Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբ մեկն ասում է, որ պիտի միանանք ԵՄ-ին, կամ երբ Գորիս-Կապան ճանապարհի մի մասն անցնում է թշնամուն, դա ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված գործողությո՞ւն է»

Փետրվար 21,2023 12:26

Կառավարության հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն՝ ՀՀ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում․ մասնավորապես, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով։

Նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Հարցի զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց․ «Չեք կարծո՞ւմ, որ ավելի հստակ պետք է սահմանվի, թե ինչ է ինքնիշխանությունը, որպեսզի տարակարծություններ չլինեն, եւ ինքնիշխանությունը կնույնականացվի գործող իշխանության եւ կառավարության հետ»։

Լեւոն Բալյանը պատասխանեց, որ պետության ինքնիշխանությունը պետությանը բնորոշ գերակայություն է․ «Մենք կարծում ենք, որ հնարավոր բոլոր տեղերում եւ միջոցներում այս հասկացությունը հստակեցված է։ Առավել հստակեցնելու կարիք չկա։ Ձեւակերպումներն էլ հստակեցվել են՝ որքանով որ հնարավոր է»։

Գեղամ Նազարյանը չհամաձայնեց․ «Օրինակ՝ մի քաղաքական գործիչ կամ «ֆեյսբուքյան» օգտատեր գրում է, որ կարծում է՝ պետք է միանանք ԵՄ-ին։  Հիմա դա ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված գործողությո՞ւն է։ Կամ մյուսն ասում է, որ Բելառուս-ՌԴ միությանը պետք է միանալ։ Դա ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարությո՞ւն է»։

Բալյանն արձագանքեց, որ առկա կարգավորումներում նման հարցադրում չի առաջանում։ «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Արծվիկ Մինասյանը շարունակեց գործընկերոջ հարցադրումը՝ ո՞ր կարգավորումների մասին է խոսքը․ «ՀՀ անկախության հռչակագիրը սահմանում է Արցախի ինքնորոշման իրավունքը եւ այն, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է։ Հարց է առաջանում՝ այն տարածքները, որոնք հիմա թշնամուն են անցել, այդ դեպքերը համարվո՞ւմ են ինքնիշխանության դեմ ուղղված գործողություններ։ Քրեական գործեր հարուցվելո՞ւ են։ Կամ, գուցե հիմա կա՞ն հարուցված։ Ալիեւը ներգրավվա՞ծ է որպես մեղադրյալ։ Կամ, երբ որեւէ մեկը քարոզում է միանալ այլ կամ այն միջազգային կառույցին, դա ինքնիշխանության դեմ ուղղված գործողությո՞ւն է»։

Վարդան Բալյանը պատասխանեց․ «Քրեական գործերի հետ կապված տեղեկատվություն չունեմ, չեմ կարող ասել։ Միություններին անդամագրվելը կարող է լինել հանրաքվեներով, որը բռնի ուժի կիրառում չի ենթադրում։ Իսկ մեր նախագիծն այն մասին է, որ բռնի ուժի կիրառման կամ նման այլ դեպքերում պետք է լինի։ Ուստի ձեր ասածը սրան չի վերաբերում»։

Արծվիկ Մինասյանը պնդեց, որ նախագիծը որոշակիություն չունի, այդ պատճառով հետագայում որեւէ մեկը մի բան կասի եւ կարդարանա, թե ինքը  չգիտեր, որ դա ինքնիշխանության դեմ է ուղղված․ «Ուստի պետք է որոշակիացնել։ Առաջարկում եմ որոշակիության սկզբունքը մասնագիտական քննարկումների ենթարկել։ Տարածքային ամբողջականությունն է  սխալ ներկայացվում։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ո՞րն է մեր տարածքային ամբողջականությունը։ Կամ, այն տարածքները, որտեղ ՀՀ-ի իրավազորությունն ու ինքնիշխանությունն են գործում, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհը, հիմա չի գործում։ Դա ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտո՞ւմ է, թե ոչ։ Կարիք չեք տեսնո՞ւմ հստակեցման։ Սա է իմ ասածը»։

Բալյանը նշեց․ «Լրացուցիչ ուսումնասիրության կարիք գուցե լինի։ Այս պահին չունեմ ավելացնելու բան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728