Հայ-թուրքական սահմանի բացմամբ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական խնդիր է լուծվում, Եվրոպային ընդհանրապես չի էլ հետաքրքրում, նրանք, ըստ էության, չգիտեն էլ, թե Հայաստանն իրականում ինչ երկիր է, որտեղ է գտնվում: Հիմա իրենք կարող են սիրաշահել, մեր գլուխը շոյել, բայց իրենց նպատակը մեկն է՝ Ռուսաստանին կաթվածահար անել և դուրս մղել տարածաշրջանից: Նման քաղաքական մեկնաբանություն տվեց տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը, երբ Aravot.am-ը հետաքրքրվեց, թե հայ-թուրքական հարբերությունների կարգավորումը ի՞նչ կտա Հայաստանի տնտեսությանը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այց կատարեց Թուրքիա և վերահաստատեց տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման հարցում Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը:
«Հարցը տնտեսական չէ, բոլորովին այլ է. Ալիևի միջոցով արտահայտվող՝ Թուրքիայի որդեգրած նախապայմաններից, մոտեցումներից հասկանալի է դառնում, որ այս բարդ ընկերակցության պայմաններում Հայաստանը գտնվելու է սարսափելի ճնշման տակ: Անշուշտ, այս տարածաշրջանում մոնստր-պետությունները Ռուսաստանն ու Թուրքիան են, և Հայաստանի նման փոքր երկրի համար չափազանց դժվար է դիմակայել այս ճնշումներին: Հիմա ամբողջ հարցն այն է, թե որ երկրի, կոպիտ ասած, հսկողության կամ ազդեցության պայմաններում, Հայաստանը կկարողանա իրեն պահել: Անցած տասնամյակները ցույց տվեցին, որ Ռուսաստանի ազդեցության պարագայում Հայաստանի անվտանգությունն ինչ որ չափով պաշտպանված էր , բացի այդ Հայաստանը մեծապես օգտվել է Ռուսաստանի ռեսուրսներից: Միայն այն հանգամանքը, որ այսօր երեք միլիոնից ավելի հայեր հանգրվանել են Ռուսաստանում և կարողանում են հանգիստ ապրել, բավարար է ասել, որ կայունության, անվտանգության ապահովման առումով, Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում Հայաստանի շահերից է բխում, իսկ այդ ազդեցության կորուստը կարող է հղի լինել մեծ հետևանքներով:
Ինչ վերաբերվում է Թուրքիային, իհարկե նրա տնտեսությունը, արդյունաբերությունը զարգանում է, բայց Թուրքիան Հայաստանի Հանրապետությանը կընձեռի՞ մեծ հնարավորություն՝ տնտեսությունը զարգացնելու, համաշխարհային շուկաներում տեղ գրավելու համար: Խիստ կասկածում եմ»,-նշեց պարոն Բոստանջյանը:
Կարդացեք նաև
Հարցիս՝ եթե Ռուսաստանի դեպքում Հայաստանից հիմնականում գյուղմթերք էր արտահանվում, ապա ո՞ր արտադրանքը դոմինանտ կլինի դեպի Թուրքիա արտահանման պարագայում, Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ վտանգները չափազանց մեծ են, Թուրքիայի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա բացասական է լինելու: Տնտեսագիտության դոկտորի մեկնաբանություններն այս հարցի վերաբերյալ բոլորովին տնտեսագիտական չէին, քանի որ նա այն տեսակետին է, որ Արևմուտքը մեր տարածաշրջանում քաղաքական խնդիրներ է լուծում: «Թուրքիայի հետ համագործակցության պայմաններում, չեմ ուզում միանգամից կտրուկ ասել, առավել ևս, որ մեր իշխանությունները մեզ չեն էլ հարցնում, ես հակված եմ մտածելու, որ Արևմուտքն իր ամբողջ խնդիրները լուծելու համար, մասնավորապես՝ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու համար, մեր երկիրը տանում են մի ուղղությամբ , մի վեկտրով, որը դեմ է մեր երկրին, ժողովրդին: Սա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական խնդիր է, Եվրոպային ընդհանրապես չի էլ հետաքրքրում, նրանք ըստ էության չգիտեն էլ, թե Հայաստանն ինչ երկիր է, որտեղ է գտնվում: Հիմա իրենք կարող են սիրաշահել, մեր գլուխը շոյել, բայց իրենց նպատակը մեկն է. Ռուսաստանին կաթվածահար անել և դուրս մղել տարածաշրջանից»:
Երբ Վարդան Բոստանջյանին փորձեցի վերադարձնել տնտեսություն ու հարցրի, թե՝ ի՞նչ է տալու մեզ Անիի կամրջի վերագործարկումը, որը մատնանշում էր Արարատ Միրզոյանը, նա մի լավ ծիծաղեց. «Լավ էլի, մանր-մունր բաներով չհուզվեք, Անիի կամրջի վերականգնում… հա, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունից կարող է ընդհանրապես բոլորը բացակայեն, և մնա մաքուր թուրքական վիլայեթ: Կարելի է կարծել, բոլորս հուզված սպասում էինք Անիի կամրջին, իբր միայն այդ կամրջի վերականգնումն էր պակասում, որ մեր երկրում ամեն ինչ կարգավորվեր: Սա հասարակ մարդկանց ապակողմնորոշելու ինստիտուտ է»:
Որոշ մասնագետներ այն կարծիքին են, թե հայ-թուրքական սահմանի բացմամբ կվերականգնվի «Մետաքսի ճանապարհը» և կապը Չինաստանի հետ, գուցե ա՞յս առումով սահմանի բացումը տնտեսապես շահավետ լինի Հայաստանի համար՝ այս հարցին էլ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Իբր Հայաստանն էլ աշխարհով մեկ մի ցնցում է առաջացրել, Չինաստանն էլ «մետաքսի ճանապարհը» վերականգնելու համար շնչահեղձ սպասում է Հայաստանին: Ա՛յ մարդ, տենց միամիտ բաներ մի խոսեք, երբևէ: Առաջին հերթին անհրաժեշտ է, որ երկրի տնտեսությո՛ւնն արդյունավետ աշխատի, իսկ այս պահի դրությամբ մեր երկիրը «մոլերի երկիր է» ՝ միայն առևտուր և ծառայություններ, այսինքն՝ տնտեսության ժամանակակից ուղղություններ, տեխնոլոգիաներ չեն ներդրվում, հիմա էլ բան չմնաց, պետք է մեծագույն թափ տանք «մետաքսի ճանապարհին»:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ