Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը Հայաստան  այցը սկսեց Սյունիքի մարզից (ֆոտոշարք)

Փետրվար 20,2023 23:31

Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպն առաջին անգամ է Հայաստանում ու նրա խոսքով՝ որոշեց այցը սկսել Սյունիքի մարզից։ «Չնայած երկու օրով եմ Հայաստանում, բայց որոշեցինք Երեւանով չսահմանափակվել։ Առաջինը ցանկացա լինել Սյունիքում, որը մոտ է Լաչինի միջանցքին եւ այստեղ ավելի շատ է զգացվում փակ ճանապարհի իրողությունը։ Նաեւ Հայաստանի տարածք ներխուժումների մասին ցանկացա տեղյակ լինել, ուստի այցը սկսեցինք Սյունիքից»,-լրագրողների հետ զրույցում նշեց Էդուարդ Ֆիլիպը։ Ֆրանսիայի պատվիրակության կազմում են նաեւ նախկին նախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դեվեջյանի այրին՝ Սոֆի Դեվեջյանը։

Հիշեցնենք,  այսօր՝ փետրվարի 20-ին, Գորիսում  բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Վերջիններիս հետ պաշտոնական հանդիպմանը, ինչպես նաեւ Հայաստան-Արցախ ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ժամանակավորապես ապաստանած, ինչպես նաեւ վերջին պատերազմի հետեւանքով Բերձորից ու Աղավնոյից  տեղահանված արցախցիների հետ հանդիպմանը՝ Էդուարդ Ֆիլիպը հայտարարեց, որ «Լաչինի միջանցքն անհապաղ պետք է բացվի»։

 

Էդուարդ Ֆիլիպը կարեւորում է այն փաստը, որ իր ղեկավարած պատվիրակության այցը Հայաստան համընկավ Եվրամիության կողմից Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ Համընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում դիտորդների տեղակայման առաքելությանը։  «Կարծում եմ այս առաքելությունը կնպաստի սահմաններում կայունության ապահովման գործընթացին, ներխուժումների բացառմանը»,-նշեց  Ֆրանսիայի նախկին վարչապետը։

Փետրվարի 21-ին Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակության անդամները կհանդիպեն Հայաստանի վարչապետին, արտաքին գործերի նախարարին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ «Կարծում այս մարդիկ այն պաշտոնյաներն են, որոնք ամենամեծ ազդեցությունն ունեն հայ ժողովրդի ճակատագրի վրա։ Ուզում եմ լսել նրանց տեսակետը, նրանց բացատրությունները ստեղծված իրավիճակի մասին, որպեսզի այդ բացատրությունները ես կարողանամ ներկայացնել Ֆրանսիային ու աշխարհին»,-ասաց Էդուարդ Ֆիլիպը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728