Որքան կարելի է Ալիեւի` «օկուպանտի» մեղադրանքը կուլ տալ, ու դրանով դրդել նրան, որպեսզի նա ավելի նշանակալի զիջումներ պահանջի Հայաստանից
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հովանու ներքո կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:
Պաշտոնական Երեւանի տարածած մամլո հաղորդագրության համաձայն` հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջեւ դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության: «Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետեւանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական եւ էներգետիկ ճգնաժամի փաստը: Կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը», ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպման մեկնարկին համոզմունք հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատմական հնարավորություն ունեն հասնելու ամուր խաղաղության. «Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո իրապես պատմական հնարավորություն ունեն ամուր խաղաղություն հաստատելու համար: Կողմերը կրկին կենտրոնացել են խաղաղության գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ բանակցությունների միջոցով եւ ԵՄ-ի ու մեր միջոցով»: Բլինքենը վստահեցրեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է անել հնարավոր ամեն բան այդ ջանքերին աջակցելու համար` «լինի դա ուղիղ` մեր բարեկամների հետ, լինի դա եռակողմ ձեւաչափով, ինչպես որ սա, կամ այլ միջազգային գործընկերների հետ»:
Կարդացեք նաև
Մինչ Բլինքենի հովանու ներքո անցկացված հանդիպումը Մյունխենում նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումներ ունեցավ Փաշինյանի ու Ալիեւի հետ: «Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը, ինչպես նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի», ասվում էր ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Իլհամ Ալիեւն ու Շառլ Միշելը քննարկել էին հայ-ադրբեջանական կարգավորման հարցը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները եւ Բրյուսելյան խաղաղության գործընթացը: Մասնավորապես, Ալիեւն ասել է, որ ինքը` «սատարում է Բրյուսելյան ձեւաչափը»: Շառլ Միշելն էլ վստահեցրել է, որ ԵՄ-ը կշարունակի ջանքերը հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման Հարավային Կովկասում կայունություն եւ անվտանգություն ապահովելու ուղղությամբ: Ի դեպ, ադրբեջանական լրատվականները նաեւ հաղորդում էին, որ այս հանդիպմանը քննարկվել է նաեւ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հարցը, սակայն մասնավորապես ինչ համատեքստում է դրան անդրադարձ կատարվել` հայտնի չէ:
Այսպես, Վաշինգտոնին հաջողվեց Արցախի շրջափակման պայմաններում Փաշինյանին ու Ալիեւին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել: Ավելին, Երեւանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքներ են տանում: Փաշինյանը համաձայնեց ամերիկյան միջնորդությամբ բանակցությունների մասնակցել` մեկ անգամ եւս ապացուցելով, որ Ռուսաստանին այլեւս չի համարում անկողմնակալ միջնորդ, սակայն դեմ չէ Վաշինգտոնի հովանու ներքո բանակցելու եւ խաղաղության համաձայնագրի շուրջ փաստաթղթերի վրա աշխատանքներ տանելու:
Մյունխենյան եռակողմից հետո Ալիեւը շտապեց փակագծեր բացել կայացած հանդիպման վերաբերյալ` նպատակ ունենալով ցույց տալ, որ Բաքուն շարունակում է թելադրողի դերում մնալ եւ պայմաններ է թելադրում հայկական կողմին:
«Հանդիպումն անցավ լավ, կառուցողական: Ես արտահայտեցի իմ դիրքորոշումը: Քննարկվեցին բազմաթիվ հարցեր, այդ թվում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը: Գլխավոր հարցն այն էր, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվի միջազգային նորմերի եւ սկզբունքների վրա: Երեք օր առաջ մենք ստացել ենք Հայաստանի առաջարկները: Մենք դրանք ուսումնասիրում ենք: Առաջին հայացքից Հայաստանի դիրքորոշման մեջ կա առաջընթաց, բայց դա բավարար չէ»,-նշեց Ալիեւը:
Պարզվեց, Ադրբեջանը Մյունխեն կոնկրետ առաջարկներով էր ժամանել: Բաքուն Երեւանին առաջարկել է հսկիչ անցակետեր տեղադրել հայ-ադրբեջանական սահմանին: «Ես նշեցի, որ լավ կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ կարգով հսկիչ անցակետեր տեղադրեին հայ-ադրբեջանական սահմանին: Մենք այսօր պաշտոնապես ներկայացրինք այդ առաջարկը: Ավելի վաղ այդ առաջարկը փոխանցվել էր ոչ պաշտոնական խողովակով»,- նշեց Ալիեւը:
Փաստացի, Ալիեւը խոստովանեց, թե ինչու են շարունակում Լաչինի միջանցքը փակ պահել, որպեսզի նրանց նպատակը իրականանա, այն է` հսկիչ անցակետեր տեղադրել հայ-ադրբեջանական սահմանին:
Այնուհետեւ, Ալիեւը հավելել է, թե չեն կարող թույլ տալ, որ ԼՂ-ի հարցը ներառվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք պայմանագրում: «Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, ապա այստեղ էլ մեր դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է: Մենք ցանկանում ենք, որ կարգավորումը հնարավորինս արագ տեղի ունենա: Եթե Հայաստանն իր մեջ ուժ եւ կամք գտնի, ապա ես համոզված եմ, որ կարճ ժամանակում հնարավոր է դրան հասնել»: Ապա` նա նկատել է. «Մենք երբեք թույլ չենք տվել եւ թույլ չենք տա, որպեսզի արտաքին ուժերը միջամտեն մեր ներքին գործերին: Ղարաբաղն Ադրբեջան է: Դա տեսնում եւ դրա մասին խոսում է ողջ աշխարհը»: Ալիեւի խոսքով. «Առաջին, որ Ղարաբաղի հարցը չներառվի միջազգային օրակարգում: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի ղարաբաղյան հարցը որեւէ ձեւով ներառվի այն խաղաղության պայմանագրում, որը կստորագրեն Ադրբեջանն ու Հայաստանը: Այդ մասին այսօր ես ասել եմ պարոն Բլինքենի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը: Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատվի պատմական քարտեզների հիման վրա, եւ դրա մեջ կա պատմական տրամաբանություն: Մենք նաեւ ցանկանում ենք, որ Հայաստանը դադարեցնի տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ, եւ որ [հարաբերությունները] կարգավորվեն»:
Ապա Ալիեւն անդրադարձավ հայկական կողմի դիրքորոշմանը: Նրա մեկնաբանությամբ` շատ դժվար է հասկանալ, թե ինչ է ուզում Հայաստանը: «Նրանք մեկ հայտարարում են, որ ոչ մի բան չեն մեկնաբանի Լաչին-Խանքենդի (Բերձոր-Ստեփանակերտ- խմբ.) ճանապարհի իրավիճակի վերաբերյալ, քանի որ դրա հետ որեւէ կապ չունեն: Մեկ ասում են, որ ցանկանում են զբաղվել «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով»: Նրանք իրենց համար պետք է սահմանեն իրենց դիրքորոշումը եւ դա հասցնեն միջազգային գործընկերներին, եթե նրանք ունեն այդպիսի դիրքորոշում»,- ասել է նա: Իսկ ինչ վերաբերում է արցախահայության հետ բանակցելու թեմային, ապա Ալիեւը Մյունխենում մեկ անգամ եւս ներկայացրեց պայմանը, թե որ դեպքում է դա հնարավոր: Պատրաստ են բանակցել Ղարաբաղի հայերի հետ, բայց միայն այն դեպքում, երբ Ռուբեն Վարդանյանը լքի Ղարաբաղը։ Սա Ալիեւն արդեն հայտարարեց Հարավային Կովկասի անվտանգության թեմայով պանելային քննարկմանը:
Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկման մասնակցեց, որը կրում էր` «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագիրը: Իրեն ուղղված հարցերին պատասխանելիս, Փաշինյանն իր ձեւակերպումներում, կարելի է ասել, գրեթե անպատասխան թողեց Ալիեւի` Հայաստանին «ագրեսոր» ներկայացնելու կեղծ թեզերը:
Ահա նրա հայտարարություններից որոշները. «Շատ կարեւոր է, որ մեր տարածաշրջանը նույնպես արժանանա միջազգային ուշադրության, որովհետեւ կարծում եմ, որ շատ ռիսկեր կան», «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում մենք ունենք շատ կոնկրետ կետեր Լաչինի միջանցքի հետ կապված, եւ համաձայն այդ հայտարարության, Ադրբեջանի եւ ռուս խաղաղապահների պարտականությունն է Լաչինի միջանցքը բաց պահել, բայց հիմա, դժբախտաբար, մենք ունենք բացարձակապես այլ իրավիճակ։ Մենք կարծում ենք, որ միջազգային ուշադրությունը պետք է սեւեռված լինի այս իրավիճակի վրա, որովհետեւ մտավախություն ունենք, որ այս իրավիճակի շարունակականությունը կարող է պատճառել անդառնալի հումանիտար հետեւանքներ Լեռնային Ղարաբաղի հայերի համար», «Մենք ունենք Լաչինի միջանցքը, որը պետք է ազատորեն գործեր», «Համաձայն այդ եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս»:
Փաշինյանի ելույթի հիմնական շեշտադրումների ենթատեքստը կրկին հետեւյալն էր` հորդորել Ալիեւին մտածել խաղաղության մասին եւ գործել այդ ուղղությամբ: «Մենք շատ բարդ պատմություն ունենք…», «Այո՛, գուցե սա պատմական հանդիպում է, բայց ի՞նչ նպատակով ենք մենք ցանկանում դա օգտագործել։ Անհանդուրժողականություն, ատելություն բորբոքելո՞ւ, ագրեսիվ հռետորաբանություն մեր տարածաշրջանու՞մ, թե հակառակը՝ օգտագործել այս հարթակը` իրավիճակը բարելավելու համար», «Այս հարթակը պետք է օգտագործել կառուցողական մտադրություններով։ Իհարկե, մենք հիմա կարող ենք թշնամության մասին շատ պատմություններ պատմել, բայց ո՞րն է ղեկավարների դերը՝ խորացնե՞լ այդ թշնամանքը, թե՞ օգտագործել մեր հնարավորությունները, մեր մանդատները»։
Ալիեւին «կառուցողական» դաշտ բերելու գործում Փաշինյանը ոչ մի կերպ չի հանձնվում: Ոչ մի խոսք ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին, ոչ մի խոսք 90-ականներին արցախահայության ոտքի ելնելու պատճառների մասին, Ադրբեջանի կազմակերպած հայկական ջարդերի մասին, ղարաբաղյան առաջին պատերազմը սկսող Ադրբեջանի մասին, որը պարտվել է այդ պատերազմում: Առհասարակ, որեւէ անգամ Փաշինյանը կհիշեցնի՞ աշխարհին, որ ինչպես 2020 թվականի, այնպես էլ ղարաբաղյան առաջին պատերազմը սկսել է Ադրբեջանը, առաջինում պարտվել է ու Հայաստանը արժանապատիվ զինադադար է պարտադրել այդ երկրին:
Որքան կարելի է Ալիեւի` «օկուպանտի» մեղադրանքը կուլ տալ, ու դրանով դրդել նրան, որպեսզի նա ավելի նշանակալի զիջումներ պահանջի Հայաստանից:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 21.02.2023