Ինչպես տեղեկացրել ենք, Aravot.am-ին էր դիմել Սննդամթերքի անվտանգության բնագավառում փորձարկում իրականացնող «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ տնօրեն Արման Արարատյանը՝ դժգոհելով, որ հայտնվել է անառողջ մրցակցային իրավիճակում։
Վերջինս նշել էր, որ, ընդառաջ գնալով ՀՀ կառավարության` մարզերում ևս ներդրումներ կատարելու հորդորին, մեկ տարի առաջ լաբորատորիա է հիմնել նաև Շիրակի մարզում՝ Ախուրյան համայնքում` բավական մեծ ներդրում կատարելով, լաբորատորիան գերժամանակակից թանկարժեք տեխնոլոգիաներով զինելով, 10 աշխատատեղ ստեղծելով։
Սակայն, ըստ ներդրողի, 2023 թվականից ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչության կողմից սահմանային վերահսկողության ընթացքում վերցված նմուշները փորձարկման նպատակով հանձնվում են ոչ միայն «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի Շիրակի մարզային կենտրոնի փորձարկման լաբորատորիա, որը միակ հավատարմագրվածն է Շիրակում, այլ նաև «ԷՖ Դի ԷՅ» լաբորատորիայի նմուշների ընդունման կետ, որը տեղակայված է Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող «Տոնուս Լես» ՍՊԸ-ի դեղատանը։
Արման Արարատյանը հայտնել էր, որ «ԷՖ Դի ԷՅ-ը» Շիրակի մարզում չունի լաբորատորիա. նմուշները վերցնելով՝ փորձարկման է ուղարկում Կոտայքի մարզում գտնվող Նոր գյուղ համայնքի լաբորատորիա, մինչդեռ, ըստ նրա, այդպես աշխատելու իրավունք չկա, քանի որ մրցույթի պայմաններից մեկն այն է, որ կատարողը պարտավոր է Պայմանագրի 1.1 կետում նշված ծառայությունը Շիրակի մարզի համար մատուցել հենց Շիրակի մարզում։
Կարդացեք նաև
«Ըստ էության, հավասարության նշան է դրվել օրենքով սահմանված, մեր կողմից կատարված բոլոր պարտավորությունները՝ որպես սննդի փորձաքննության լաբորատորիա, և «Էֆ Դի-էՅ»-ի փորձանմուշների ընդունման կետը, որը տեղակայված է ինչ-որ դեղատներից մեկում, դրված է ինչ-որ մի սեղան, դիմացը մի աղջիկ և նմուշի ընդունում է կատարում։
Այդ կետի գործունեությունը իրավական առումով ոչ մի կերպ չի տեղավորվում ո՛չ օրենքի, ո՛չ կառավարության որոշման, ո՛չ էլ հենց այդ ծառայության կողմից սահմանված շրջանառության համաձայնագրի պահանջներում, բայց նա ճանաչվել է հաղթող կողմ։
Ես գնահատական չէի ուզի տալ, բայց դա շատ կոպիտ խախտում է, որի համար մենք իրավական բոլոր հիմքերը հավաքում ենք, այդ հարցի լուծումը տեսնում ենք իրավական հարթությունում», -դժգոհել էր Արման Արարատյանը։
Նա նաև նշել էր, որ եթե «Էֆ Դի-էՅ-ի» փորձանմուշների ընդունման կետը հավասար պայմաններում նույն ձևով է աշխատելու, ինչ իրենց լաբորատորիան, այդ դեպքում իրենց ներդրումները կլինեն ոչ արդյունավետ և չէր բացառել, որ իր լաբորատորիան փակվի։
Ըստ Արման Արարատյանի, 2022 թվականին հայտարարված մրցույթին «Էֆ Դի-էՅ լաբորատորիա» ՍՊԸ-ի հայտը ՍԱՏՄ-ի կողմից Շիրակի մարզի մասով մերժվել է, քանի որ վերջինիս գտնվելու վայրը Շիրակում չէ, Շիրակի մարզում չունի հավատարմագրված լաբորատորիա, գործունեություն է ծավալում Կոտայքում։ Իսկ 2023 թվականին, որը բառացիորեն անցած տարվա մրցույթի կրկնությունն է ՝ իր պայմաններով ու պահանջներով, «Էֆ Դի-էՅ» լաբորատորիան հաղթող է ճանաչվել։
Բողոքի կապակցությամբ՝ մինչեւ նյութի հրապարակումը, դիմել էինք նաեւ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին եւ «ԷՖ-ԴԻ-ԷՅ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ պարզաբանում ստանալու խնդրանքով: Մի քանի օր շարունակ, սպասելով նրանց պատասխանին, եւ չստանալով պատասխանը, ստիպված էինք հրապարակել միայն բողոքող կողմի դիտարկումները: Այսօր վերջապես ստացել ենք նաեւ հակառակ կողմի պարզաբանումները, որոնք ներկայացնում ենք ստորեւ:
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իր ուղարկած պարզաբանմամբ հայտնել է հետևյալը. ««Ստանդարտ Դիալոգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտարարություն վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. այն իրականությանը չի համապատասխանում:
Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում ձեռք բերվելիք լաբորատոր փորձաքննության ծառայությունների իրականացման համար փորձարկման լաբորատորիաների մրցույթի մասնակցելու համար «ԷՖ-ԴԻ ԷՅ Լաբորատորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության /այսուհետ՝ Ընկերություն/ կողմից Շիրակի մարզի համար հայտ չի ներկայացվել և, բնականաբար, չէր կարող մերժվել։
Այդ փաստը հաստատվել է նաև ՀՀ վարչական դատարանի կողմից ՎԴ/0833/05/22 վարչական գործով կայացված 26.10.2022 թվականի վճռով՝ մերժելով «ԷՖ-ԴԻ-ԷՅ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին գործողություն կատարելուն, այն է՝ «ԷՖ-ԴԻ-ԷՅ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՍՊ ընկերության հետ փորձաքննության ծառայության մատուցման շրջանակային համաձայնագիր, որով «ԷՖ-ԴԻ-ԷՅ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՍՊ ընկերությանը կտրվի հնարավորություն 2022 թվականի ընթացքում լաբորատոր փորձաքննության ծառայություններ մատուցել նաև Շիրակի մարզում, կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
2023 թվականի ընթացքում ձեռք բերվելիք լաբորատոր փորձաքննության ծառայությունների իրականացման համար փորձարկման լաբորատորիաների մրցույթի մասնակցելու համար «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացվել է 2 հայտ Հայաստանի Հանրապետության՝ բացառությամբ Շիրակի մարզի համար և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համար։
Տեսչական մարմնի ղեկավարի՝ 2022 թվականի նոյեմբերի 7-ի 3519-Ա հրամանով հաստատված հրավերի 2.4.11-րդ կետի համաձայն՝ Կատարողը պարտավոր է Պայմանագրի 1.1 կետում նշված ծառայությունը մատուցել Հայաստանի Հանրապետության՝ բացառությամբ Շիրակի մարզի համար՝ ք. Երևանում և /կամ/ դրա հարակից շրջաններում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համար՝ ՀՀ Շիրակի մարզում: Շրջանակային համաձայնագրի նախագծով և հրավերով փորձաքննությունը որևէ վայրում կատարելու կամ որևէ վայրում լաբորատորիա ունենալու պահանջ սահմանված չէ։
Հետևաբար մրցույթի կազմակերպման քարտուղարների կողմից առաջարկվել է «ԷՖ-ԴԻ ԷՅ Լաբորատորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կնքել Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի ընթացքում ձեռքբերվելիք լաբորատոր փորձաքննության ծառայությունների մատուցման շրջանակային համաձայնագիր: Նշված առաջարկության հիման վրա «ԷՖ-ԴԻ էՅ Լաբորատորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի դեկտեմբերի 30-ին կնքվել է N «ՀՀ ՍԱՏՄ- 23/01» եռակողմ Պայմանագիրը»:
«ԷՖ-ԴԻ-ԷՅ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն էլ ուղարկել է հետևյալ պարզաբանումը.
«Առավոտ» օրաթերթ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ նաև Օրաթերթ) կողմից 2023 թվականի փետրվարի 16-ին հրապարակվել է հոդված «ԷՖ-ԴԻ-ԷՅ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերաբերյալ (այսուհետ՝ նաև Ընկերություն)։ Հոդվածում բացասական լույսի ներքո է ներկայացվում Գյումրու տարածքում նմուշերի ընդունման և հետագա լաբորատոր ծառայությունների մատուցման Ընկերության գործունեությունը, որի վերաբերյալ Ընկերությունը ներկայացնում է պարզաբանումներ։
1)Հոդվածում նշվում է, որ պայմանագրի 1.1 կետի համաձայն ծառայությունները պետք է մատուցվեն Շիրակի մարզում։
Պարզաբանում. Պայմանագրով կողմերի հանդեպ չկա սահմանված պարտավորություն լաբորատոր ծառայությունների ամբողջ ընթացքը իրականացնել Շիրակի մարզում և Ընկերության կողմից լաբորատոր ծառայությունները մատուցվում են պատշաճ կարգով՝ չխախտելով ՍԱՏՄ կողմից նշված պահանջներն ու ժամկետները։
2) Հոդվածում նշվում է, որ հավասարության նշան է դրվել Շիրակի մարզում լաբորատորիա ունեցող սուբյեկտի և փորձանմուշների ընդունման կետ ունեցող սուբյեկտի միջև։
Պարզաբանում. Ցանկանում ենք նշել, որ «ԷՖ-ԴԻ-ԷՅ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ընկերությունը, ինչպես և «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերությունը սննդի անվտանգության վերաբերյալ լաբորատոր ծառայությունների մատուցման ոլորտում գործունեություն ծավալող սուբյեկտներ են և չենք կարծում, թե որևէ մեկին պետք է արտոնություն տրվեր որևէ մարզում լաբորատորիա կառուցելու համար, առավել ևս, որ նման օրենսդրական հիմքեր առկա չեն և երկու սուբյեկտներն էլ ունեն լաբորատորիաներ ՀՀ մարզերում։ Թե’ «ԷՖ-ԴԻ-ԷՅ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՍՊԸ-ն, թե’ «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ-ն հավասար մրցակցային պայմաններում և ազատ շուկայական հարաբերությունների շրջանակում մատուցում են լաբորատոր փորձարկման ծառայություններ, իսկ թե այդ ծառայության ընթացքը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման, որ հատվածում է իրականացվում՝ դա չի ազդում մատուցվող ծառայության որակի և կնքված պայմանագրերին համապատասխան լինելու վրա։
3) Հոդվածում նշվում է, որ Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող «Տոնուս Լես» ՍՊԸ-ի դեղատանն է գործում «ԷՖ-ԴԻ-ԷՅ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ»-ի նմուշների ընդունման կետը։
Պարզաբանում. Հոդվածում նշված հասցեում «Տոնուս Լես» ՍՊ ընկերության դեղատուն առկա չէ, այդ տարածքում դեղատնային գործունեություն իրականացնում է «Տոնուս-Լես Ռեմեդի» ՍՊ ընկերությունը, իսկ նույն հասցեի այլ հատվածում գործունեություն է իրականացնում «ԷՖ-ԴԻ-ԷՅ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՍՊ ընկերությունը, և որևէ իրավական նորմով չկա արգելք, որպիսի նույն հասցեի տարբեր հատվածներում գործունեություն ծավալեն տարբեր սուբյեկտներ։
4) 2022 թվականին հայտարարված մրցույթին «Էֆ Դի-էՅ լաբորատորիա» ՍՊԸ-ի հայտը ՍԱՏՄ-ի կողմից Շիրակի մարզի մասով մերժվել է, քանի որ վերջինիս գտնվելու վայրը Շիրակում չէ, Շիրակի մարզում չունի հավատարմագրված լաբորատորիա, գործունեություն է ծավալում է Կոտայքում։
Պարզաբանում. 2022 թվականի հայտարարված մրցույթին «ԷՖ-ԴԻ-ԷՅ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՍՊԸ-ի հայտը ՍԱՏՄ-ի կողմից Շիրակի մարզի մասով մերժվել է այլ պատճառներով, ոչ թե Օրաթերթի հրապարակած հոդվածում նշված պատճառներով, որի հետ անհամաձայնության արդյունքում էլ Ընկերությունը ձեռնարկել է միջոցներ՝ օգտվելու դատական պաշտպանության իր սահմանադրական իրավունքից։
5) 2023 թվականի մրցույթը բառացիորեն անցած տարվա մրցույթի կրկնությունն է, սակայն «Էֆ Դի-էՅ» լաբորատորիան հաղթող է ճանաչվել։
Պարզաբանում. 2023 թվականի մրցույթը չի հանդիսանում նախորդ տարվա մրցույթի կրկնությունն առնվազն այն պատճառով, որ լաբորատոր ծառայությունների մատուցման հարաբերությունները 2023 թվականի կնքված պայմանագրերի համաձայն մատուցվում են ամբողջ ՀՀ-ի տարածքով, ի տարբերություն 2022 թվականի, որի պարագայում առանձնացված է եղել Հայաստանի Հանրապետությունը, բացառությամբ Շիրակի մարզի և Շիրակի մարզ տարածքներով առանձին պայմանագրեր։ 2023 թվականին «ԷՖ-ԴԻ-ԷՅ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՍՊԸ-ն համապատասխանել է հայտարարված մրցույթի պահանջներին և ներկայացրել է համապատասխան փաթեթ՝ անհրաժեշտ փաստաթղթերով, որի արդյունքում ճանաչվել է մրցույթի հաղթողներից մեկը, հակառակ պարագայում «ԷՖ-ԴԻ-ԷՅ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը ՍԱՏՄ մրցույթի պահանջներին չհամապատասխանելու հիմքով կմերժվեր։
6) 2022 թվականին «Էֆ Դի-էՅ» լաբորատորիան նույնիսկ դատի էր տվել ՍԱՏՄ-ին, սակայն ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, նրանց հայցը մերժվել է։
Պարզաբանում. Օրաթերթի հրապարակած հոդվածում նշված դատական գործընթացի վերաբերյալ ցանկանում ենք տեղեկացնել, որ հիշատակված դատական ակտն օրինական ուժի մեջ չի մտել և բողոքարկվել է, ուստի 2022 թվականի մրցույթի վերաբերյալ առկա է վեճ, որի քննությունը դեռ շարունակվում է։
Նշենք, որ «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ տնօրեն Արման Արարատյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ խնդրի լուծումը տեսնում է իրավական հարթությունում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ