Ermenihaber. Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի:
Ֆիլմի ռեժիսորներն են ազգությամբ հայ Արեն Փերդեջին և թուրք Էլա Ալմայանաջը: Վերջինները 2015-ին գլխավորել էին Հայոց ցեղասպանությունը որպես տեղահանություն ներկայացնող թուրքական արտադրության առաջին լիամետրաժ ֆիլմի՝ «Կորուսյալ թռչուններ»-ի ռեժիսորական աշխատանքը:
Կենսագրական ֆիլմի նախաձեռնությունը թուրքական ամենամեծ հոլդինգներից մեկինն է՝ «Doğuş Group»-ինը, որին պատկանում է Արա Գյուլերի արխիվը, հետազոտական կենտրոնն ու թանգարանը: Նկարահանումը պատվիրվելու է թուրքական Kara Kedi կինոարտադրական ստուդիային: Նշվում է, որ դեռևս հայտնի չէ, թե ով է մարմնավորելու գյուլերի կերպարը:
Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում։ Նա հայտնի է «Ստամբուլի աչք», «Ստամբուլի լուսանկարիչ», «Ակնթարթի որսորդ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան» պատվանուններով։
Կարդացեք նաև
Գյուլերն իր գործունեության ընթացքում լուսանկարել է այնպիսի հեղինակավոր անձանց, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը, Ջոն Բերգերը, Բերտրան Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք։ Ստամբուլում գտնվող նրա հայրական տունը վերածվել է տուն-թանգարանի, իսկ առաջին հարկում գտնվող «Արա» սրճարանը նշանավոր արվեստագետների հավաքատեղի է։ Արա Գյուլերը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին և հուղարկավորվել է Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանատանը։