Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը մերժել է ոստիկանության հայցն ընդդեմ զոհված զինծառայողի հոր

Փետրվար 21,2023 10:25

ՀՀ վարչական դատարանը փետրվարի 20-ին որոշել է ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Բագրատ Սուրենի Ուզունյանի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, մերժել: Որոշումը հրապարակվել է Datalex.am-ում։ Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայց էր ներկայացրել 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայող Դավիթ Ուզունյանի հորը՝ Բագրատ Ուզունյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին․ այդ հոդվածը վերաբերում է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն եւ ենթադրում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով։

Միջադեպը տեղի էր ունեցել 2022թ․ սեպտեմբերի 21-ին, երբ Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքն ապահովելու համար ոստիկանները բռնի, քարշ տալով եւ մարմնական վնասվածքներ հասցնելով բերման էին ենթարկել մոտ 4 տասնյակ ծնողների։

Վարչական դատարանի որոշման մեջ նշված են այդ թվում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

  • Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Ա․ Պապյանին հասցեագրված 21.09.2022 թվականի զեկուցագրի համաձայն՝ ոստիկանության կենտրոնական բաժնի ՀՈԲ ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան՝ Վ․ Բախշյանը զեկուցել է այն մասին, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին ծառայություն է իրականացվել Եռաբլուր պանթեոնում, որտեղ հավաքված քաղաքացիները իրականացնում էին բողոքի ակցիա՝ փակելով տարածքի մուտքը: Մոտենալով վերջիններիս՝ ներկայացվեց օրինական պահանջ՝ բացել մուտքը, սակայն վերջիններս չկատարեցին ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջը՝ շարունակելով իրենց նմանօրինակ վարքագիծը: Ստեղծված իրավիճակից ելնելով ժամը 07:15-ի սահմաններում թվով 10 բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ իրականացվեց վարչական ձերբակալում և ոստիկանության ՀՆԳ պարեկային ա/մ-ով տեղափոխվեցին ոստիկանության կենտրոնական բաժին: Բաժնում պարզվեց, որ վերջիններս հանդիսանում են՝ Գևորգ Աշոտի Մնջոյանը, Արմեն Կառլենի Գալստյանը, Գեղամ Մանուկի Անտոնյանը, Իգոր Թադևոսի Սարգսյանը, Բագրատ Սուրենի Ուզունյանը, Մեսրոպ Մնացականի Եղիազարյանը, Վիգեն Սամվելի Ազատյանը, Արամ Ալյոշայի Ավանեսյանը, Վարդան Սամվելի Ղազարյանը և Գարիկ Մեխակի Գալեյանը։
  • Բագրատ Ուզունյանը 21.09.2022 թվականին ժամը 07:15-ին գտնվել է ք․ Երևան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որտեղ չի ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, ինչով խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը, այն է՝ ոստիկանության ծառայողի կամ ոստիկանության զորքերի ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
  • Կենտրոնականի բաժնի ՀՈԲ ավագ տեսուչ ոստիկանության մայոր Աբրահամյանի կողմից 21.09.2022 թվականին կազմված տեղեկանքի համաձայն՝ Բագրատ Ուզունյանի նկատմամբ նյութեր նախապատրաստելու ընթացքում՝ անձնական զննություն կատարելու համար, հնարավոր չի եղել ապահովել նույն սեռի ընթերակաների ներկայությունը՝ կապված վաղ առավոտյան ժամի ոչ աշխատանքային օրվա հետ։

Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները հետեւյալն են

-Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Նույն օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն` հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։ Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից առանցքային է պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր գործողության առկայությունը, որը դրսևորվում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունը կատարող ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելով` անկախ այդպիսի չկատարմամբ արտահայտված գործողության (անգործության) դիտավորյալ կամ անզգույշ լինելու հանգամանքից։ Ըստ այդմ, ցանկացած գործողություն (անգործություն) կամ վարքագծի արտահայտում, որը հանգում է մարդկային համակեցության կանոնների նկատմամբ արհամարհանք դրսևորելուն, վարքագծի բարոյական և ընդունված կանոնները ցուցադրական կերպով անտեսելուն, շրջապատի մարդկանց հակադրվելուն, և որպիսի գործողությունը (անգործությունը) այս կամ այն չափով խեղում է հասարակական որևէ վայրում գտնվող անձի (անձանց) ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը կամ հասարակական նշանակության որևէ օբյեկտի բնականոն գործունեությունը, պետք է որակվի որպես հասարակական կարգի խախտում։ Հետևաբար, հասարակական կարգի պահպանության պարտականություն կատարող ոստիկանության ծառայողի որևէ պահանջ, որն ուղղված է որևէ անձի կողմից թույլ տրված (թույլ տրվող)` վկայակոչված գործողությանը կամ անգործությանը համապատասխանող, վարքագծի շտկմանը կամ այդպիսի գործողության ակնհայտ փորձի կամ սպառնալիքի կանխմանը` օրինական է, իսկ դրա չկատարումն իրավախախտում է, որը կարող է հանգեցնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության կիրառմանը։ Վերոգրյալի հիման վրա Դատարանը փաստում է, որ անձի որևէ վարքագծի կանխմանը կամ որևէ վարքագծի դրսևորմանն ուղղված` հասարակական կարգի պահպանության պարտականություն կատարող ոստիկանության ծառայողի կողմից արձակված պահանջի օրինականությունն ուղղակիորեն կախվածության մեջ է տվյալ անձի դրսևորած վարքագծի` հասարակական կարգը խախտող որակվելու պարագայից։

-Ամբողջ վերը նշվածի հիման վրա Դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով անհրաժեշտ է պարզել հետևյալ հանգամանքների առկայությունը. – ոստիկանության ծառայողի կողմից ներկայացվել է արդյո՞ք պահանջ, – պահանջը ներկայացվել է արդյո՞ք հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում, թե ոչ, – պահանջը եղել է արդյո՞ք օրինական, – կատարվել է արդյո՞ք ներկայացված պահանջը։ Այսինքն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը սույն դեպքում կարող է ծագել միայն այն դեպքում, երբ անձը, որին վերագրվում է զանցանքը, չի կատարում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը, իսկ պահանջը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի իմաստով օրինական կարող է համարվել միայն այն դեպքում, երբ այն ուղղված է հասարակական կարգը խախտող վարքագիծը դադարեցնելուն կամ հասարակական կարգն ապահովող վարքագիծ ապահովելուն։ Միաժամանակ, պահանջները պետք է ներկայացվեն օրենքով սահմանված կարգով` պահպանելով պահանջները ներկայացնելու և դրա հետևանքները կիրառելու համար օրենքով և օրենքով սահմանված դեպքերում այլ ենթաօրենսդրական ակտերով սահմանված պահանջները։ Միայն օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում ենթաօրենսդրական ակտերի պահանջների պահպանմամբ ներկայացված պահանջը կարող է դիտվել որպես օրինական պահանջ և հիմք հանդիսանալ այդ պահանջը չկատարող անձին պատասխանատվության ենթարկելու համար։

-Սույն գործի փաստերի համաձայն` ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Ա․ Պապյանին հասցեագրված 21.09.2022 թվականի զեկուցագրով ոստիկանության կենտրոնական բաժնի ՀՈԲ ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան՝ Վ․ Բախշյանը զեկուցել է այն մասին, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին ծառայություն է իրականացնել Եռաբլուր պանթեոնում, որտեղ հավաքված քաղաքացիները իրականացնում էին բողոքի ակցիա՝ փակելով տարածքի մուտքը: Մոտենալով վերջիններիս՝ ներկայացվեց օրինական պահանջ՝ բացել մուտքը, սակայն վերջիններս չկատարեցին ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջը՝ շարունակելով իրենց նմանօրինակ վարքագիծը: Ստեղծված իրավիճակից ելնելով ժամը 07:15-ի սահմաններում թվով 10 բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ իրականացվեց վարչական ձերբակալում և ոստիկանության ՀՆԳ պարեկային ա/մ-ով տեղափոխվեցին ոստիկանության կենտրոնական բաժին: Բաժնում պարզվեց, որ վերջիններս հանդիսանում են՝ Գևորգ Աշոտի Մնջոյանը, Արմեն Կառլենի Գալստյանը, Գեղամ Մանուկի Անտոնյանը, Իգոր Թադևոսի Սարգսյանը, Բագրատ Սուրենի Ուզունյանը, Մեսրոպ Մնացականի Եղիազարյանը, Վիգեն Սամվելի Ազատյանը, Արամ Ալյոշայի Ավանեսյանը, Վարդան Սամվելի Ղազարյանը և Գարիկ Մեխակի Գալեյանը: Վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 685 արձանագրությամբ արձանագրվել է, որ Բագրատ Ուզունյանը 21.09.2022 թվականին ժամը 07:15-ին գտնվել է ք․ Երևան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որտեղ չի ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, ինչով խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը։

-Դատարանը, վերը նշված վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով պարզված փաստական հանգամանքներին, գտնում է, որ դատարան ներկայացրած ապացույցները բավարար չեն՝ եզրակացնելու, որ Բագրատ Ուզունյանը, 21.09.2022 թվականին գտնվելով ք․ Երևան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իրականացրել է բողոքի ակցիա, վերջինիս ներկայացվել է օրինական պահանջ, և վերջինս չի կատարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը։ Այսպես, Բագրատ Ուզունյանը չի հերքում, որ 21.09.2022 թվականին գտնվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, սակայն Դատարանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Բագրատ Ուզունյանի որդին հանգչում է հենց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (այդ փաստը վկայակոչել է պատասխանողը, իսկ հայցվորը դրա դեմ չի առարկել)։ Գործով հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց, որ 21.09.2022 թվականին Բագրատ Ուզունյանը վաղ առավոտյան՝ մինչև ժամը 07։15 րոպեն, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրականացրել է հանրահավաք, ինչպես նշվել է հայցադիմումում։ Այնուամենայնիվ Դատարանը հայցվորի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետությունում, որպես ժողովրդավարական պետություն (ՀՀ Սահմանադրության 1-ին հոդված), ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով երաշխավորված է հավաքների կազմակերպման և դրանց մասնակցելու՝ յուրաքանչյուրի իրավունքը, ընդ որում՝ ինքնաբուխ հավաքների համար իրազեկում չի պահանջվում։

-Հաջորդիվ Դատարանը նկատում է, որ ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է, որ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Ըստ այդմ, ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու պահանջը օրինական գնահատելու համար պետք է առկա լինի ՀՀ Սահմանադրությամբ հստակ կանխանշված նպատակներից առնվազն մեկը։ Դեռևս չանդրադառնալով պահանջ ներկայացված լինելու փաստի հաստատված լինել-չլինելու հարցին, Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցվորը ոստիկանության կողմից ներկայացված պահանջը հայցադիմումով պայմանավորել է «հասարակական անվտանգության պահպանմամբ և հասարակական կարգի պահպանության անվտանգությունից ելնելով»։ Մինչդեռ հայցվորի կողմից, նախ, չի ներկայացվել որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ Բագրատ Ուզունյանը ենթադրյալ հավաքին մասնակցել/կազմակերպել/իրականացրել է, ինչով որևէ կերպ սպառնացել է «հասարակական անվտանգության պահպանմանը» կամ «հասարակական կարգի պահպանման անվտանգությանը»։

-Ավելին, ապացույց չներկայացնելուց զատ հայցվորը, բավարարվելով հայցադիմումում ընդհանրական և վերացական ձևակերպումներ նշելով, չի մասնավորեցրել, թե Բագրատ Ուզունյանի կողմից թույլ տրված և հատկապես ո՛ր գործողություններն են վտանգել հասարակական կարգը։ Այս առումով Դատարանը առանձնակի ուշադրություն է հրավիրում հետևյալ հանգամանքների վրա. Ըստ գործում առկա ապացույցների, քննարկվող դեպքը տեղի է ունեցել 21.09.2022 թվականին, ժամը 06։55-07։15 րոպեներին, այն է՝ ոչ աշխատանքային օրը («Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված)՝ վաղ առավոտյան: Ըստ հայցադիմումի՝ ոստիկանության ծառայողները 07։15-ին մոտեցել են հայցվորին և մյուսներին, կրկին անգամ նախազգուշացրել են նրանց, որ «նրանց գործողությունները վտանգում են հասարակական անվտանգությունը, խոչընդոտում են այլոց իրավունքների իրականացմանը»։

-Ուշագրավ է, որ հայցվորի կողմից ներկայացված որևէ ապացույցով չի հաստատվում նաև կրկին անգամ նախազգուշացնելու փաստը։ Մյուս կողմից, գործում առկա է 21.09.2021 թվականին ոստիկանության Կենտրոնական բաժնի ՀՈԲ ավագ տեսուչ ոստիկանության մայոր Ս. Աբրահամյանի կողմից կազմված տեղեկանքն առ այն, որ Բագրատ Ուզունյանի նկատմամբ նյութեր նախապատրաստելու ընթացքում՝ անձնական զննություն կատարելու համար հնարավոր չի եղել ապահովել նույն սեռի ընթերակաների ներկայությունը՝ «կապված վաղ առավոտյան ժամի ոչ աշխատանքային օրվա հետ»։ Այսինքն, ստացվում է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում ժամը 07։15 րոպեից ավելի ուշ հնարավոր չի եղել գտնել արական սեռի ընթերականեր, քանի որ օրը եղել է ոչ աշխատանքային, ժամը եղել է վաղ, սակայն ոչ աշխատանքային օրվա ավելի վաղ ժամին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում եղել են այնպիսի այլոք, որոնց իրավունքների իրականացմանը ենթադրաբար խոչընդոտել է Բագրատ Ուզունյանը։

-Ընդ որում, գործով չի ներկայացվել նաև որևէ ապացույց, որով կհաստատվեր այլ այնպիսի անձանց՝ նշված ժամին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գտնվելու վերաբերյալ, որոնց ենթադրյալ իրավունքները խախտվել են Բագրատ Ուզունյանի ենթադրյալ գործողություններից։ Ավելին, հայցվոր ոստիկանությունը չի հիմնավորել, թե հատկապես այլոց ո՛ր իրավունքների իրականացմանն է խոչընդոտել Բագրատ Ուզունյանը, որ անհրաժեշտություն է առաջացել վերջինիս պահանջ ներկայացնելու։ Հաջորդիվ Դատարանն արձանագրում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր, որ Բագրատ Ուզունյանին առհասարակ որևէ պահանջ ներկայացվել է։ Դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից դատարան ներկայացված 8 թերթ գրավոր ապացույցներից միայն Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՀՈԲ ավագ տեսուչ ոստիկանության կապիտան Բախշյանի զեկուցագրում է խոսք գնում «օրինական պահանջ ներկայացնելու» մասին, որպիսի ապացույցը Դատարանն արժանահավատ չի համարում՝ հաշվի առնելով, որ այն միակողմանի կազմված փաստաթուղթ է, որը, լավագույն դեպքում արտացոլում է այն կազմողի սուբյեկտիվ ընկալումները, իսկ պատասխանողի կողմից Դատարան է ներկայացվել 23.09.2022 թվականի՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն (քրեական վարույթ թիվ 69120022), որում արձանագրվել է. «Տեսանյութից ակնհայտ է, որ ոստիկանների գործողություններում առկա է հանցակազմ՝ ոստիկանների կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելով կամ լիազորություններն անցնելով (…)», իսկ նույն քրեական վարույթով 04.10.2022 թվականի որոշմամբ Բագրատ Ուզունյանը ճանաչվել է տուժող։

Ամբողջ վերոգրյալի հիման վրա Դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից դատարան ներկայացված ապացույցներով չի հաստատվում, որ.

– ոստիկանների կողմից Բագրատ Ուզունյանին ներկայացվել է պահանջ, – պահանջը ներկայացվել է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում,

– պահանջը եղել է օրինական,

– և, ըստ այդմ, պատասխանողի կողմից ոստիկանի օրինական պահանջը չի կատարվել։

Ավելին, Դատարանն արձանագրում է, որ ներկայացված վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերով չի հաստատվում, որ Բագրատ Ուզունյանի՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գտնվելը պայմանավորված է եղել հավաքի մասնակցությամբ՝ հաշվի առնելով, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է գտնվում Բագրատ Ուզունյանի որդու շիրիմը։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերով վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու կամ հայցադիմումի համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման բեռը չի կարող դրվել այն անձի վրա, որի գործողությունների վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրությունը։ Արձանագրությունն ինքնին ապացույց չէ։ Տվյալ դեպքում հայցադիմումի համար հիմք հանդիսացած փաստերի ապացուցման բեռը չի կարող դրվել Բագրատ Ուզունյանի վրա, հետևաբար այդ փաստերը պետք է ապացուցի հայցադիմում ներկայացրած՝ ՀՀ ոստիկանությունը։

Մինչդեռ Դատարանը փաստում է, որ հայցվոր ոստիկանության կողմից դատարան ներկայացված թվով 8 փաստաթղթերը հայցադիմումում նշված և իրավախախտման մասին արձանագրության կազմելու համար հիմք հանդիսացած փաստերի ապացուցման տեսանկյունից սնանկ են այն աստիճան, որ ոչ միայն չեն հաստատում պատասխանողին վերագրվող արարքի առկայությունը, այլև հայցվորի՝ գործի քննությանը չներկայանալու հանգամանքի հաշվառմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի հարուցումը ինքնանպատակ լինելու ողջամիտ կասկածի առաջացման վտանգ են ստեղծում, իսկ պետության կողմից պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ինքնանպատակ գործերի հարուցումն իրավական պետությունում անթույլատրելի է։

Ամբողջ վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանության պահանջն անհիմն է և ենթակա է մերժման։

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728