեջբերեց՝ չմեկնաբանելով մյուսը՝ «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը․․․»։ Մինասյանը հարցրեց Դավոյանին՝ «ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչեր» հասկացությունն ի՞նչ կապ ունի «բռնության կիրառման» հետ։

«Իմ ասածը դրան էր վերաբերում, մինչդեռ դուք անդրադարձաք միայն «բռնի տապալելու» մասին։ Մենք ոչ միայն կարդացել ենք օրենքը, այլեւ ծանոթ ենք։ Ի տարբերություն ձեզ, ես, երբ որ 2015թ․-ին պատգամավոր էի, ընդդիմադիր հայացքներ ունեցող Էդմոն Մարուքյանի նախաձեռնությանն եմ կողմ քվեարկել»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Արփի Դավոյանը պատասխանեց՝ իրապես չի հասկանում, թե խնդրի էությունն ինչում են տեսնում ընդդիմադիր գործընկերները․ «Եթե առաջարկներ կան, ներկայացրեք, քննարկենք։ Մենք միշտ բաց ենք քննարկումների համար»։

Արծվիկ Մինասյանը կրկնեց, որ «ինքնիշխանություն» հասկացության իրավական բովանդակությունը տրված չէ այնպես, որպեսզի հանրային ընկալման մեջ պարզ լինի, թե որ գործողություններն են քրեորեն հետապնդելի։

Ապա բանավեճն ընդհատեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ Արծվիկ Մինասյանին խնդրելով ելույթի իրավունքով վեր հանել ինքնիշխանության մասին իր կոնցեպտը։ Արծվիկ Մինասյանը զարմացավ եւ քմծիծաղով ասաց․ «Ինքնիշխանության իմ կոնցեպտը ո՞րն է։ Պրոֆեսիոնալ իրավաբան եք, ՍԴ-ում երկար տարիներ աշխատել եք, իմ կոնցեպտը ո՞րն է։ Միջազգային իրավունքն է ինքնիշխանության կոնցեպտը։ Ես կոնկրետ օրինակ ասացի՝ Շուռնուխի մի մասը թշնամուն անցնելն ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտո՞ւմ է, թե ոչ։ Նման հարցերը պետք է պարզաբանվեն, բա՞րդ բան եմ ասում»։

Արփի Դավոյանը Վարդանյանի փոխարեն փորձեց պատասխանել․ «Շուռնուխի եւ Տաթեւ-Գորիս հատվածի վերաբերյալ բոլոր պարզաբանումները հնչել են, ու դուք շատ լավ գիտեք ինչ է տեղի ունեցել»։

Ապա «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը ելույթով պնդեց, որ նախագիծն իրավական որոշակիություն չունի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728