Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձություններն անցողիկ են, հայրենիքն՝ առհավետ. դեպի Արցախը շրջվելու հրամայականը»

Փետրվար 20,2023 13:38

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 35-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ԿԱՄ ԴԵՄՔՈՎ ԴԵՊԻ ԱՐՑԱԽԸ ՇՐՋՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Շնորհավորում եմ բոլորիս արցախյան շարժման սկզբնավորման 35-րդ տարեդարձի առթիվ: 1988թ. ճիշտ այս օրը՝ փետրվարի 20-ին, Ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը ընդունել է մի պատմական որոշում հետևյալ բովանդակությամբ. «Ընդառաջելով ԼՂԻՄ բնակչության ցանկություններին՝ խնդրել Խորհրդային Ադրբեջանին և Խորհրդային Հայաստանին դրսևորել խորը ըմբռնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումների նկատմամբ և լուծել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմից Խորհրդային Հայաստանի կազմ տեղափոխելու հարցը: Միաժամանակ ներկայացնել միջնորդություն Խորհրդային Միության Գերագույն խորհրդին սույն հարցը դրական լուծելու նպատակով»:

Նման որոշման ընդունումը պայմանավորված էր 1988թ. հունվարի վերջին-փետրվարի սկզբին ԼՂԻՄ շրջաններում սկսված, ապա փետրվարի 13-ին Ստեփանակերտում 50 հազարին հասնող մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցած և հաջորդող օրերին չդադարող բազմահազարանոց հուժկու հանրահավաքների մասնակիցների պահանջով:

Մայր Հայաստանն արագ արձագանքեց արցախահայության արդար պահանջին ու միացավ հարազատ ժողովրդին: Այդ օրերին Երևանում ևս տեղի էին ունենում արցախահայության պահանջը պաշտպանող բազմահազարանոց հանրահավաքներ:

Արցախահայությունը ժամանակի օրենսդրության համաձայն, քաղաքակիրթ եղանակով ձևակերպել է իր պահանջը, որը սակայն ոչ միայն անտեսվել է ԽՍՀՄ բարձրագույն իշխանության պատկան մարմինների կողմից, այլև վերջիններիս իմացության և հանցավոր անգործության ու թողտվության պայմաններում Խորհրդային Ադրբեջանի վարչակազմը Խորհրդային Ադրբեջանի տարբեր բնակավայրերում ապրող հայ բնակչության նկատմամբ իրականացրել է պետական մակարդակով ծրագրված ցեղասպանություն և բռնի տեղահանություններ:

Չնայած դրան, Արցախի հայությունը չի ընկճվել, ճիշտ հակառակը. ինքնակազմակերպվելով և հիմնվելով Արցախի դարավոր պետականության հարուստ ավանդույթների վրա, շարունակել է հետևողականորեն առաջ մղել իր արդար պահանջը: Արցախահայությունը չի հրաժարվել այդ պահանջից նույնիսկ Արցախի դեմ ցեղասպան Ադրբեջանի սանձազերծած ագրեսիոն պատերազմի պայմաններում: Մի քանի տարիների համառ ու հետևողական պայքարը հանգեցրել է Արցախի Հանրապետության անկախության հռչակմանը:

Հայ ժողովրդի՝ պետության և ազգի վաղվա օրվա նկատմամբ մտահոգություն ունեցող հատվածն այսօր տխուր է, քանի որ օկուպանտ Ադրբեջանը բռնազավթել է հայկական երկրորդ հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի 84%-ն ու ապօրինաբար արգելափակել Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ ճանապարհահատվածը՝ հումանիտար ճգնաժամ առաջացնելով Արցախի Հանրապետությունում:

Գրեթե բոլորիս պատած տխրությունը կրկնակի է, քանզի Հայաստանի Հանրապետության՝ բոլոր առումներով ապիկար ներկայիս դե ֆակտո վարչակազմը մեջքով է շրջվել դեպի Արցախը:

Մենք արժանի չենք լինի մեր նախնիների, իրենց արյամբ Արցախի օկուպացված տարածքները 1991-1994թթ. ընթացքում ադրբեջանա-արցախյան առաջին պատերազմի արդյունքում ազատագրած մեր հերոսների հիշատակին, եթե չվերականգնենք Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը մինչև վերջին միլիմետրը: Հետևաբար, մենք կարող ենք և պետք է հետ բերենք կորցրածը ու դեռ ավելին:

Սիրելի՛ արցախցիներ, նախընթաց դարերում Արցախն ապրել է է՛լ ավելի ծանր ու դժնդակ ժամանակներ, քան ապրում է այսօր: Որքան էլ վիճակն օրհասական լինի, չընկճվե՛ք, գոտեպնդվե՛ք, թող երբեք չլքի ձեզ սերն առ ՀԱՅՐԵՆԻՔ, քանզի փորձություններն անցողիկ են, իսկ ՀԱՅՐԵՆԻՔՆ՝ առհավետ:

Կրկին անգամ շնորհավորելով արցախյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ՝ հայ ժողովրդին մաղթում եմ անսահման մեծ հավատ սեփական ուժերի հանդեպ, տոկունություն և հաղթանակներ, որն անպայմանորեն միասին ենք վերակերտելու:

Ստեփան ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728