Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը Կարինում

Փետրվար 20,2023 12:00

Կարինը (Էրզրում) հին հայկական քաղաք է: Այն գտնվում է Կարնո սարահարթում, Եփրատ գետի ձախ կողմում, Այծպտկունք լեռան հյուսիս-արեւմտյան լանջին, մոտ 2000 մ բարձրության վրա: Քաղաքի հարավային մասում Հավատամք լեռան բլրաշարերն են, իսկ դեպի արեւմուտք տարածվում է հանրահայտ Կարնո դաշտը: Դարերի ընթացքում Կարինում բազմաթիվ երկրաշարժեր են եղել, որոնք մեծ ավերածություններ ու մարդկային զոհեր են պատճառել հինավուրց քաղաքին: Մանր ժամանակագրություններից մեկում նշվել է, որ 1770թ. հոկտեմբերին «Երկիրն Արզրումու այնպէս ժաժ ելաւ, բոլոր բօվանդակ գեղան անցաւ, Հասանղալաու պարիսպները բլաւ»: Հովհաննես Կարնեցին (18-րդ դար) իր «Յաղագս մեծ սովուն, որ անկաւ ի քաղաքս Կարին» բանաստեղծությունում հիշատակում է նույն ժամանակաշրջանում Կարին քաղաքի եւ նրա շրջակայքի տնտեսական վիճակի, շուկայական հարաբերությունների մասին եղած պատմա-ավանդական որոշ տեղեկություններ եւ ապա անդրադառնում քաղաքի կրած բնական արհավիրքներին՝ երկրաշարժերին.

Ձախորդութիւնք հետ այն հասին,
Յամէն կողմ առ պատեցին,
Բազմակերպ վիշտք մեզ տիրեցին,
Մինչ ցարդ կեանք մեր մաշեցուցին:

Կարինի նահանգն ու քաղաքը զգալի վնասվել են 1809 եւ 1843թթ. երկրաշարժերից, որոնք պատճառել են նաեւ մարդկային զոհեր:

Կարինի Սուրբ Աստվածածին եկեղեցին

1859թ. հունվարի 9-ին, երեկոյան հարավային կողմից երկրաշարժի բավականին ուժեղ հարված է եղել Կարինում եւ նրա շրջակա գյուղերում: Երկրաշարժի ցնցումները կրկնվել են նաեւ մայիսի 21-ին առավոտյան: Այդ ցնցումները տեղի են ունեցել ստորերկրյա որոտի ընդհատվող դղրդյունով եւ կես ժամվա ընթացքում կրկնվել են անհավասար ըդմիջումներով: Առաջին հարվածներից հետո 1800 տուն բոլորովին քանդվել է, 1200 տուն քանդվել է կիսով չափ, իսկ 1200 տուն էլ շատ թե քիչ չափով վնասվել է: Քանդված շենքերի թվում են եղել գլխավոր զինանոցը, հայկական Սբ Գեւորգ եկեղեցին, հունական եւ ֆրանսիական եկեղեցիները եւ այլն: Երկրաշարժից զոհերի թիվը կազմել է մոտ 600 մարդ: Քաղաքի արեւելյան մասում գտնվող հայկական թաղամասում զոհվել են 12 հոգի: Երկրաշարժի ցնցումները շարունակվել են հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, 14-ին, հուլիսի 1-ին, հուլիսի 3-ին, օգոստոսի 1-ին, 10-ին, 11-ին եւ այլ օրերին:

1860թ. նոյեմբերի 22-ին դարձյալ ուժեղ երկրաշարժ է եղել Կարինում:

Նաեւ 1861թ. փետրվարի 18-ին գիշերը եղել է երկրաշարժի հինգ հարված, որը կրկնվել է փետրվարի 26-ին: Իսկ մարտի 7-ից հետո ալիքները թուլացել են:

Կարին 1881

1888թ. հունիս 23-ին Կարինի գավառի «Արծթի գիւղի մէջ թեթեւ երկրաշարժ պատահեցաւ: Արծթի գիւղն յայտնի է իւր առողջարար հանքային ջրերով: Այդ է պատճառը, որ հինգ վեց տարին մէկ անգամ թեթեւ ցնցումներ տեղի կունենան»:

1893թ. օգոստոսին նշվել է, որ «Կարինի մէջ երկրաշարժի բաւական զօրաւոր ցնցումներ զգացուեր են: Անցեալ հինգշաբթիէն մինչեւ շաբաթ երկրաշարժի նոր եւ սաստիկ ցնցումներ զգացուեր են ի Քորիձա. պատեր եւ ծխնելոյզներ բլեր են»:

1894թ. հունիսի 18-ին Կարինից գրել են. «Այս գիշեր երկրաշարժի թեթեւ ցնցում մը ունեցանք, որ 2-3 րոպէ տեւեց»:

1894թ. դեկտեմբերին գրվել է. «Էրզրումի Թորթում գաւառակի կեդրոն Հինախ գասապային մէջ զորաւոր շարժ մը պատահեր է»:

1896թ. մայիսին «Կայսերական դիտարանը տեղեկութիւն ստացաւ, թէ չորեքշաբթի օրը Էրզրումի Քղի գաւառակին մէջ երկրաշարժի զօրաւոր ցնցում մը զգացուեր է, սակայն արկած չէ պատահեր»:

1901թ. «Արարատ» հանդեսի էջերում կարդում ենք. «Հոկտեմբերի 26-ին, ուրբաթ օրը, Էրզրումի մէջ երկրաշարժ եղաւ, որի զօրաւոր ցնցումները բաւական ծանր վնասներ պատճառած են: Բազմաթիւ տուներ փլեր կամ ծանրապէս վնասուէր են: Կըսուի թէ մեռեալներուն եւ վիրաւորեալներուն թիւը 20-ի կը հասնի: Եկեղեցիներ ալ վնասուած են բաւական ծանր կերպով: Ժողովուրդը վրաններու տակ հաստատուեր է: Ժողովուրդը վախէն իր բնակարանները չէ մտէր, նոր ցնցումներու մտածումէն իսկ սարսափելով…»: Նոյեմբերի 13-ին գրվել է, որ «Էրզրումից ստացած նամակները, որոնք գրված են նոյեմբերի 6-ի թւով, յայտնում են, որ մինչեւ այդ օրը երկրաշարժը դեռ շաունակվում է երբեմն թոյլ, երբեմն աւելի ուժեղ ցնցումներով: Ժողովրդի մի մասը, խաբվելով երկրաշարժի ժամանակաւոր դադարից, փորձել է տեղափոխվել բնակարանները, բայց ցնցումները կրկնվելը նորից ստիպել է նրանց դուրս փախչել բնակարաններից եւ ապրել բացօդեայ»: Կ.Պոլսի լրագրերը գրել են, որ «Երկրաշարժը կը տեւէ երեք օրէ ի վեր: Յորառատ ձիւն կը տեղայ: Վնասված են մայր եկեղեցին, ազգային վարժարանը եւ Սանասարեան վարժարանը: Զանազան շէնքերու եղած վնասներուն կարեւորութիւնն ու մանրամասնութիւնները այժմէն չեն կրնար ճշդուիլ ու հաղորդուիլ: Բոլոր ժողովուրդը վրաններու տակ է: Սաստիկ պէտք կայ օգնութեան… Վերջին լուրերու նայելով, երկրաշարժին փլատակներուն տակէն 25-ի չափ դիակներ հանուեր են»: Այդ երկրաշարժի լուրն առնելով՝ Նորին Վեհափառությունը անմիջապէս հազար ռուբլի է ուղարկել Մայր Աթոռի գանձարանից ի նպաստ վտանգյալների:

1902թ. հունվարին գրվել է. «Կարինի անցած տարուայ երկրաշարժի բնակիչներին ձիւն ու ձմեռ ժամանակ դուրս քշեց դէպի փողոց եւ դէպի շրջակայ գիւղերը: Միեւնոյն ժամանակ Անդրկովկասից էլ նմանօրինակ մի գաղթ տեղի ունեցաւ դէպի նոյն կողմերը. Դաղստանի լեզգիներից ու չերքէզներից ցարդ աւելի քան 1500 տնուոր չուել տեղաւորուել են ներքին Բասենի գիւղերի մէջ, ուր ապրուստի միջոցներ են ստանում թուրք կառավարութիւնից»: Կարինից մեկ ուրիշ թղթակցությունում գրվել է. «Յունիսի 5-ին գիշերը ժամը 3-ին սաստիկ, 4-ին եւ 6-ին թեթեւ, ինչպէս նաեւ շաբթուս մէջ երկուշաբթի եւ երեքշաբթի առտու երկրաշարժի ցնցումներ զգացուեցան քաղքիս մէջ: Կը տեղեկանանք թէ յունիսի 5-ին Գօփ Տաղի եւ Էյէրլի ըսուած շրջակայ լեռներուն վրա, գիշերանց հովիւներ եւ ճամբոր ջորեպաններ լեղապատառ եղած են, ուժգին ցնցումներէ եւ ստորերկրեայ խուլ որոտումներէ: Լուսանալուն այդ մարդիկ սարսափով կը տեսնեն, որ շատ մը խոշոր քարեր իրենց տեղերը փոխած, գլորած են եւ թէ լեռներու վրա նշմարելի պատռուածքներ բացուած են»:

1903թ. հուլիսի 3-ին Կարինից գրվել է. «Չորեքշաբթիէն հինգշաբթի լուսանալու գիշեր ժամը 2 զ -ին երկրաշարժի բաւական զօրաւոր ցնցում մը տեղի ունեցաւ որ երկար տեւեց, խեղճ ժողովուրդը սարսափահար փողոցները խուժեց, մինչեւ լոյս անքուն գիշեր մը անցնելով, ժամը 7-ին դարձեալ զօրաւոր ցնցում կը տեղի ունեցաւ: Կը պատմուի թէ այս ցնցումներ Հասան Գալէի մէջ աւելի սաստկօրէն զգացուած են, սակայն ցարդ չլսեցինք թէ ի՞նչ հետեւանք ունեցած են»:

1909թ. դեկտեմբերին գրվել է, որ «Սաստիկ երկրաշարժը կործանել է համարեա ամբողջ Կարինը: Զօրանոցները աւերակների են վերածւել: Ազգաբնակութիւնը չնայած սաստիկ ցրտերին, մնում է բաց երկնքի տակ»:

1911թ. դեկտեմբերի 22-ին «Փլուզում Էրզրումի մէջ» վերնագրով գրվել է. «Բասէնի Եազը գիւղախմբին մէջ, Թաթոս գիւղի ետեւի կողմը գտնւող լեռը՝ ցնցումի հետեւանքով գահավիժելով, շրջակայ գիւղերը տանող ճամբաները գոցած է: Բնակարաններուն մինչեւ 20 ոտնաչափ մօտիկը՝ գետինը բաւական լայն կերպով մէկ քանի տեղէ ճեղքւած է, եւ 40-ի չափ արտեր փճացած են: Գիւղին յատուկ ջուրին ճամբան բոլորովին կորսւած ըլլալով, գիւղացիք առանց ջուրի մնացած են: Բասենի կառավարիչը տեղեկացուցած ըլլալով, որ բնակիչներուն հոն բնակիլը վտանգաւոր է, մասնաւոր երկրաչափներ ղըրկւեցան հարկ եղած քննութիւնը կատարել տալու համար եւ եթէ պէտք տեսնւի, ժողովուրդը առժամեայ կերպով ուրիշ գիւղեր պիտի տեղաւորին: Երկրաչափները այսօր Հասան-գալէ կը հասնին»:

Կարին 1916

1916թ. հոկտեմբերի վերջին նշվել է. «Կարնոյ լեռները արդէն ձիւնով ծածկուեր են, աշնան վերջի ցուրտ քամին սկսեր է ղօղանջել քանդուած, կիսախարխուլ պատուհաններու ու դռներու միջանցքներէն, եղած տուներու մեծ մասը օր աւուր կը պակասի: Պակասը կը լրացնէ բնութիւնը երկրաշարժով, ինչպիսին եղաւ հոկտեմբերի 8-ի իրիկուն, ժամը 7 զ -ին, որ շատ մը կիսաքանդ տներ բոլորովին քանդեց…»: 1924թ. երկրաշարժից ավերվել է Կարինը եւ շրջակա 60 գյուղ:

Կարինում եւ շրջակայքում տեղի ունեցած երկրաշարժերը կործանել ու ավերել են բազմաթիվ հայկական վանքեր ու եկեղեցիներ: Դրանցից հետաքրքիր է Կարինից 18 կմ հյուսիս-արեւելք գտնվող Հինձք գյուղի Կարմիր վանքը, որը փլվել է երկրաշարժից եւ 30 տարի անց վերանորոգվել:

Այդ մասին փորագրվել է վիմագիր բանաստեղծություն.

Վասն մեղաց գետին շարժեալ,
Սուրբ վանքս բոլորովին փլեալ:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող

Գլխավոր լուսանկարում՝ Կարինի հայկական թաղը

«Առավոտ» օրաթերթ
18.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728