Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհից զոհված 15 զինծառայողների ծնողները հրդեհից մեկ ամիս անց իրենց անհանգստացնող հարցերի պատասխանները չեն գտնում։ Նրանց մոտ գործի քննությունից եւ որոշ հանգամանքների բացահայտումից հետո կասկածներ եւ անվստահություն են առաջանում պաշտոնական վարկածի նկատմամբ։
Այսօր ծնողները կառավարության շենքի մոտ էին, բողոքի ցույց էին անում եւ պահանջում հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Կառավարությունից խոստացան առաջիկայում հանդիպման հնարավորության մասին տեղյակ պահել։
«Ուզում են մեր երեխեքին մեղավոր դարձնել, որպեսզի կապիտան Եղիշե Հակոբյանին փրկեն։ Երեւի կապիտանի հետ ինչ-որ պաշտոնավորներ էլի կապ ունեն, որ ուզում են կապիտանին փրկեն։ Սկզբում հիվանդանոցում հայտարարություն տարածվեց, որ կապիտանի արյան մեջ նարկոտիկ է եղել, լրատվամիջոցներն են գրել։ Էսօր ասում են՝ չկա նման։ Մինչեւ վերջ գնալու ենք՝ արտաշիրիմում, նմուշների կրկնակի փորձաքննություն»,-ասաց ծնողներից մեկը։
Մեկ այլ ծնող էլ իր վարկածն ասաց՝ կարծես դիտավորյալ են վառել տղաներին․«Կրակն այն հատվածներում է եղել, որտեղ մահճակալներն էին դրված։ Երեխաներից մեկի պապիկը դիահերձարանում նկատել է, որ հիմնականում տղաների գլուխներն է վառված։ Ինչո՞ւ»։
Կարդացեք նաև
Ծնողները հրդեհից փրկված Գարուշ Սարգսյանի պատմածին էլ չեն հավատում։
Դիվերսիայի հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ ծնողներից մեկն ասաց․«Եթե ադրբեջանցի նոր ծառայող կարողացել է քայլելով գալ մտնել գյուղ, մոլորվել էր, դիվերսիան էլ կմտնի ու կմտնի։ Էրեխեքն են բռնել ադրբեջանցի զինվորին, կակպկպել, գցել են տունը, կապ հաստատել վերադասի հետ, նրանք էլ զեկուցել են վերեւներին, հետո ադրբեջանցիներն եկել իրենց զինվորին վերցրել, տարել են»։ Դեպքը, ըստ ծնողի, տեղի է ունեցել գարնանը։
Ծնողների մոտ քննության նկատմամբ անվստահություն է առաջացել նախեւառաջ այն բանից հետո, երբ կառավարության նիստում վարչապետը ներկայացրել է դրվագը, ասելով՝ հինգ լիտրանոց բենզինի տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ ․«Նիստում Փաշինյանն ասաց՝ ամեն ինչ պարզ է, պարզելու բան չկա։ Ինքն այնտե՞ղ է եղել, որ էդպես է ասում, քննչականի ղեկավարն էլ ասում է՝ դուք ճիշտ եք, պարոն վարչապետ, այլ վարկածներ ման գալը ազնիվ չի լինի։ Ազնիվը ո՞րն է։ Էսքան երեխաների խաղաղ պայմաներում տանել, սպանե՞լը։ Քննարկե՛ք այլ վարկածներ, կարող է այլ բան պարզվի»։
Ծնողներն ասացին, որ դեպքի վայրից հեռախոսներ, ժամացույցներ եւ այլ իրեր են գտել, մինչդեռ, ըստ նրանց, իրավապահները դեպքի վայրից ոչինչ չպետք է բաց թողնեին, տարածքը ամեն մեկին հասանելի չպիտի լիներ․«Դեպքից ժամեր հետո ով ուզել՝ մտել է, ինչի ուզել՝ ձեռք է տվել։ Այսինքն, իրենց կողմից մաքսիմալ անտարբերություն է եղել»։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց , որ ծնողների անվստահությունն ու կասկածները առաջացել են նաեւ գործին մասնակից դարձած այլ սուբյեկտների տարբեր ու հակասող տեղեկություններից․«Ծնողները տրամաբանական եւ հիմնավորված հարցեր են բարձրացնում։ Ակնկալում եւ պահանջում եմ, որ քննության առակա դարձնեն հնարավոր բոլոր վարկածները։ Օրինակ՝ սպանության, դիտավորությամբ կյանքից զրկելու վարկած, թունավորման, դիվեսիայի վարկածը եւ այլն։ Երբ համադրում ենք հրապարակված տեղեկությունները, ապա ստանում ենք շատ հակասական մի պատկեր։ Եթե վերլուծում ենք կապիտանի պաշտպանի կողմից հրապարակ բերված կապիտանի ցուցմունքները՝ ակնհայտ է դառնում, որ հրդեհի բռնկման պահից մինեւ 15-20 րոպե տեւողության ժամանակահատվածը բավարար էր, ոպեսզի զինծառայողները դուրս գային այդ տարածքից եւ փորձեին հրդեհը չեզոքացնել։ Բայց ակնհայտ է, որ զինվորները ոչ մի գործողություն չեն կատարել, ինչը մեզ տալիս է հնարավորություն արձանագրելու, որ զինվորները ողջ չեն եղել, հակառակ դեպքում նրանք կգործադրեին ողջամիտ քայլեր՝ տարածքից դուրս գալու համար։ Հետեւաբար պետք է պատասխանեն հարցերին՝ հրդեհը հետեւա՞նք է ինչ-որ հետքեր թաքցնելու, թե՞ անփույթ գործընթաց է, հրդեհի եւ երեխաների մահվան միջեւ առկա՞ է ինչ-որ պատճառահետեւանքային կապ, թե՞ ոչ։ Եթե Ժիրայրն ու Գարուշը հնաարվորություն են ունեցել դուրս գալու, ինչո՞ւ մնացածն այդ հնարավորությունը չեն ունեցել, իսկ եթե ասում են՝ ծխահարվել են, հարց է ծագում՝ ինչո՞ւ չի ծխահարվել Գարուշը կամ ողջ մնացած մյուս զինծառայողները»։
Փաստաբանը պնդում է՝ պետք է վերականգնել հրդեհից առաջ եղած պատկերը՝ ի՞նչ հարաբերություններ են եղել, ի՞նչ բնույթի գործառույթներ են իրականացրել զինծառայողները, ինչպիսի՞ մթնոլորտ է եղել ստորաբաժանումում, ինչո՞ւ երեխաները հանկարծ քնից չզարթնեցին, առավել եւս, երբ կապիտանի պաշտպանի հավաստմամբ՝ հրդեհի բռնկումից հետո սկսել են գոռգոռալ, փորձել են հանել, ինչո՞ւ հնարավոր չեղավ հանգցնել կրակը, եթե, ըստ իրենց, սուրճի բաժակի չափով բենզին է լցվել, 15-20 րոպեն բավարար չէ՞ր երեխաներին կացարանից դուրս հանելու համար։
Նորիկյանն ասաց, որ ծնողները սեփական հետաքննությունն են սկսել, դեպքի վայր են այցելել, նրանց հետ՝ նաեւ փաստաբանը։ «Էական հանգամանքներ են պարզվել․ այնպիսի տպավորություն է, որ վառվել են միայն մահճակալներն ու դրանց տակ գտնվող հատակը, իսկ մահճակալների միջեւ ընկած 60 սանտիմետրանոց միջանցքն այրված չէ։ Տպավորություն է, որ վառվել են հենց հատուկ մահճակալները, որի վրա գտնվել են զինվորները»,-ասաց փաստաբանը։ Նա հայտնեց, որ այլ էական հանգամանքներ եւս ի մի են բերվում, դրանք առաջիկայում ներկայացնելու է վարույթ իրականացնող մարմնին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ