Ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի՝ բացի նրանից, որ պետք է բացահայտել բոլոր տիպի բացթողումները, ապօրինությունները, եւ դա բացարձակ անառողջ չէ, բայց միեւնույն ժամանակ, ըստ նրա՝ եթե դրա հետ միասին չկա համակարգային փոփոխության մոտեցում, դա ուղղակի կարող է կետային ազդեցություն ունենալ կոնկրետ մարդկանց նկատմամբ:
«Իհարկե, մտահոգիչ է, որ հենց բանակում սարսափելի, արտառոց դեպքերից հետո են սկսվում նմանատիպ գործերի հարուցումները, կարծես փորձեն հասարակությանը լռեցնել, կերակրել, ցույց տալ, թե աշխատում են, հետո նորից այդ իրավիճակը հանդարտվում է, նորից իներցիոն շարունակվում է մինչեւ նոր աղետ»,- «Առավոտի» հարցին՝ արդյոք ՊՆ նախկին նախարարների նկատմամբ հարուցված քրեական գործերը, նրանց հետ կատարվածը չի՞ արժեզրկում ընդհանուր ՊՆ համակարգը, այսպիսի կարծիք հայտնեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ Հայաստանում ոչ միայն բանակի իմիջի առողջացման, այլեւ հասարակության վստահության բարձրացման համար պետք է ավելի գործուն քայլեր կատարել ու մանրամասնեց. «Այսինքն՝ ես չեմ համարում, որ այդ քայլերը կարող են վնասել, հակառակը, կարող են միայն օգտակար լինել, եթե դա գնում է դեպի առողջացում:
Բացի նրանից, որ բացահայտվում են բոլոր բացթողումներն ու հանցագործությունները, կարծում եմ՝ նաեւ պետք է լինի նոր մոտեցումների եւ զինված ուժերի առողջացման վերաբերյալ հայեցակարգերի մշակում բանակի առողջացմանն ուղղված, ինչպես նաեւ զինվորական ծառայության մոդելների փոփոխություն, որպեսզի նաեւ մենք չունենանք ամբողջ մի սերնդի խեղում»: Նա առանձնացրեց կրթության իրավունքի, բանակում բռնությունների, միջանձնային հարաբերությունների, բարձիթողի վիճակի հետ կապված խնդիրները, որոնք կարող են ազդել զինվորների պատկերացումների վրա կյանքի վերաբերյալ մոտեցումների հայեցակարգերի մշակման հարցում: Իրավապաշտպանը կարեւորեց խորը բարեփոխումները ու ասաց. «Բացի նրանից, որ պետք է բացահայտել բոլոր տիպի բացթողումները, ապօրինությունները, եւ դա բացարձակ անառողջ չեմ համարում, բայց միեւնույն ժամանակ ուզում եմ ասել, որ եթե դրա հետ միասին չկա համակարգային փոփոխության մոտեցում, դա ուղղակի կարող է կետային ազդեցություն ունենալ կոնկրետ մարդկանց նկատմամբ. թեկուզ հարուցվեն գործեր, բացահայտվեն, բայց նրանք մյուսների համար չլինեն ուղենշային, թե ինչպես պետք է նորովի աշխատել»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ մտահոգիչ չէ՞, որ փորձը ցույց է տալիս՝ ՊՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ գործեր են հարուցվում, բայց դրանք ավարտին չեն հասցվում, կարծես հասարակությանը կերակրելու խնդիր են լուծում, Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ավելի մտահոգիչ է նա, երբ բանակում տեղի է ունենում արտակարգ որեւէ դեպք՝ մասնավորապես զորամասի հետ կապված հրդեհի դեպքը, որն արտառոց էր եւ բոլոր տիպի անօրինականությունների ու բացթողումների մի մեծ կույտ էր եւ դրանից հետո են նման գործերը հարուցվում»:
Զարուհի Հովհաննիսյանը հիշեցրեց՝ պատերազմից հետո եւս ստեղծվեց նմանատիպ իրավիճակ, երբ ՊՆ նախարարի, ՊԲ ղեկավարի ու տարբեր այսպիսի մարդկանց նկատմամբ գործեր հարուցվեցին. «Բայց մինչ այդ ո՞ւր էր վերահսկողությունը: Հեղափոխությունից հետո առաջին խնդիրը, որ հասարակության ուշադրության կենտրոնում էր, բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողների ամենօրյա ակցիաների արդյունքում բարձրացված խնդիրների լուծումն էր, որը մինչ այժմ էլ որեւէ գործուն կամ շոշափելի արդյունք չտվեց: Այսինքն՝ մենք ունենք հասարակության կողմից հստակ ձեւակերպված, պետությանը ներկայացված խնդիր՝ բանակի առողջացում, բանակում տարբեր վերահսկողական գործիքների իրականացում, տեսչական տարբեր գործողությունների, որ ամենօրյա վերահսկողության միջոցով նաեւ հանցագործությունները կկանխարգելի, ոչ թե կթողնի, որ հասցնի մի իրավիճակի, որ տեղի ունենա այդպիսի մի աղետ, հետո ասեն՝ վայ, այսինչն էր մեղավոր, բայց դա մենք չենք տեսնում: Սակայն, ցավոք, փաստացի մենք տեսնում ենք՝ այդ վերահսկողությունը, քրեական գործերը, տարբեր տիպի բարձրաձայնումները կամ պետության արձագանքը մշտապես միանում է այն պահին, երբ տեղի է ունենում սարսափելի մի դեպք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.02.2023