Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ օրերս զիջման հերթական ականատեսն ենք լինելու եւ հենց Արայիկ Հարությունյանի ձեռքով. Մետաքսե Հակոբյան

Փետրվար 19,2023 20:46

«Վաղը արցախյան շարժման 35 ամյակն է, հուսով եմ՝ գոնե այնքան սրբություն կունենան, որ այդ օրը թույլ կտան, որ մենք հիշենք այդ օրվա  խորհուրդը եւ գոնե ինչ-որ մի բան կարողանանք վերապրել այդ 35  տարվա հետ կապված: Բայց վստահ եմ, որ 35 ամյակից հետո մեզ շատ լուրջ իրադարձություններ են սպասվում Արցախում, եւ այսօրվա Արայիկ Հարությունյանի այդ գրառումը հենց դրա մասին էր ազդարարում: Վստահ եմ՝ համենայնդեպս, արցախանպաստ չեն լինելու այդ քայլերը, եւ մենք հերթական զիջումների ականտեսն ենք լինելու հենց Արցախի ձեռքով:

Վաղուց արդեն օրինաչափ  է դարձել, որ ՀՀ իշխանությունները Արցախին վնասող բոլոր գործողություններն անում են հենց Արցախի իշխանությունների ձեռքով: Մոտ օրերս նման զիջման հերթական ականատեսն ենք լինելու եւ հենց Արայիկ Հարությունյանի ձեռքով: Մեզ հաշված օրեր են մնացել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառմանը:

Արցախի նախագահն այսօր իր գրառման մեջ հայտնել էր  Արցախի Հանրապետության առջև ծառացած կարևորագույն հրամայականների՝ ներքին համերաշխության ու միասնականության խնդիրների, հանրության շրջանում ձևավորված դժգոհության ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտի մասին, ինչպես նաեւ հայտնել էր Արցախի Հանրապետության տարբեր շրջանների ներկայացուցիչներից կազմված նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու պահանջ-առաջարկի մասին՝ հայտնելով պատրաստակամություն այդ գաղափարն իրացնելու հարցում:

Պատգամավորի խոսքով, Արայիկ Հարությունյանն ամենից շատ է խոսում միասնականության մասին, բայց ամենամեծ պառակտիչ դերակատարությունն իրենն է. «Խոսելով նման թեմաներից, ստեղծելով նման մարմիններ՝ Արայիկ Հարությունյանն ուղղակի քանդում է պետությունը: Իր գործելաոճը պետականության կործանման օրակարգն է: Արցախում, որպես այդպիսին չկա իշխանություն, Արցախում, ինչպես եւ Հայաստանում՝ կա մեկ անձ: Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյան, Արցախում՝ Արայիկ Հարությունյան»:

Պատգամավորը վստահեցնում է՝ Արցախում  նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու հանրային պահանջ չկա, հերթական կեղծ օրակարգն է առաջ քաշվում. «Երբ նման առաջարկներն ու պահանջներն ընդունվում է նախագահի կողմից, նշանակում է, որ նախագահն ընդունում է, որ ինքն այլեւս լեգիտիմ չէ: Չկա իր ու իր կառավարության հանդեպ վստահություն… Այս «հանրային պահանջը» չի կարող լինել հանրային եւ չկա այդպիսի հանրային պահանջ, սա մեկ-երկու անձի ձեւակերպումն է, որը ներկայացվում  է հանրային պահանջի քողի տակ… Շատ ավելի լուրջ վտանգ կա իր այդ գործողություններում, օրինակ՝ երբ նման մարմիններ են ստեղծվում, անընդհատ ազատումներ ու նշանակումներ է անում, խոսում թշնամու կողմից Արցախում ցեղասպանություն իրականացնելու մտադրության մասին կամ կեղծ օրակարգեր է առաջ բերում: Մասնավորապես՝ վերջին օրերին հաճախ ենք լսում, թե դրսում միայն իրեն են տեսնում նախագահ, իհարկե, ոչ մեկ չգիտի, թե այդ ո՞ր դրսի մասին է  խոսքը եւ ինչպես պետք  ճշտել՝ իրականությո՞ւն է, թե՞ ոչ: Կամ թե պետք է զոհենք պետնախարարին, որ բացվի ճանապարհը, դրանք բոլոր կեղծ թեզեր ու կեղծ օրակարգեր են: Շատ հաճախակի նման բաներ նաեւ Նիկոլ Փաշինյանն է անում, որ հասարակությանը շեղի իրականությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728