Ղարաբաղյան շարժման 35-ամյակին մեր քաղաքացիների շրջանում հարցումներ արեցինք, թե ի՞նչ հիշողություններ ունեն, ի՞նչ չափով են մասնակցել ու հիմա ստեղծված իրավիճակում ի՞նչ ելք են տեսնում:
Մի կին՝ Հայկուշ Տեր-Փանոսյանը, պատմեց. «Կոմունիստների ժամանակ, թե հետո շարժմանը մասնակցել եմ, որովհետեւ Արցախը մեր հայրենիքն է, մեր մի մասն է կազմում: Շարժման ժամանակ ես հույս ունեի, որ դեպի լավը պետք է գնար, բայց քանի գնաց… Մարդիկ սոված են: Քրոջս աղջիկը Ղարաբաղում է ապրում, ասում եմ՝ ո՞նց եք, սովա՞ծ եք, ասում է՝ մի օր սոված, մի օր՝ լավ: Իրենք՝ շրջափակման մեջ, մենք էլ իրանց հետ ոնց որ շրջափակման մեջ ենք ընկած, այդ աստիճանի ծուղակի մեջ ենք: Այն ժամանակ մի բռունցք էինք, իսկ հիմա… Ես բոլոր միտինգներին մասնակից եմ եղել»:
Կինը խոստովանեց, որ հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողքն է կանգնել, սեփական միջոցներով նրա հետ գնացել է մարզեր քարոզարշավի ու հանրահավաքների, բայց այսօր խորապես զղջում է. «Այսօրվա դրությամբ արդեն ես դժգոհ եմ: Չեմ ասում ինքը վատն է, եսիմ ինչ է: Ինքը բազմազավակ հայր է, կինը՝ մայր, բայց համենայնդեպս ինքը լավ տպավորություն չի թողել: Ես ուզում եմ, որ կառավարությունը փոխվի»:
Կարդացեք նաև
Հարցին՝ թե Փաշինյանին հեռացնելու դեպքում ո՞վ է ուզում գա իշխանության, նա պատասխանեց. «Հավանում եմ ԱԺԲ-ին, պատմաբաններ են, շատ խելացի մարդիկ են: Ուզում եմ, որ բեւեռը գա, հլը որ դա էլ փորձենք: Ասում էին՝ Սերժ Սարգսյանը գնա, բայց Սարգսյանից բեթարը եկավ: Ես չեմ ասում, որ ինքը՝ Փաշինյանը կործանվի, ինքն էլ է մարդ, թող ապրի, բայց հեռանա: Բայց չես կարողանում, էս ի՞նչ է, դուք գո՞հ եք: Իմ կյանքը չի փոխվել, դեպի վատն է փոխվել ավելի: Ես աշխատող մարդ եմ, կոմունիստների ժամանակից աշխատում եմ, թոշակ եմ ստանում»:
Դիտարկմանը, որ թոշակները Փաշինյանը ավելացրել է, նա պատասխանեց, որ իր թոշակը չի էլ ավելացել. «28 տարվա ստաժ եմ ունեցել, բայց 19 տարվա ստաժ են գրել, էդ էլ իրենց մախինացիան: 36.200 դրամ թոշակ եմ ստանում»:
Հարցին՝ հիմա, երբ Արցախը շրջափակման մեջ է, դուք՝ որպես քաղաքացի, ի՞նչ ելք եք տեսնում, պատասխանատվություն զգո՞ւմ եք ստեղծված իրավիճակի համար, հատկապես, որ դուք եք բերել Փաշինյանին իշխանության, նա պատասխանեց. «Պայքարել եմ, որ գա իշխանության, բայց մենք խաբվել ենք: Կառավարությունը պետք է կետ բացի, որ 6 ամիս, 1 տարի աշխատելուց հետո, եթե ինքը չի կարողանում մարդկանց բավարարել, պետք է դուրս գա: Էս կռիվները՝ մի կողմից, հիվանդությունը՝ COVID-ը՝ մի կողմից, հիմա էլ այնպիսի բաներ են անում… Ես Փաշինյանին մինչեւ պատերազմն եմ սատարել: Ես իմ մեքենայով եմ գնացել Փաշինյանի հետեւից Դիլիջան, Իջեւան, Կիրովական, Լենինական, հիմա բանի տեղ էլ չեն դնում»:
Մեկ այլ քաղաքացի մեր հարցին՝ դուք ժամանակին մասնակցե՞լ եք շարժմանը, ի՞նչ դերակատարություն եք ունեցել, պատասխանեց. «Շատ քիչ: Էնքան բան ա անցել գլխովս, որ չեմ կարում հիշեմ շատ կոնկրետ բաներ, բայց վիճակը խառն էր: Ազգային միասնություն էր, որը հիմա չկա: Այնտեղի մեր 120 հազար բնակիչների ինքնորոշման հարցն էր, պայքար էր»: Հարցին՝ հիմա Արցախը շրջափակման մեջ է, դուք՝ որպես քաղաքացի, ի՞նչ եք պատրաստ անել Ղարաբաղի համար, պատասխանեց. «Այ դա չեմ կարող պատասխանեմ, չգիտեմ դաժե ինչ կարամ անեմ»:
Մի կին պատասխանեց. «Մենք դրսից ենք, լսել ենք ղարաբաղյան շարժման մասին: Ես Բելառուսից եմ: Գիտենք, որ մեր ազգի փրկության համար էր, բայց արդյունքը չի երեւում ոնց է լինելու: Հիմա Արցախին օգնել չենք կարող, բայց հոգով ցավում ենք: Եթե իմ ձայնը ինչ-որ բան կփրկեր, կասեի, բայց որոշողները մենք չենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ