Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ հետազոտությունների՝ դարչինը բարելավում է հիշողությունն ու սովորելու ունակությունը

Փետրվար 21,2023 09:30

Դարչինը հնուց ի վեր լայնորեն կիրառվում է խոհարարության, բուսաբուժության, արոմաթերապիայի ոլորտներում, իսկ ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ այն օժտված է հակաբորբոքային, հակաքաղցկեղային, իմունիտետն ամրացնող և ուղեղի մտավոր գործառույթները բարելավող ազդեցություններով։

Որոշ հետազոտություններ էլ փաստում են դարչինի նյարդապաշտպան ներուժը, այդ թվում՝ Ալցհայմերի հիվանդության դեպքում։

Օրինակ՝ պարզվել է, որ դարչինի կազմում առկա ալդեհիդային միացություններն արգելակում են գլխուղեղում բետա ամիլոիդների կուտակումը, ինչը Ալցհայմերի հիվանդության առանցքային ցուցանիշներից է։

Դարչինի՝ մտավոր գործառույթների բարելավման ներուժի հետագա ուսումնասիրությունները կնպաստեն մտավոր գործառույթների թուլացումը կանխարգելող ռազմավարության մշակման հարցում։

Վերջերս հետազոտողները ուսումնասիրել են դարչինի՝ ճանաչողական գործառույթների վրա ունեցած ազդեցությանը նվիրված 40  հետազոտությունների մետաանալիզները։

Նրանք բացահայտել են, որ դարչինը նշանակալիորեն բարելավում է մտավոր գործառույթները, ինչպիսիք են սովորելու ունակությունն ու հիշողությունը։

Հետազոտությունը հրապարակվել է Nutritional Neuroscience ամսագրում։

Դարչինն ու ճանաչողական գործառույթը

Սկզբում հետազոտողները վերլուծել են այն հետազոտությունները, որոնցում կիրառվել է դարչինի փոշին կամ մզվածքը։

Կլինիկական մի հետազոտությունը ցույց է տվել, որ 40 օրվա ընթացքում դարչինով ծամոն ծամելը դրական է անդրադարձել դեռահասների հիշողության վրա։

In vivo (կենդանի օրգանիզմի վրա կատարված հետազոտություն) ուսումնասիրությունների մեծամասնությամբ պարզվել է, որ դարչինը դրական է ազդում ուսուցման ու հիշողության վրա, սակայն մեկ հետազոտություն փաստել է, որ դարչինը բացասաբար է անդրադառնում կարճաժամկետ հիշողության վրա։

Ինչպես պարզվել է, դարչինի կեղևից ստացվող մեթանոլի մզվածքը կարող է արգելակել բետա ամիլոիդի արտադրությունը։ Ուսումնասիրվել են նաև դարչինի այլ բաղադրամասերը՝ էվգենոլը, դարչինաթթուն (կինամոնաթթու) ու դարչինի ալդեհիդը։

Հետազոտողները բացահայտել են, որ էվգենոլը պաշտպանիչ ազդեցություն է գործում մտավոր գործառույթների վրա իր՝ ամիլոիդային կուտակումներն արգելակող և հակաօքսիդանտային հատկությունների շնորհիվ։ Իսկ ալդեհիդային միացություններն օժտված են հակաքաղցկեղային ու հակաբորբոքային ազդեցություններով, ինչը նույնպես նպաստում է ճանաչողական գործառույթների պաշտպանությանը։

Հետազոտողները նշել են, որ այդ արդյունքները կախված չեն եղել չափաբաժնից, և դարչինի ինչպես քիչ, այնպես էլ շատ քանակով օգտագործումը դրական ազդեցություն ունի։

Սանտա Մոնիկայի նյարդաբանության ինստիտուտի դասախոս և սննդաբան Մոլլի Ռապոզոն, սակայն, նշել է, որ հարկավոր են լրացուցիչ հետազոտություններ այդ պնդումները հաստատելու համար։

Դարչինը՝ սննդակարգում

Դարչինը երկու տեսակի է լինում՝ իսկական կան ցեյլոնյան և ինդոնեզիական դարչին կամ կասսիա։ Երկուսն էլ օգտակար դեր ունեն սննդակարգում, սակայն կասսիան տոքսին է պարունակում, որը կարող է վտանգավոր լինել, եթե օգտագործվի մեծ քանակությամբ։

«Կասսիայի օգտագործման չարաշահումը կարող է խաթարել լյարդի գործառույթները, մեծացնել թոքի, լյարդի, երիկամների քաղցկեղի վտանգը, փոխազդել այլ դեղամիջոցների հետ՝ իր բաղադրությունում կումարինի մեծաքանակ պարունակության շնորհիվ։ Մեծ քանակով օգտագործվող դարչինի փոշին նաև կարող է հազ ու շնչառության հետ կապված դժվարություններ առաջացնել հատկապես ասթմա ունեցող մարդկանց շրջանում»,- զգուշացնում է դոկտոր Կարեն Սալիվանը։

Մոլլի Ռապոզոն, իր հերթին, նշում է, որ դարչինն առանց վարանելու կարելի է ներառել սննդակարգում՝ որպես գլխուղեղի համար օգտակար հակաբորբոքային դիետայի բաղադրամաս։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728