«Լաչինի միջանցքը պիտի բացվի․ այս հարցում որևէ կասկած չկա, որեւէ իրավական դրույթ, կամ պատճառ չկա, որ արդարացնում է միջանցքի փակ լինելը։ Ֆրանսիան մտահոգված է այս իրավիճակով ու եվրոպացի մեր գործընկերներին միշտ հիշեցնում ենք այստեղ ստեղծված հումանիտար իրավիճակի մասին, բնակչության համար առաջացած մեծ ռիսկի մասին։ Պետք է բոլորը ստանձնեն իրենց պատասխանատվությունը»,- Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը։
Վերջինիս գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է։ Պատվիրակության կազմում են նախկին նախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դեվեջյանի այրին՝ Սոֆի Դեվեջյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ «Եկանք իրավիճակը տեղում տեսնելու եւ ասելու, որ ժամանակն է Լաչինի միջանցքը բացելու։ Նաեւ ցանկացանք մեր համերաշխությունը վերահաստատել հայ ժողովրդին»,-նշեց Ֆրանսիայի նախկին վարչապետը։ Ի դեպ, նշենք, որ պատվիրակության անդամները կրում էին «Ֆրանսիան Հայաստանի հետ» գրառմամբ կրծքանշաններ։
Կարդացեք նաև
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր խոսքում կարեւորեց այս ծանր ժամանակահատվածում բարձրաստիճան հյուրերի այցը Սյունիք։ Մարզպետը պատասխանեց ֆրանսիական կողմին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Սյունիքում ստեղծված իրավիճակին, անվտանգային հարցերին, սահմանամերձ գյուղերում ապրողների կենսակերպին։ Ռոբերտ Ղուկասյանը անդրադարձավ նաեւ առաջիկայում Սյունիքի ու Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ նահանգի միջեւ կնքվելիք հուշագրին։
Ֆրանսիական պատվիրակության անդամները Գորիսում հանդիպեցին Հայաստան-Արցախ ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ժամանակավորապես ապաստանած, ինչպես նաեւ վերջին պատերազմի հետեւանքով Բերձորից ու Աղավնոյից տեղահանված արցախցիների հետ։ Լսելով նրանց պատմություններն ու բարձրաձայնած խնդիրները՝ Էդուարդ Ֆիլիպը խոստացավ Ֆրանսիա վերադառնալուց հետո շարունակել ջանքերը՝ Բերձորի միջանցքի բացմանը հասնելու համար։
«Ֆրանսիա վերադառնալուց հետո, ինչպես եվրոպացի, այնպես էլ այլ գործընկերների հետ պիտի ելք փնտրեն միջանցքը անհապաղ բացելու համար։ Մասնավորապես մտածում եմ Ռուսաստանի կառավարության մասին, որը ամեն ջանք պիտի գործադրի միջանցքը բացելու համար»,-պատասխանելով լրագրողների հարցերին մասնավորապես նշեց Ֆրանսիայի նախկին վարչապետը։
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ։
Հրաժեշտից առաջ Էդուարդ Ֆիլիպը հուշանվերներ տվեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին եւ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ