Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանին ասում էիք՝ գնա կռվի, մի հանձնի հողը, կռվում է, զոհ է լինում, ասում եք՝ վա՛յ, էս ի՞նչ եղավ, հիմա ո՞նց անի». Քաղաքացիները՝ Ղարաբաղի մասին (տեսանյութ)

Փետրվար 20,2023 20:25

Ղարաբաղյան շարժման 35-ամյակին մեր քաղաքացիների շրջանում հարցումներ արեցինք, թե ի՞նչ հիշողություններ ունեն, ինչ չափով են մասնակցել ու հիմա ստեղծված իրավիճակում ի՞նչ ելք են տեսնում:

«Լավ հիշողություններ ունեմ Ղարաբաղյան շարժումից: Ես, ճիշտն ասած, չեմ մասնակցել, օգնություններ ենք ուղարկել դրսից: Ուտելիք, բան հավաքել ու ուղարկել ենք, այն ժամանակ ավելի կազմակերպված էր: Ղարաբաղի անկախության համար էին պայքարում, որ միանար Հայաստանին»,- պատասխանեց Գագիկ Միրզոյանը:

Հարցին՝ այսօրվա իրավիճակի հետ որ զուգահեռներ եք տանում, ի՞նչ եզրակացություններ ունեք, նա պատասխանեց. «Դե հիմա խառն է: Մեծ միջազգային քաղաքականություն է, Հայաստանը ինքնուրույն քաղաքականություն չի կարող վարի, երկու հսկաների մեջ ի՞նչ կարող է անի, ոնց որոշում են, այդպես էլ լինում է: ԽՍՀՄ-ը քանդվեց օբյեկտիվ պատճառներով, այնպես չէր, որ ղարաբաղյան շարժումը սկսեցին, Սովետը քանդվեց: Արդեն հասունացել էր, խնձորը ո՞նց է հասունանում ու ընկնում»: Ըստ նրա, որպես քաղաքացի ինքը ոչինչ չի կարող փոխել. «Միջազգային հանրությունն է որոշում»:

Որոշ քաղաքացիներ միակ ելքը տեսնում են իշխանափոխությունը: Գագիկ Միրզոյանը դեմ էր դրան. «Իշխանությունը փոխվեց՝ բան չի փոխվելու, իշխանություն է, էլի, թող աշխատեն: Էսքան իշխանություններ փոխվեց, ի՞նչը փոխվեց»: Հարցին՝ ձեզ չի՞ բարկացնում այն, որ այսօր Արցախը շրջափակման մեջ է, ՀՀ իշխանությունները Արցախից ձեռքերը լվացել են, ասում են մենք հազիվ Հայաստանի անվտանգությունն ենք պահում, Արցախինը ո՞նց պահենք, այդքան տղաներ զոհվեցին հանուն Ղարաբաղի ու այսօր Արցախը երկրորդ պլան է մղվել, նա պատասխանեց. «Ոչ թե երկրորդ պլան է մղվում, կարող է բաներ արվում է, մենք չգիտենք, ցույց չեն տալիս: Էդ ո՞նց է՝ մենք մտածում ենք, իրենք չե՞ն մտածում: Բաներ կան, որ գաղտնի է, պետք չի հայտարարել, ամեն ինչ չի, որ պետք է ջրի երես հանես, օրինակ ձեր ընտանիքի գաղտնիքները կհանե՞ք դուք տարածեք: Հիմա Արցախն էլ մի ընտանիք է, ստրատեգիա է, տակտիկապես գնում են դրան, չեն հելնելու ամեն ինչն ասեն: Դիվանագիտությունը բա դրանում է կայանում: Արցախը նոր չի քանդվում, 30 տարի քանդել են»:

Ճշտեցինք՝ ձեզ համար, որպես քաղաքացի, Արցախը պահելու գործոնն ինչքանո՞վ է կարեւոր, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր հայի համար էլ շատ կարեւոր է: Խոսքի Փաշինյանի համար կարեւոր չի՞, իր համար էլ է կարեւոր, բայց երբ որ շախմատ ես խաղում, դու պիտի իմանաս խաղի կանոնները ու կարողանաս մանեւրես, ոչ թե ճակատ ճակատի գնաս ու կորցնես»: Հարցին՝ շախմատ խաղալիս երբեմն որոշ խաղաքարեր զոհում ես՝ հանուն արքայի, հիմա զոհն Արցա՞խն է՝ նա պատասխանեց. «Ի՞նչ զոհի մասին է խոսքը: Փաշինյանին ասում էիք՝ գնա կռվի, մի հանձնի հողը, կռվում է, զոհ է լինում, ասում եք՝ վա՛յ, էս ի՞նչ եղավ, վա՛յ, էն ինչ եղավ, հիմա ո՞նց անի: Ոնց էլ լինի, միշտ էլ դժգոհողներ կան: Այնպես չի, որ իշխանությունը չի մտածում Հայաստանի մասին, կարող է հենց Հայաստանի լավն ուզենալով է այս քաղաքականությունը վարում: Ավելի լավ է կորցնես մի փոքր բան, հիմնականը պահես, քան թե ճակատ ճակատի գնաս՝ ամեն ինչը կորցնես»:

Հիշեցրինք, որ մենք հա՛մ Արցախի 75%-ն ենք կորցրել, հա՛մ տարածքներ Հայաստանից, հա՛մ այդքան զոհեր, նա պատասխանեց. «Պատերազմում զոհեր պիտի լինեն, բա պատերազմ եք անում, ուզում եք զոհ չլինե՞ն»: Իսկ թե ինչո՞ւ այնպես չարեց իշխանությունը, որ պատերազմ չլիներ՝ նա պատասխանեց. «Մենք չենք հարձակվել, նրանք են հարձակվել, ի՞նչ անեինք, չպաշտպանվեի՞նք: Ժամանակին այ էն իշխանությունները պետք է ամրապնդեին, զենք առնեին, ոչ թե հիմա մեծ-մեծ խոսում են, թե մենք էս ենք արել, էն ենք արել ու Ղարաբաղը չենք հանձնել: Ղարաբաղը չեք հանձնել, որովհետեւ այն ժամանակ իրադրությունը ուրիշ էր, հիմա միջազգային հանրության տեսակետը ուրիշ է, դրա համար էլ այսպես է: Եթե այն ժամանակ էդ վիլլաների փողը դնեին զենք առնեին, հիմա այսպես չէր լինի, բայց իրենք ամեն ինչը թուլացրել, քանդել են… Ժողովուրդը Փաշինյանին ընտրել է ու մինչեւ չգաս իշխանության, գաղտնիքները չես իմանա ինչ է կատարվում: Մեկ էլ գալիս ես իշխանության, գաղտնիքները բացվում են, ասում ՝ վայ, էս ի՞նչ է»:

Իսկ երբ ասացինք՝ թող հրաժարական տար, երբ տեսավ, այսպես ասած, գլխի գալիքը, նա պատասխանեց.«Է որ հրաժարական տար, Պողոսն եկավ, ի՞նչ էր անելու, իրանից լա՞վ է աշխատելու: Եթե գարանտիա կա, որ լավ կաշխատի Պողոսը, ընտրենք Պողոսին, բայց էդ Պողոսը պետք է հիմնավորի: Բայց հլը որ այդ ձեւի մարդ չկա, սաղ խոսում են, ամեն մեկն իր շահի մասին է մտածում»:

Քաղաքացին համոզված է՝ նախկին գեներալները թալանել են. «Որ դատական ակտ չկա, չի նշանակում, որ չեն թալանել, դա վիլլաներից, իրենց տներից է երեւում՝ թալանե՞լ են, թե՞ չեն թալանել: Եթե իր աշխատավարձը 1 մլն է, ինքը 100 մլն-անոց տուն է սարքում, էդ որտեղի՞ց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728