Գուցե զարմանալի բան ասեմ` այսօր Արցախում փակ են մանկապարտեզներն ու դպրոցների մեծ մասը։ Իսկ գուցե չասեմ, թե ինչի համար եւ ում պատճառով. այդ ամենը լավ գիտենք բոլորս։ Արցախում ապրող երեխաները, որ պետք է իրենց երջանիկ մանկությունը վայելեն, հեքիաթներ լսեն իրենց ծնողների շուրթերից, անընդհատ լսում են բլոկադայի մասին, իրենց վրա կրում դրա բոլոր բացասական հետեւանքները։
Հովհարային անջատումներն ու գազի բացակայությունը հումանիտար աղետի վառ արտահայտված փաստերից են։
Ստեփանակերտում 2023 թվականն է։ Մարդիկ ժամացույցին միայն ու միայն նայում են լույսերի միացումների ու անջատումների ժամանակ։ Փոքրիկ Արթուրը մորն ասում է. «Ծէրքէրս սառալ ա», իսկ մայրը որդուն հուսադրում է. «Պատար սպասե՛, էսաց լյուսէրը կյամա, հանցու պլիտին տքըցնիս»։ Չորսամյա քույրը` Արփին, իր ձեռքերի ջերմությունից պատրաստ է եղբորը փոխանցել. «Պէ՛ր ստէղ, իմս էնա տաք-տաք, յէս կտքըցնիմ»։ Մի այլ տանիքի տակ տասներկու տարեկան աղջնակի մտահոգ ձայնն է. «Էնքան հօգնալ ում մրսելան, էլ օզում չում մրսիմ…»։
Իսկ մեկ այլ ընտանիքում իննամյա երեխան է մորն իր անհանգստությունը հայտնում. «Մամա՛, յէս ստըղաս օրիշ տէղ չըմ օզյում քինամ, օզյում չում օրիշ լուզվավ խօսիմ»։ Իսկ յոթնամյա մի տղա իր կարեւոր ու իրատեսական եզրակացությունն է արել. «Մամ, թորքերը գիդումն թա մունք խաղալիքներնք, մզանավ խաղն անըմ»։
Եվ այսպես շարունակ։ Անգամ երեխաների գիտակցության մեջ շրջափակված իրականությունը շարունակականություն է ստանում. «Մամա՛, վէր 20 տարեկան տըռնամ, հըղցնէն ուժէ պէց ըրածն չէ՞ ինան»։ Բայց գիտե՞ք` Արցախում ամենաերկար ապրողները հույսն ու հավատն են։ Այդ երկուսը մարդկանց հետ քայլում են ամենում։
Արցախում ապրող չորսամյա Տաթեւի հարցադրումն ու մոր պատասխանը հրամայական է, որը ներկայացնում ենք առանց խմբագրման։
Կարդացեք նաև
-Մամա, պա վէր լօխ քինանք ստղաս, հուվա՞ ապրլան ստէղ։ Մունք պիտի մնանք ստէղ, վէր թօրքը կյա վէչ ստէղ։
-Արցախը մէր տօնն ա, բալա՛ս, մունք ստղաս վէշմին տէղ քինան չընք։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները` Դավիթ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
18.02.2023