«Ոմանք մեկ աղբյուրից պետական գնումներն օգտագործում են սեփական շահերն առաջ տանելու համար։ Դրա համար պետք են օրենսդրական այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն եւ կբացահայտեն նման իրավիճակները։ Մամուլից փաստագրված դեպքեր են հայտնի, որ չարաշահվում է պետական կարիքների համար մեկ աղբյուրից գնման ինստիտուտը՝ ծանոթ-բարեկամի սկզբունքով»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր կառավարության հեղինակած՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի զեկուցման ժամանակ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա հետաքրքրվեց, թե վերջիվերջո ո՞ր օրենսդրական փաթեթով է այս խնդիրը կարգավորվելու։ Նախարար Գրիգոր Մինասյանը նախ նշեց, որ գնումների ոլորտին առաջիկայում անդրադառնալու են․ «Բայց պնդում եմ, որ օրենսդրության խստացման արդյունքում չէ, որ կբարեփոխվի ոլորտը։ Վախենամ, որ մեր քաղաքացիները եւ պատգամավորները լսեն այս հարցադրումները եւ ուզենան խստացումներ անել, որի պատճառով մեր գնումները․․․ եկեք տնտեսվարողներին չվախեցնենք, որ գնումներին մասնակցեն։ Այս մեկ տարում հազիվ ենք կարողացել մեկ-երկու մասնակցից թիվը հասցնել 10-12-ի։ Եթե, օրինակ, արդարադատության նախարարության գնումները նայեք, նախկին մեկ-երկու մասնակցից թիվը հասել է 10-15-20-ի։ Իմ համար դա երջանկություն է, որ կարողանում ես շատ մարդկանցից ընտրել լավ մատակարարի»։
Գրիգոր Մինասյանը հավելեց, որ հարցը լուծելի է քրեաիրավական ճիշտ մեխանիզմներով․ «Եթե որեւէ գնում կասկածի տակ է, իրավապահները պետք է գնան եւ գնում են դրա հետքերով եւ բացահայտում՝ կա՞ հարց, որը կարող է քննարկվել։ Բայց օրենսդրությունը լավն է, պարոն Մինասյան։ Առաջիկայում էլ լավարկելու ենք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ