Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի մտերիմը՝ «Արփի լիճ ազգային պարկի» տնօրենի պաշտոնակատա՞ր

Փետրվար 19,2023 21:13

Aravot.am-ին տեղեկություններ են հասել  այն մասին, որ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել Ախուրյանի ավագանու նախկին անդամ Գևորգ Բաբուջյանին։ Հիշեցնենք, որ Մուշեղ Մուրադյանի` մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո այս պարկի տնօրենի պաշտոնը թափուր է մնացել։

Տնօրենի պարտականությունները մինչ մրցույթ հայտարարելը պաշտոնապես դրվել են պարկի 8 տարվա տնօրենի տեղակալ Արտակ Ֆարզադյանի ուսերին։

Մեր խմբագրությանը հասած տեղեկություններով, մինչ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը որոշել են պաշտոնակատարին փոխել ու նշանակել Գևորգ Բաբուջյանին։

Մեզ ահազանգ էր հնչել այն մասին, որ վերջինս այս պարկում աշխատելու որևէ փորձ չունի, բացի այդ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Բաբուջյանին սնանկ է ճանաչել, իսկ համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի՝  սնանկ ճանաչված անձը իրավունք չունի պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվել։

Ըստ սույն օրենքի հոդված 16-ի (այն վերնագրված է «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվելը և ազատվելը») 3-րդ կետի՝ Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե «Դատական կարգով նրա ղեկավարած պետական կազմակերպությունը  ճանաչվել է սնանկ, կամ այն ունի դատական կարգով որոշված և դատարանի կողմից համապատասխան վճիռն ընդունելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իր մեղքով չկատարված գույքային պարտականություն»։

Մենք ճշտեցինք, որ Գևորգ Բաբուջյանը սնանկ է ճանաչվել 2018 թվականի հունվարի 29-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի կողմից։ Մեր ձեռքի տակ է վճիռը, «Ինեկոբանկ ՓԲԸ»-ն է դիմում ներկայացրել դատարան՝ Գևորգ Բաբուջյանին սնանկ ճանաչելու պահանջով։

Չհրապարակելով մանրամասներ՝ նշենք միայն, որ, ըստ դատարանի որոշման, նա թույլ է տվել պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման կետանց, ինչի արդյունքում նրա պարտքը բանկին 2017 թվականին կազմել է 71․680․87 ԱՄՆ դոլար, բնականաբար ներառյալ տոկոսագումարը, տույժը։

Ախուրյանից մեզ տեղեկացրին, որ Գևորգ Բաբուջանյանը գյուղատնտեսությամբ է զբաղվում, զբաղվել է նաև անասնապահությամբ, ֆերմեր է, ակտիվ երիտասարդ է։ Տարբեր շրջանակներից մեզ նաև տեղեկացրեցին, որ նա մոտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Մենք այս տեղեկությունների իսկությունը փորձեցինք ճշտել հենց Գևորգ Բաբուջյանից։ Նախ հետաքրքրվեցինք, թե իրակա՞ն են «Արփի լիճ ազգային պարկում» նրա նշանակման մասին մեզ հասած տեղեկությունները։ Ի դեպ, ըստ այդ տեղեկություններ, վաղը կամ մյուս օր պատրաստվում են նրա հրամանը տալ։ Հարցրեցինք նաև նրա դատարանով սնանկ ճանաչվելու մասին։

Գևորգ Բաբուջյանը նշեց՝ երբ լինի պաշտոնական տեղեկատվություն, բոլոր լրատվամիջոցներն էլ կտեղեկանան, պարզ կդառնա։

Մյուս հարցերի շուրջ նա գերադասեց խոսել ավելի  ուշ՝ ասելով, որ չի խուսափում լրագրողների հետ շփումից, մեծ ուրախությամբ կպատասխանի մեր հարցերին։ Նա նաև ասաց, որ իրեն բոլորն են ճանաչում, իր կենսագրությունը մաքուր է, ինքը հայրենասեր անձ է։

Մենք, բնականաբար, կլսենք Գևորգ Բաբուջյանին, սակայն նրա նշանակվելու դեպքում կակնկալենք Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումն առ այն, թե ինչպե՞ս են օրենքի կոպտագույն խախտմամբ պաշտոնի նշանակում։

Նշենք, որ «Արփի լիճ ազգային պարկի» տնօրենի պաշտոնի շուրջ բոլոր ժամանակներում ինտրիգներ են ծագել, շատերն են ձգտել այդ պաշտոնին, Aravot.am-ը մշտապես է անդրադարձել այդ թեմային։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Banks. am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728