«Շատ լավ էին վերաբերվում, շնորհակալություն էին հայտնում, որ գնացել էինք օգնելու»,-ՀՀ ներքին գործերի նախարարությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին երկրաշարժից տուժած Սիրիայում եւ Թուրքիայում փրկարարական առաքելություն իրականացրած հայկական փրկարարական թիմի անդամները։
«Առաջին իսկ վայրկյանից՝ օդանավից իջնելուց, միայն երախտիքի խոսքեր ենք լսել՝ թե անցորդներից, թե տեղամասում աշխատելուց»,-նշեց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փոխգնդապետ Գարի Արմաղանյանը։
Անդրադառնալով տեղում աշխատելու դժվարություններին՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գեւորգյանը շեշտեց, որ աղետի գոտիներն իրենց համար նոր չեն, քանի որ պարբերաբար վերապատրաստվում են․ «Թուրքիայում փլուզումները մի փոքր տարբերվում էին Սիրիայից, որովհետեւ Սիրիայում շենքերն ամբողջությամբ էին փլուզվել։ Կրող կոնստրուկցիաները գրեթե ամբողջությամբ քանդվել էին։ Իսկ Թուրքիայում, որտեղ հնարավոր էր ողջ մարդ լիներ, ի պատիվ մեր փրկարարների, երեքին գտանք եւ ողջ դուրս բերեցինք»։
Կարդացեք նաև
Ըստ Արմեն Գեւորգյանի՝ Սպիտակի երկրաշարժի հետ համեմատություններն այնքան էլ հիմնավոր չեն, որովհետեւ Սիրիայում, օրինակ, փլուզումների մեծ մասը վերաբերում է նոր կառուցված շենքերին․ «Անձամբ մասնակցել եմ նաեւ Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացմանը։ Տարբերություն կա»։
Փրկարարները նշեցին, որ միջազգային փրկարարական թիմերի չափանիշներին համապատասխանում են, ունեն համապատասխան սարքավորումներ եւ պարբերաբար վերապատրաստումներ են անցնում․ «Իրական դեպքերի փորձ ունենք, տարբեր երկրներում մասնակցել ենք աշխատանքների»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ