Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ
– Խնդրում եմ մի փոքր մանրամասնեք, թե իրենից ինչ է ներկայացնում Եվրոպայի խորհրդի Պատմության դասավանդման դիտարանը (The Observatory on History Teaching in Europe):
– Եվրոպայում պատմության դասավանդման դիտարանը ստեղծվել է 2020 թվականի վերջին Եվրոպայի խորհրդի կողմից: Նրա առաքելությունն է խթանել որակյալ կրթությունը՝ ժողովրդավարական մշակույթի ընկալումը բարձրացնելու նպատակով: Խորհրդի անդամ է 16 մշտական եւ երկու դիտորդի կարգավիճակ ունեցող երկիր եւ այն մշտական եւ թեմատիկ զեկույցների միջոցով փորձում է տալ հստակ պատկերացում իր անդամ երկրներում պատմության դասավանդման վիճակի մասին: Անցած տարվա թեմատիկ զեկույցն էր «Համավարակների եւ բնական աղետների թեման պատմության դասավանդման մեջ» (զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ), իսկ այս տարվանը լինելու է «Տնտեսական ճգնաժամերի թեման պատմության դասավանդման մեջ»:
– Դուք ընտրվել եք այդ բյուրոյի անդամ եւ ժամկետն էլ, ինչպես նշել եք, 2 տարով է: Ո՞րն է ձեր առաքելությունն այդ բյուրոյի անդամի կարգավիճակում:
Կարդացեք նաև
– Բյուրոն այս խորհրդի ղեկավար մարմինն է, որը կազմված է 5 անդամից: Բացի դրանից, դիտարանն ունի նախագահ՝ ֆրանսիացի Ալան Լամասուրը եւ երկու փոխնախագահներ: Սա փաստորեն գործադիր մարմինն է, որը ընդունում է դիտարանի տարեկան եւ միջնաժամկետ ծրագրերը եւ դիտարկում դրանց իրականացումն առկա բյուջետային միջոցներին համապատասխան, ընտրում եւ նշանակում է գիտական խորհրդատուներ եւ փորձագետներ՝ իրականացվող ուսումնասիրությունների համար: Ես ընտրվել եմ Բյուրոյի անդամ 2021 թվականին երկու տարի ժամկետով եւ վերընտրվել եմ 2023 թ. փետրվարի 9-ին Ստրասբուրգում կայացած հերթական նիստի ընթացքում:
– Հետաքրքիր է՝ հնարավո՞ր է նման հեղինակավոր կառույցում հայկական թեմաների անդրադառնալ, հնչեղություն հաղորդել:
– Կառույցը դեռ շատ երիտասարդ է եւ շատ դեպքերում նոր է հստակեցնում իր անելիքները: Մշտապես շեշտվում է, որ նպատակն է դիտարկել, ուսումնասիրել եւ ներկայացնել տարբեր երկրներում պատմության ուսումնասիրության ձեւերը եւ բովանդակությունը, սակայն ոչ երբեք մեկնաբանել եւ խառնվել երկրների ներքին ընթացակարգերին: Սակայն ռուս-ուկրաինական պատերազմը որոշակիորեն փոխեց շեշտադրումները: Պարզ դարձավ եւ բարձրաձայնվեց այն իրողությունը, որ պատմությունը հաճախ օգտագործվում է քաղաքական եւ արտաքին քաղաքական նկրտումները հիմնավորելու եւ արդարացնելու համար: Այս առումով վտանգավոր են նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իր երկրի մտացածին պատմական հավակնությունների մասին, որոնք ոչ այլ ինչ են, քան ագրեսիայի սպառնալիք: Այս հարցը ես բարձրաձայնել եմ նաեւ վերջին հանդիպմանը:
Բացի այդ, պատմությունը նաեւ ձեւավորում է աշակերտների եւ երիտասարդ սերնդի մտածողությունը, եւ մենք օրինակ գիտենք, ինչպես է այն օգտագործվում Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելություն սերմանելու համար: Հասկանալու համար այս զարգացումները, պետք է մշտադիտարկել նման դրսեւորումները, բարձրաձայնել եւ հակադարձել դրանց:
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարը՝ Սուրեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից