Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարը պետք է դառնա մեր կյանքի բոլոր ասպարեզների կարգախոսը. Արցախի ԱԺ հայտարարությունը

Փետրվար 20,2023 12:49

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ – ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ՝ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 35-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

35 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմինը, ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում արտահայտելով ինքնավար երկրամասի ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքն ու  ցանկությունը, պատմական որոշում կայացրեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայաստանի ԽՍՀ -ին վերամիավորվելու մասին: Այդ որոշումը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ գործող սահմանադրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին: Փետրվարի 20-ի որոշումը պայմաններ ստեղծեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կազմավորման և նրա միջազգային ճանաչման գործընթացը տանել համաշխարհային հանրության կողմից դավանվող իրավական նորմերով:

1988 թվականի իրադարձությունները զորաշարժի ենթարկեցին համայն հայությանը: Սեփական հայրենիքում արժանապատիվ ու ազատ ապրելու և ազգային պետականություն ունենալու շարժումը համահայկական բնույթ ստացավ: Արցախը դարձավ համազգային զարթոնքի խորհրդանիշ, իսկ ազգային–ազատագրական պայքարի արդյունքում հայ ժողովուրդը վաստակեց անկախ պետականություն ունենալու իրավունքը:

1988 թվականի  փետրվարի 20-ի անկյունաքարային նշանակության որոշմանը հաջորդեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ ընդունած հռչակագիրը, որը նույն թվականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեի միջոցով, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ամբողջացրեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կազմավորման գործընթացը:

35 տարիների ընթացքում համահայկական տիրույթում իրագործված ազգային ամեն մի ծրագրի գաղափարական հենքը 1988-ի իրադարձություններն էին:

Երեք ու կես տասնամյակների ընթացքում մենք անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով: Այսօր էլ Ադրբեջանը շրջափակման միջոցով փորձում է կոտրել արցախահայության կամքը:

ՊԱՅՔԱՐԸ պետք է դառնա մեր կյանքի բոլոր ասպարեզների կարգախոսը:

Արտահայտելով Արցախի ժողովրդի կամքն ու ցանկությունները` Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝

կոչ է անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ հայտարարություններից և հորդորներից զատ, գործնական քայլերով՝ քաղաքական, տնտեսական, ռազմական գործիքակազմերով, կանխել Ադրբեջանի էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը:

դիմում է Սփյուռքի և ՀՀ մեր հայրենակիցներին՝ հայ ժողովրդի արժանապատվությունը և լինելիությունը պաշտպանելու նպատակով համախմբել հայության ներուժը և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի ծավալապաշտական ու ագրեսիվ գործողությունները:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը` որպես ժողովրդի ձայնը ներկայացնող հավաքական մարմին, հավատարիմ է մարդու հիմնարար իրավունքներին և, առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության արժեքներով ու սկզբունքներով, վճռական է տրամադրված՝ իրացնելու իր պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու համաժողովրդական կամքը: Մեր խոնարհումը բերելով բոլոր ժամանակներում հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ իրենց կյանքը նվիրաբերած հազարավոր նահատակների հիշատակին, պատրաստակամ ենք շարունակել նրանց սուրբ գործը՝ հաղթական հանգրվանի հասնելու համար:

Համայն հայությանը և Արցախի բարեկամներին շնորհավորելով հիշարժան տոնի կապակցությամբ, լիահույս ենք, որ փետրվարյան զարթոնքը նոր լիցք կդառնա համազգային իղձերի իրականացման ճանապարհին:

Արցախի Հանրապետության 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728