Փետրվարի 19-ին, ժամը 18.00-ին լրացավ մարտի 26-ին կայանալիք Սիսիան համայնքի ավագանու համամասնական ընտրություններում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացնելու ժամկետը։
Ինչպես Aravot.am-ին հայտնեց թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը, սահմանված ժամկետում համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է 3 քաղաքական ուժ։ Եվ այսպես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Սիսիան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականում Սիսիանի էլցանցի տնօրեն Ջիվան Մարգարյանն է, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակի առաջին համարն Ավագ Ասատրյանն է։
Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերի 29-ին, կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել էին Սիսիան համայնքի ավագանու լիազորություններ։ Կառավարության հիմնավորման մեջ նշված է՝ 2022թ. սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում կայացած համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների արդյունքում օրենքով նախատեսված նվազագույն ընտրական շեմը հաղթահարած «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունների ավագանու անդամներն ու թեկնածուները հրաժարվել են մանդատներից ու արդյունքում ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել էին ավագանու թվով 10 անդամ:
Հետաքրքիր է, որ նախորդ տարի Սիսիանում ընտրապայքարի մեջ էին 7 քաղաքական ուժ։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ