Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ խորհրդի փետրվարի 20-ի նիստի օրակարգում են Հայաստանի, Ուկրաինայի և Իրանի հարցերը

Փետրվար 19,2023 22:40

Եվրամիության (ԵՄ) անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները վաղը՝ 20 փետրվարին, Բրյուսելում գումարելու են իրենց հերթական նիստը։ Նախարարների խորհրդի օրակարգում ներառված են նաև Հայաստան մեկնող դիտորդական առաքելության հարցը, Ուկրաինայի խնդիրը և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը։

Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) իր 19 հունվարի 2023 թվականի նիստում Եվրախորհրդից պահանջեց «Իսլամական հեղափոխության պաշտպան զորք»-ին ներառել ահաբեկչական խմբերի ցուցակում և, ըստ այդմ, պատժամիջոցներ կիրառել նրա անդամների դեմ։ Այդ զորքը հիմնվել է Իրանի Իսլամական Հեղափոխությունից հետո և գործունեություն է ծավալել Իրանի սահմաններից դուրս։ Եվրախորհրդարանի բանաձևերը Եվրամիության համար պարտադիր չեն և հիմա հարցը պետք է քննարկվի Եվրախորհրդում։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը մինչ այժմ վերապահություն է հայտնել այդ բանաձևի կապակցությամբ և հայտնել է, որ նման որոշման համար ԵՄ որևէ անդամ երկրի դատարանի որոշում է պետք։

Իրանի մի խումբ ընդդիմադիրներ հույս ունեն, որ նրանք Եվրախորհրդի վաղվա նիստում մասնակի հաջողություն կունենան․ փորձագետների կարծիքով ԵՄ-ն «Իսլամական հեղափոխության պաշտպան զորք»-ին չի ճանաչի որպես ահաբեկչական խումբ, բայց իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի։ Մի խումբ իրանցիներ արդեն երեք օր է, ինչ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում ցույցեր են կատարում և հիմա էլ Բրյուսելի վաղվա ցույցի համար են պատրաստվում։

Եվրակառույցներում ԻԻՀ-ի դեմ մթնոլորտ ստեղծելու գործում մեծ դեր ունեն նաև իրանական սփյուռքի ներկայացուցիչները, որոնք վերջին տարիների ընթացքում բարձր դիրքերի են հասել Եվրոպայում․ այժմ իրանցի երկքաղաքացի պատգամավորներ, նախարարներ ու քաղաքապետեր կան Շվեդիայում, Գերմանիայում, Բելգիայում ու Ֆրանսիայում։ Բրյուսելի վաղվա ցույցը գլխավորելու են Բելգիայի խորհրդարանի պատգամավոր իրանուհի Դարյա Սաֆային, Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր իրանցի Ալիռեզա Ախոնդին և նրանց քուրդ ու արաբ պաշտոնակիցները։

Իրանցի տարագիր հայրենակիցների համախմբվածությունը և գործունեությունը մտահոգում է Իրանի Իսլամական Պետության պատասխանատուներին․ այս առիթով արտահայտվել են մի շարք պաշտոնյաներ և ակնարկել են վերջին ամիսներում միջազգային ատյաններում ԻԻՀ-ի ԱԳՆ-ի ունեցած ձախողումներին։ ԱԳՆ նախկին փոխնախարար Արաղչին «Ջամարան նյուզ»-ին տված հարցազրույցում արտերկրի իրանցիների ակտիվացումը ԻԻՀ-ին հեղինակազրկելու մի մեծ խաղի մաս է համարել․ դա ազդում է երկրի արտաքին հարաբերությունների վրա և ԻԻՀ-ից հեռավորություն պահելու և կասկածամտության մթնոլորտ է ստեղծում, որի դեմը պետք է առնել․ ասել է նախկին փոխնախարարը, որն հիմա Իրանի արտաքին քաղաքականության ռազմավարության խորհրդի քարտուղարն է։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728