Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանն էլ է համարում՝ հակամարտությունը լուծված չէ, բայց ինքն ուզում է, որ այն սառեցված մնա». Արմեն Վարդանյան

Փետրվար 20,2023 17:46

«ՌԴ-Արևմուտք հարաբերությունները ինչպես սրված կային, այդպես սրված էլ մնացին, և Մյունխենի համաժողովը որևէ գրամ, կաթիլ չի փոխել այդ սրված հարաբերությունները, դրանք շարունակվում են այդպիսին լինել: Եվ ապագայում այդպես էլ կմնան»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Մյունխենում կայացած անվտանգության խնդիրներին նվիրված հերթական համաժողովի համատեքստում Հայաստան-Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններին, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Մեր այն դիտարկմանը, թե Մյունխենի համաժողովում եվրոպական երկրների ղեկավարների, մասնավորապես Ֆրանսիայի նախագահի ելույթում այն ընդհանուր գիծն էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և ռուսական կողմի ծրագիրը եվրոպական երկրները չեն ընդունում, հետևաբար հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում հետագա գործընթացը, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Սա Մակրոնի՝ նմանատիպ արդեն որերորդ հայտարարությունն է: Այո, բազմիցս ասել է,  որ Արևումտքը դեռևս չի համաձայնվում, որ ղարաբաղյան համակարգությունը լուծված է, ինչքան էլ Ալիևը պնդի, որ որևէ խնդիր չկա, արևմուտքը շատ լավ հասկանում է, որ կոնֆլիկտը լուծված չէ: Ապագայում դա պետք է լուծել: Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանն էլ է համարում, որ կոնֆլիկտը լուծված չէ, բայց ինքն ուզում է, որ այն սառեցված մնա, լուծում չլինի, իսկ Արևմուտքը փորձում է ինչ-որ կերպ լուծել հակամարտությունը»:

Հետաքրքրվեցինք՝ այս հարաբերություններում ՀՀ-ն արդյոք իրեն ճի՞շտ է դիրքավորել, որ Արևմուտք-ՌԴ հակամարտության մեջ մեր շահը չտուժի, մանավանդ, որ երկու քարի արանքում ենք հայտնվել, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Այո, երկու քարի արանքում ենք հայտնվել, բայց սա, բացի ռիսկերից, մեզ նաեւ հնարավորություն է տալիս այն առումով, որ կարող ենք մանևրել, կարող ենք մեր ուզած ուղղությամբ գնալ: Եթե արևմտյան պլանը մեր շահերից է բխում, փորձենք գնալ այդ ճանապարհով: Կարող ենք երկու կողմերի հետ էլ  բանակցություններ վարելով ժամանակ ձգել: Սա որոշակի հնարավորություն է տալիս այն առումով, որ Ռուսաստանը, որքան էլ փորձում է Ադրբեջանի հետ հասնել նրան, որ հակամարտությունից դուրս մղի Արևմուտքին, փաստացիորեն դա նրա մոտ չի ստացվում, ինչն, ընդհանուր առմամբ, մեր օգտին է»:

Մեր փաստմանը՝ Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ «մենք չենք կարող թույլ տալ, որ Արցախի հարցը որևէ կերպ ներառվի խաղաղության պայմանագրում» և հարցին՝ ինչպե՞ս կբնութագրեք նրա այս վարքագիծը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ալիևի վարքագիծը նոր չէ: Ինքն ամեն կերպ ուզում է հակամարտությունը վերջնականապես թաղել: Խաղաղության պայմանագրի՝ ադրբեջանական հայեցակարգում հենց այդպես էլ ներկայացված է. ՀՀ-ն պետք է հրաժարվի Արցախից, խաղաղության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ, իրականացվի սահմանների սահմանագծում և սահմանազատում, և հարցն ընդհանրապես թաղվի: Հայկական կողմը դրան չի համաձայնվում, պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց պայմանով, որ Արցախի հարցը ապագայում պետք է լուծվի, չպետք է թաղվի: Դրա համար այստեղ ՀՀ-ի և Ադրբեջանի դիրքորոշումներն արմատապես տարբերվում են, և այդ խաղաղության պայմանագրի գործընթացն ի վերջո կտապալվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728