«Այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում, եւս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու եւ, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը եւ ձգտումը»,-փետրվարի 15-ին ասել էր Անկարա մեկնած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Առավոտ»-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանն արձագանքել է այս այցից բխող մի շարք հարցադրումների։
-Պարոն Մանգասարյան, Ձեր գնահատմամբ, այս փուլում որքանո՞վ է իրատեսական ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, ի՞նչ հնարավոր հեռանկարներ կնախանշեք՝ հաշվի առնելով այս առնչությամբ Թուրքիայի առաջին դեմքերի արդեն իսկ հայտնի հայտարարությունները։
-Թուրքական կողմը բարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը համաձայնեցնում է ադրբեջանական կողմի հետ։ Իսկ ադրբեջանական կողմի մոտեցումները մեզ հայտնի են՝ վերջնականապես հրաժարվել Արցախի հարցից, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» գործարկել. նաեւ սահմանազատման-սահմանագծման գործընթացին զուգահեռ՝ նրանց կողմից բարձրաձայնվում է այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջան» իրենց բնակիչների վերադարձի հարցը։ Այս փուլում այդ ամենը բխում է հենց Թուրքիայի շահից։ Արդյոք Թուրքիան կհրաժարվի՞ կամ հետքայլ կանի՞, իր շահը կստորադասի՞ ՀՀ տարբեր առաջարկներին. իմ կարծիքով՝ միամտություն է նման բան ակնկալելը, քանի որ առնվազն «Զանգեզուրի միջանցքի» գործարկումն առաջնահերթ բխում է հենց թուրքական շահից։ Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով առնվազն փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի հասնի իր նպատակներին։ Սրան գումարած՝ թուրքերն ունեն նաեւ Հայոց ցեղասպանության հարցը, որն իրենց կոկորդում է։ Այս գործընթացով եւս փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի հայկական կողմը վերջնականապես հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման իր նպատակից։ Որքան էլ հայկական կողմը տարբեր առիթներով հայտարարում է, որ թուրքերի հետ հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենում առանց նախապայմանների, իրականում հաշվի առնելով մի շարք հայտարարություններ թուրքական եւ ադրբեջանական կողմերից՝ կարող ենք ենթադրել, որ առնվազն այս փուլում կարգավորման գործընթացում տարբեր նախապայմաններ են առաջ քաշվելու նրանց կողմից։ Հաշվի առնելով այս ամենը՝ հարաբերությունների այս գործընթացում հայանպաստ հեռանկար չեմ տեսնում։
-Հայաստանի եւ Արցախի առնչությամբ այսօրվա դրությամբ ինչպիսի՞ իրավիճակներ եւ փաստեր են ուղղակի կամ անուղղակի շաղկապվում Թուրքիայի հետ, որոնք շատ քաղաքացիներ գուցե հաշվի չեն առնում կամ չեն ուզում հաշվի առնել։
Կարդացեք նաև
-Թուրքիայի հետ Արցախի առնչությամբ այնպիսի հարցեր են շաղկապվում, ինչպիսին է Լաչինի միջանցքի փակման գործընթացը։ Ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ էր Թուրքիան տիրապետում եւ ղեկավարում Ադրբեջանի ԶՈՒ-ն, այնպես էլ այս փուլում թուրքական կողմի անմիջական համակարգման տակ է այսպես կոչված «բնապահպանների»՝ Լաչինի միջանցքը փակելը։ Այդ ամենը փաստող եւ ապացուցող տեսանյութեր կան՝ սկսած իրենց հայտնի «գորշ գայլերի» ժեստերից, վերջացրած թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներով, որոնք մինչեւ այս պահը Լաչինի միջանցքում են։ Այս ամենն ապացուցում է, որ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ թուրքերը ղեկավարում էին ադրբեջանական ստորաբաժանումները, այնպես էլ հիմա թուրքական հատուկ ծառայութունները կոորդինացնում են Լաչինի միջանցքում տեղի ունեցողը։
-Ձեր կարծիքով՝ ո՞ր դեպքում Թուրքիան կգնա ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը, եւ որպես այդ շղթայի մաս՝ սահմանի բացմանը։
-Նախ, դիվանագիտական ցանկացած բլոկի հետեւում պետք է կանգնած լինի ուժեղ բանակ, որպեսզի բանակցողները վստահ լինեն եւ կարողանան հայկական շահն առաջ տանել։ Այս փուլում չեմ կարծում, որ դիվանագիտական բլոկը փայլուն հավաքական է իրենից ներկայացնում, որը կկարողանար առանց ուժեղ բանակ ունենալու՝ փորձել հայկական շահն առաջ տանել։ Թուրքական կողմը ՀՀ-ի հետ հարաբերությունների վերջնական կարգավորման կգնա այն ժամանակ, երբ իր առաջադրած նախապայմաններն իրականացվեն։ Այս փուլում հայտարարությունների մակարդակում ասվում է, որ առանց նախապայմանների է տեղի ունենում կարգավորման գործընթացը։ Եթե ենթադրենք, որ դա իրականություն է, ապա առնվազն ինչ-որ փուլում թուրքական կողմն իր նախապայմաններն առաջ է քաշելու՝ թե հայտարարությունների, թե Ադրբեջանի որոշակի գործողությունների տեսքով։ Ամեն դեպքում, ինչ-որ փուլում փորձելու են ՀՀ-ից պոկել առավելագույնը։ Վերջնական կարգավորում եթե տեղի ունենա, ապա դա նրանք փորձելու են իրագործել իրենց շահերի առաջ մղմամբ։ Այդ ամենը թույլ չտալու եւ հայկական շահն առաջ տանելու համար դիվանագետների թիկունքում պետք է ունենանք մարտունակ բանակ։
-Եւ, ձեր կարծիքով, որքանո՞վ է լեգիտիմ հետեւյալ հարցադրումը՝ «Արարատ Միրզոյանը պե՞տք է գնար Թուրքիա, թե ոչ»։
-Հարցադրումն այնքանով է լեգիտիմ, որքանով որ լեգիտիմ է հասարակության որոշակի մասի մոտ առկա մեկ այլ հարցադրում՝ ՀՀ-ն պե՞տք է օգնություն ուղարկեր Թուրքիա եւ ամեն հարմար առիթով թմբկահարեր այդ քայլը։ Այդ կարծիքն ունեցող հասարակության շերտը պետք է ընկալելի լիներ իշխանության համար, քանի որ այդ մարդիկ հիշում են, որ ոչ վաղ անցյալում թուրքական ստորաբաժանումները գնդակահարում էին մեր խաղաղ բնակիչներին 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այդ նույն մարդիկ նաեւ հիշում եւ տեսնում են, թե թուրքական ծառայությունների ձեռքով ինչպես է փակվել Լաչինի միջանցքը, եւ 120 000 մեր հայրենակիցները հումանիտար ճգնաժամի առաջ են։ Այս ամենի ֆոնին մարդկանց զայրույթն այդ հարցի հանդեպ առավել քան լեգիտիմ է։ Պետք է առնվազն ընկալելի լինի դա իշխանության եւ քաղաքական այլ դերակատարների համար։ Ինչ վերաբերում է կոնկրետ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա այցին, ապա դեռ պետք է հասկանալ, թե այն մեզ ինչ է տալու կարճաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով։ Այս փուլում տեսանելի չէ, թե հեռանկարում ինչ դրական արդյունք կունենանք եւ արդյոք դա փոքրիկ քայլ կլինի՞ հայկական շահը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջ տանելու համար։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.02.2023