Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. ղեկավարում է առեւտրային կազմակերպություն, ինչի իրավունքը չունի. «Փաստինֆո»

Փետրվար 21,2023 14:12

«Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատվեցին՝ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է, գործ ունենք բացահայտ քաղաքական կոռուպցիայի դրսեւորման հետ ու այսքանից հետո Փաշինյանը դեռ տարակուսում է, թե ինչու է երեք նիշով նվազել Հայաստանի դիրքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարում։

Այսպես` ինչպես արդեն նշել էինք` Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից հաստատել էին մեր տեղեկությունները, որ Տիգրան Ավինյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում սեպտեմբերի 23-ին նշանակվելուց հետո շարունակում է զբաղեցնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-խմբ) տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Նկատենք, որ Տիգրան Ավինյանը հանդիսանում է իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու։

Մեր հրապարակումներից հետո ԱՆԻՖ-ը շտապեց իր հովանու տակ վերցնել քաղաքական իշխանության քաղաքապետի թեկնածուին, թե նա աշխատավարձ չի ստանում, սակայն հրաժարվեց հրապարակել, թե Ավինյանը երբ է հրաժարվել աշխատավարձից, չտրամադրեց նաեւ կանոնադրությունը, քանզի խնդիրն այս պարագայում ամենեւին էլ միայն աշխատավարձը չէ։

Նկատենք՝ էկոնոմիկայի նախարարությունն ու կառավարությունը նույնպես հրաժարվել էին տրամադրել ԱՆԻՖ-ի կանոնադրությունը՝ գրավոր հարցումներին պատասխանելու պարտականությունը միմյանց վրա բարդելով՝ կարծես այն իր մեջ պետական գաղտնիք էր պարունակում։ «Փաստինֆո»-ին, ի վերջո, հաջողվեց ձեռք բերել այն, ինչը տվեց այդ հարցի պատասխանը, թե ինչու էին կառավարությունն ու ԱՆԻՖ-ը այդպես ջանասիրաբար փորձում այն գաղտնի պահել։ Բանն այն է, որ կանոնադրությունն ապացուցում է քաղաքական կոռուպցիայի կասկածները։

Այսպես՝ ԱՆԻՖ-ը հանդիսանում է շահույթ հետապնդող առեւտրային կազմակերպություն, ինչն ամրագրված է Կանոնադրության 1.2 կետում։ Իսկ կառավարվող մարմինները երեքն են՝ բաժնետերերի ընդհանուր ժողովը, ընկերության տնօրենների խորհուրդը եւ գործադիր մարմինը՝ ի դեմս տնօրենի։

Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետը, ինչպես արդեն նշեցինք, արգելում է քաղաքապետի տեղակալներին պաշտոն զբաղեցնել առևտրային կազմակերպություններում, ինչը խախտել է Տիգրան Ավինյանը։ Վերջինս, ի հեճուկս, ՀՀ օրենսդրության, ոչ միայն պաշտոն է զբաղեցնում առեւտրային կազմակերպությունում, այլեւ ղեկավարում է այն։

Հաստատված փաստ է, որ Տիգրան Ավինյանը հանդիսանում է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ եւ հենց նա է պատասխանատու խորհրդի աշխատանքների կազմակերպման համար, նա է վարում խորհրդի նիստերը, նախագահում ընդհանուր ժողովն ու ստորագրում, թե ընդհանուր ժողովի, թե խորհրդի որոշումները, դրանցով հաստատված փաստաթղթերը։ Համենայն դեպս, կանոնադրության 16.2-րդ կետը հենց այս պարտականություններն է ամրագրել խորհրդի նախագահի համար։

Ակնհայտ է, որ Ավինյանն այսօր խախտում է օրենքը եւ նրա նշանակումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում կատարվել է լիազորությունների չարաշահմամբ, ինչն արդեն հանցավոր արարք է, իսկ իրավասու մարմինները աչք են փակում։ Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քաղաքական հովանավորչություն, քաղաքական կոռուպցիայի տիպիկ օրինակ։

Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա թե ԱՆԻՖ-ը, թե Տիգրան Ավինյանը խուսափում են հայտարարել, թե երբվանից է նա հրաժարվել ստանալ աշխատավարձ, սակայն, ինչպես նշեցինք այս պարագայում դա չէ կարեւորը, այլ այն, որ նա ղեկավարում է առեւտրային կազմակերպություն, ինչն ուղղակիորեն արգելված է օրենսդրությամբ։ Սակայն այստեղ մեկ հարց է նաեւ առաջանում՝ Ավինյանը ամբողջ դրույքաչափո՞վ է նշանակվել քաղաքապետի տեղակալ, թե՞ ոչ, քանզի ստացվում է, որ նա քաղաքապետնի տեղակալի իր աշխատանքային ժամերի հաշվին կատարում է ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի պարտականությունները, սակայն աշխատավարձ ստանում քաղաքապետարանից։

«Փաստինֆո»-ն կշարունակի անդրադառնալ, մեր դիտարկմամբ, քաղաքական կոռուպցիայի այլ դրսեւորումներին, որոնց թվին է դասվում նաեւ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի վաճառքի գործարքը, թե ինչպես բաժնետոմսերի մի մասը դարձավ կառավարության սեփականությունը, ինչպես մեկ տարվա մեջ երեք անգամ փոխվեց կառավարող մարմինը եւ որ ամենակարեւորն է՝ ինչու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728