Պերմանենտ դիմահարդարման միջազգային որակավորում ունեցող մասնագետ ու թրեյներ Հասմիկ Վարդանյանի հետ զրուցել ենք կոսմետոլոգիական այս միջամտության առանձնահատկությունների ու հնարավորությունների մասին։
-Ի՞նչ է պերմանենտ դիմահարդարումը և ի՞նչ նպատակներով է այն կիրառվում։
Պերմանենտ դիմահարդարումը, կարելի է ասել, տատուաժի ժամանակակից տեսակն է․ այն կոսմետոլոգիական միջամտություն է, որի շնորհիվ հատուկ պիգմենտների օգնությամբ կարելի է շտկել հոնքերը, օրինակ՝ լրացնելով բաց տեղերն ու ավելի ամբողջական և գեղեցիկ տեսք հաղորդելով դրանց, ընդգծել կոպերը՝ սլաքների կամ ստվերաներկի տեսքով, շրթունքներին գեղեցիկ, հետաքրքիր երանգ հաղորդել։ Ինչպես հուշում է անվանումը, այդ միջամտությունը երկարաժամկետ արդյունք է ապահովում։
Սակայն, պերմանենտ դիմահարդարման հնարավորություններն այսքանով չեն սահմանափակվում։ Պերմանենտի միջոցով, օրինակ, կարելի է վերականգնել կրծքի արեոլան, ինչի անհրաժեշտությունն առաջանում է, երբ կնոջ կուրծքը հեռացվում է հիվանդության պատճառով և փոխարենն իմպլանտ է տեղադրվում․ այդպիսի դեպքերում պերմանենտի շնորհիվ հնարավոր է դառնում վերականգնել բացակայող արեոլայի արտաքին տեսքը։ Այդ միջամտության միջոցով կարելի է քողարկել նաև մաշկի գույնի անհամաչափության հետ կապված խնդիրները՝ մաշկն ավելի միատոն դարձնելով։ Օրինակ՝ վիտիլիգոյի, տարատեսակ սպիների դեպքում այս մեթոդը բավականին արդյունավետ է։
Պերմանենտ դիմահարդարման օգնությանը հաճախ են դիմում այն կանայք, որոնք անցնում են քիմիաթերապիա, ինչպես գիտենք, այդ ժամանակ պացիենտների մեծամասնության մոտ մազերը, հոնքերն ու թարթիչները թափվում են։ Պերմանենտ դիմահարդարման շնորհիվ կարելի է վերականգնել հոնքերի արտաքին տեսքը, կոպերի շրջանում ընդգծել թարթիչների հատվածը՝ թույլ տալով կնոջը ազատվել քիմիաթերապիայի պատճառով առաջացած հնարավոր բարդույթներից։ Նշեմ, որ քիմիաթերապիա անցնող, ինչպես նաև կրծքագեղձի վիրահատության ենթարկված կանանց պերմանենտ դիմահարդարումը ես անվճար եմ կատարում, սակայն աշխատանքն իրականացնում եմ բժշկի գրավոր թույլտվության առկայության դեպքում։
Կարդացեք նաև
-Ինչպե՞ս պատրաստվել այդ պրոցեդուրային։ Ի՞նչ հակացուցումներ կան, և կարո՞ղ են արդյոք բարդություններ առաջանալ։
Միջամտությանը հատուկ պատրաստվելու կարիք չկա, պարզապես դեմքը պետք է լինի առանց շպարի․ հատկապես կոպերի դեպքում է դա շատ կարևոր, իսկ եթե թարթիչների լիցք կա, ապա կոպերի շրջանում պերմանենտ դիմահարդարում չենք կարող իրականացնել։ Շրթունքների պարագայում ցանկալի է նախնական խնամքը՝ դրանց չորությունն ու ճաքճքումը կանխելու համար։
Հակացուցումները մի փոքր վիճելի են, քանի որ կան շատ բացառություններ, օրինակ` շաքարային դիաբետը համարվում է հակացուցում, սակայն եթե արյան մեջ շաքարի մակարդակը նորմայի սահմանում է, մարդու ինքնազգացողությունը լավ է և նրա մոտ վերքերն ու քերծվածքներն արագ են ապաքինվում, ապա կարող ենք անել։ Պերմանենտ դիմահարդարումը բավականին անվնաս միջամտություն է, որի դեպքում գործ ունենք մաշկի վերին շերտի հետ, ի տարբերություն, օրինակ, դաջվածքի, որը մաշկի ավելի խորը շերտերն է թափանցում։
Նշեմ, որ ապաքինման փուլերը գրեթե նույն կերպ են անցնում․ առաջին օրերին գույնը մի փոքր մգանում է, թեփանման շերտ է առաջանում, որը հետո պոկվում է՝ տպավորություն ստեղծելով, որ պիգմենտը վերացել է, սակայն 1-1,5 ամսից ամեն ինչ կարգավորվում է, և արդյունքը, սովորաբար, ավելի նուրբ ու գեղեցիկ է լինում։ Կոպերի դիմահարդարման պարագայում հնարավոր է այտուց՝ 1-2 օր, շրթունքների դեպքում՝ նույնպես, սակայն օրվա ընթացքում շրթունքների այտուցն անհետանում է։ Շրթունքի դեպքում կարող է հերպես առաջանալ, որը կանխելու համար խմում են հակահերպեսային միջոցներ, սակայն երբ օրգանիզմը հակում ունի, դա երբեմն անխուսափելի է լինում։ Մնացած բարդությունները բացառում եմ, եթե պահպանվում են ցուցումները։
-Ինչպես նշվեց վերևում, պերմանենտ դիմահարդարումը երկարաժամկետ արդյունք է ապահովում, իսկ ի՞նչ անել, երբ ցանկանում ես հեռացնել այն։
Բարեբախտաբար, պերմանենտը մակերեսային է և օրգանիզմի նյութափոխանակության, ռեգեներացիայի արդյունքում գնալով թուլանում ու բացվում է, բացառությամբ՝ կոպերի, որի սլաքներն իսկապես մշտական են, սակայն ժամանակ առ ժամանակ թարմացման կարիք ունեն։ Դրա համար հատկապես կոպերի դեպքում խորհուրդ եմ տալիս ընտրել հնարավորինս նուրբ տարբերակ, քանի որ ժամանակի ընթացքում մաշկն իջնում է, ճաշակը փոխվում է, և կարող է կոպերի հագեցած դիմահարդարումն այդքան էլ արդիական չլինի կամ էսթետիկ տեսք չունենա։ Ճիշտ պերմանենտը, որը պետք է լինի թափանցիկ և բնական, հեշտությամբ է դուրս գալիս, սակայն երբ անընդհատ շտկումներ ենք անում՝ ամեն անգամ ներկ լցնելով՝ թափանցիկ, թեթև, եթերային վիճակը դառնում է ծանր, խիտ պիգմենտով՝ ստանալով դաջվածքի էֆեկտ, որը, բնականաբար, մեծ դժվարությամբ է դուրս գալիս։
Ինչ վերաբերում է շրթունքների պերմանենտին, ապա դրա իրական նպատակը անգույն շրթունքներին բնական գույն հաղորդելն է, սակայն այն ավելի հաճախ կիրառվում է որպես շպարի տեսակ, և այս դեպքում էլ խորհուրդ եմ տալիս շատ չշեղվել բնական գույնից։ Օրինակ՝ կան աղջիկներ, որոնք ուզում են վառ կարմիր կամ մանուշակագույն երանգ, որը ժամանակի ընթացքում կարող է հոգնեցնել, իսկ շրթունքների պերմանենտը հեռացնելը մի քիչ ավելի բարդ ու ցավոտ է։ Նաև կուզեի ավելացնել, որ ճիշտ չէ պերմանենտի միջոցով շուրթերը մեծացնել փորձելը, քանի որ շրթունքի եզրերի ու բուն շուրթերի մաշկը շատ տարբեր են, ու պիգմենտը չի կարող նույնությամբ նստել ծակոտկեն մաշկի և շրթունքի վրա։ Արդյունքը երբեք գեղեցիկ չի լինում։
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց ու աղջիկներին, որոնք մշտապես փորձում են կատարելագործել իրենց գեղեցկությունը։
Յուրաքանչյուր կին գեղեցիկ է յուրովի, և մեր դերը նրանց բնական գեղեցկությունն ընդգծելն է՝ բնությունից առանց շատ շեղվելու։ Իհարկե, շատ են լինում կանայք, որոնք փորձում են նմանվել մեկ ուրիշին, ասենք, գալիս և ասում են՝ այսինչի հոնքերից եմ ուզում, և այստեղ ինձ օգնում է իմ առաջին՝ հոգեբանի մասնագիտությունը։ Ես փորձում եմ նրանց բերել այն գաղափարին, որ նա նա է, դու՝ դու․ դեմքի, ոսկորների, աչքերի կառուցվածքով դուք շատ տարբեր եք ու չեք կարող նույնը ստանալ։
Ամենակարևոր խորհուրդս՝ փորձեք պահել սեփական դեմքն ու բնությունից տրված գեղեցկությունը։ Իհարկե, ես չափի մեջ արվող շտկումներին դեմ չեմ, բայց երբ կորցնում են սեփական դեմքը, դա ինձ համար անընդունելի է։
Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ