Մարիոթ հյուրանոցում այսօր «Կարիերայի հանգստյան օրեր» նախաձեռնության շրջանակում աշխատանքի տոնավաճառի երկրորդ օրն էր, որտեղ 30-ից ավելի ընկերություններ ու կազմակերպություններ շուրջ 300 աշխատատեղ էին առաջարկում արդեն ՏՏ-ից դուրս ամենատարբեր ոլորտներում․ սկսած ռեստորանային եւ հյուրանոցային բիզնեսից, մինչեւ տուրիզմ եւ սնունդ, ավիացիայից՝ մեդիա, բանկային գործից՝ ապահովագրություն, կրթությունից՝ շինարարություն եւ այլն։
Նախաձեռնության հեղինակներից ու կազմակերպիչներից move2 Armenia-ի համահիմնադիր Գարիկ Գեւորգյանն Aravot.am-ին ասաց․ «Այս նախաձեռնության գաղափարը ծնվեց 2022 թվականի հունվարին։ Ավելի վաղ մենք երեք ընկերներով երկար տարիներ Հայաստանից դուրս ապրելուց հետո ընտանիքներով վերադարձել էինք հայրենիք եւ մշտական բնակություն հաստատել։ Եվ քանի որ արտերկրում մենք միշտ սոցիալական հարթակներում ակտիվ էինք Հայաստանի հետ կապված բոլոր հարցերում, մտածում էինք՝ ինչ անել։ Կապ հաստատեցինք Ռուբեն Վարդանյանի հետ։ Մեր մտքերին ու գաղափարներին նա դրական արձագանքեց եւ միասին հիմնեցինք move2 ARMENIA-ն։ Դա ի սկզբանե մի պրոյեկտ, հարթակ էր, որն օգնելու էր հայրենադարձությանը, արդեն հայրենադարձված եւ վերադառնալ պլանավորող հայերին ու ոչ միայն նրանց։ Եվ երբ 2022 թվականին սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, հոսքը Հայաստան բազմապատկվեց։ Հայերից բացի Հայաստան եկան նաեւ տասնյակ հազարավոր օտարերկրյա քաղաքացիներ։ Եվ հասունացավ նաեւ նրանցով զբաղվելու, աջակցելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք էլ այստեղ հիմնավորվեն, բնակություն հաստատեն, որպեսզի մեր Հայաստանը նրանց համար չդառնա տարանցիկ երկիր։
Սկսեցինք կազմակերպել կարիերայի, աշխատանքի տոնավաճառները։ Մինչ այդ Հայաստանում նման բան չէր եղել, եւ մեր նախաձեռնությունը շատ հանրամատչելի դարձավ։ Սա արդեն չորրորդ նմանատիպ միջոցառումն է, որոնց միջին մասնակցությունը եղել է 2000+։ Մեր միջոցով ավելի քան 1100 մարդ այս մեկ տարվա ընթացքում աշխատանք է գտել։ Սկզբում կազմակերպում էինք ՏՏ ոլորտի համար։ Բայց հասկացանք, որ աշխարհը միայն ՏՏ ոլորտով չի ավարտվում։Այսօր աշխատանքի տոնավաճառ կազմակերպել ենք տարբեր մասնագիտությունների համար՝ միմյանց կապելով աշխատանք որոնողներին եւ աշխատանք առաջարկող գործատուներին։ Կարծում եմ, հաջող նախաձեռնություն է ստացվում։ Ինքներդ եք տեսնում երկու կողմերի ակտիվությունը։ Ակնկալում ենք առնվազն 1500-ից ավելի մարդկանց մասնակցություն։ Համենայն դեպս այդքան մարդ արդեն գրանցվել ու անձնական տվյալները թողել է։ Ի դեպ, այդքան մարդ կար նաեւ երեկ՝ ՏՏ ոլորտի աշխատանքի տոնավաճառում։ Եթե հայտ ներկայացրածների մի որոշ մասը գտնի իր փնտրած աշխատանքը եւ մնա Հայաստանում, մենք մեզ բավարարված կզգանք»։
Կարդացեք նաև
Գարիկ Գեւորգյանը պատմեց նաեւ, թե ինչպես են «գտնում» գործատուներին։ «Բավականին ծավալուն աշխատանք է տարվում։ Սկզբում գովազդային իրազեկում ենք իրականացնում, հետո արդեն անմիջական կապ ենք հաստատում կազմակերպությունների հետ։ Նրանք էլ են մեզ դիմում։
Մեր ընկերությունը նաեւ այլ նախագծեր է իրականացնում։ Դրանցից մեկն էլ «Արմ Մարկետ» նախագիծն է, որի երկրորդ միջոցառումը կլինի Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի Արամի այգում։ Երկու օր լինելու է Հայաստանում գտնվող փոքր բրենդների արտադրության ապրանքների ցուցադրություն եւ վաճառք։ Նախորդ անգամ մի մեծ անկյուն տրամադրել էինք Արցախին։ Շատ հետաքրքիր էր։ Հուսանք՝ այս շրջափակումը ժամանակավոր է, ճանապարհը կբացվի ու կրկին Արցախը կներգրավենք։
Ուզում եմ Արցախի հետ կապված նշել մի շատ կարեւոր բան։ Մինչեւ շրջափակումը առաջին տոնավաճառում մենք մի առանձին հարթակ էինք ստեղծել, որտեղ ցուցակագրում էինք նաեւ այն մարդկանց, որոնք ուզում էին տեղափոխվել եւ աշխատել Արցախում։ Ճշգրիտ թիվը հիմա չեմ կարող հիշել, բայց 160-ից ավելի մարդ նման ցանկություն հայտնել էր։ Ու մի որոշ տոկոսը ռուսներ էին։ Նրանց հետ արդեն սկսել էինք համագործակցել։ Ցավոք, շրջափակումը ծրագրերը հետաձգվեց։ Հուսանք, որ դա կարճ կտեւի»,-ասաց նա։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ