Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիների նպատակը մեզ Արցախից հանելն է, բայց մենք դուրս չենք գալու»․ արցախցիները՝ ԵԽԽՎ պատվիրակներին (ֆոտոշարք, տեսանյութ)

Փետրվար 19,2023 15:12

«Ռուսն որ ուզեր՝ ճանապարհը կբացվեր, մենք էլ կհասնենք մեր տները»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենի ու Բորիանա Օբերգի հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեցին Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով, մոտ 3 ամիս Գորիսի հյուրանոցներում ժամանակավորապես ապաստանած արցախցիները։

Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին ԵԽԽՎ համազեկուցողները փաստահավաք առաքելությամբ Սյունիքի մարզում էին։ Նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ միասին՝ նրանք, նախ հանդիպեցին արցախցիների հետ, ապա այցելեցին Բերձոր՝ համոզվելով, որ դեպի Արցախ տանող ճանապարհը փակ է։

 

27-ամյա Սասունի խոսքով՝ ինքը լավ գիտի Արցախ տանող բոլոր կածանները ու եթե մենակ լիներ՝ կհասներ տուն։ «Կնոջս ու երեխայիս հետ եմ, մյուս երեխաս Ստեփանակերտում է։ Կարմիր Խաչը ասում է՝ կտանեմ, բայց անձնագրերը պիտի ուղարկեք Բաքու, տվյալները գրանցեն, նոր որոշեն՝ թույլատրում են տեղափոխել թե չէ։ Ի՞նչ գործ ունեն իմ անձնական տվյալները Բաքվում»,-ասում է Սասունը։

Համազեկուցող Կիմմո Կիլյունենը հետաքրքրվեց՝ ի՞նչ են մտածում արցախցիները, կարո՞ղ են ապրել  կողք-կողքի՝ ադրբեջանցիների հետ կամ ինքնավար մարզի կարգավիճակով։ Հանդիպմանը մասնակից ավագ տարիքի արցախցիները պատմեցին, որ Խորհրդային Միության տարիներին էլ էին վախով ապրում։ «Երեխաներին տանում էինք դպրոց, հետո գնում՝ հետ բերում, միշտ ուշադիր էինք։ Ու չնայած այդ տարիներին միջազգային լեզուն ռուսերենն էր, բայց մենք ադրբեջաներեն էինք խոսում»,-ասացին նրանք։

Արցախցիները նաեւ դեմ էին ինքնավար մարզի կարգավիճակին։ «Նրանք մուսուլման են, եթե դպրոցից իրենց երեխաներին սովորեցնում են, որ հայը իրենց թշնամին է, հայերին մորթել է պետք, պղծում են գերեզմանները եւ այդ ամենը տարածում համացանցում, ո՞նց ապրենք նրանց հետ»,-ասում է երեք երեխաների մայր Ալինան։

«Ադրբեջանցիների նպատակը մեզ Արցախից հանելն է, բայց մենք դուրս չենք գալու։ Լավ, թող բլոկադան մի տարի տեւի։ Դրանից վատ օրեր էլ ենք տեսել։ Կդիմանանք»,-ԵԽԽՎ պատվիրակներին ասացին արցախցիները։ Վերջիններս հայտարարեցին, որ չեն մնալու Հայաստանում եւ րոպե առաջ ցանկանում են հասնել իրենց տուն։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728